RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



ՌԱԿ

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:34 (GMT +04:00)


Ընթերցված է` 2037, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 81

ՄՏԱՎՈՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍԵԼԻՔ ՈՒՆԻ, ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ` ԼՍԵԼԻՔ

Հ. ԱՖՅԱՆ

Երկուսն էլ անելիք ունեն

Եթե դիտարկենք, որ քաղաքական գործիչն ու մտավորականը ամեն ինչից բացի նաեւ խնդիրներ լուծողներ են, ապա քաղաքական գործչի պարագայում այդ խնդիրներն ավելի շատ ժամանակային կլինեն, իսկ մտավորականը ոչ միայն ժամանակի, այլեւ ապագայի խնդիրները լուծողն է: Հենց այս պատճառով էլ ե՛ւ ժամանակին, ե՛ւ ապագայում խնդիրներ հնարավորինս քիչ ունենալու համար (առհասարակ խնդիրներ միշտ են լինելու) խիստ կարեւոր են քաղաքական գործիչ-մտավորական գործակցությունը, կապը, առհասարակ քաղաքական դաշտի, հատկապես իշխանության եւ գիտական ոլորտի փոխադարձ հարգանքն ու միմյանց լսելի լինելու ունակությունը:

Հուսանք, որ գալիք հինգ տարիներին մեր երկրում կկայանա այս անհրաժեշտ գործակցությունը, ինչի նպատակով էլ երեկ Թեքեյան կենտրոնում, Ռամկավար ազատական կուսակցության նախաձեռնությամբ տեղի ունեցավ քննարկում «Հայաստանի Հանրապետությունը առաջիկա հինգ տարում» խորագրով: Քննարկմանը հրավիրված էին ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ-ում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, այլ գործիչներ, մտավորականներ:

Ինչպես Գալուստ Սահակյանն ընդգծեց, այդ «շատ հաճելի միջավայրում» ակնհայտ դարձավ, որ մտավորականությունը նման հանդիպումների, քննարկումների կարիք ունի, ասելիք` իշխանությանը, ընդ որում` սկսած անձնական, մտավորականների կենսապայմաններին վերաբերող հարցերից, մինչեւ առանձին ոլորտային եւ ընդհանուր հայեցակարգային հարցեր: Օրինակՙ գրող-հրապարակախոս, թարգմանիչ Բաբկեն Սիմոնյանին հետաքրքրում էր, թե կա՞ արդյոք շրջանառության մեջ հատկապես որեւէ տեղ չաշխատող մտավորականներին թոշակ տրամադրելու հարցը եւ կամ արտագաղթը, ինչպես Սիմոնյանն ինքը որակեցՙ «այդ չարիքը» կանխելու ռազմավարություն:

ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն իր հերթին առաջարկությամբ հանդես եկավ, որպեսզի բուհական համակարգը եւս, Գիտությունների ակադեմիայի օրինակով, ընդգրկվի սոցիալական փաթեթում, ԳԱԱ-ի օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատող, ՌԱԿ վարչության անդամ Մեսրոպ Հարությունյանն առաջարկեց, որ ԳԱԱ-ն ունենա նախագահ, երկու փոխնախագահներ` հասարակական հիմունքներով աշխատող, իսկ կրթության, գիտության ոլորտի այն մի շարք կոմիտեները, հիմնարկները, որոնք այսօր կան, լուծարվեն, փոխարենը խնայված միջոցները տրամադրվեն կոնկրետ ոլորտային ինստիտուտներին: Նա բարձրացրեց նաեւ գիտական աստիճան ունեցողներին վճարվող հավելավճարների հարցը: Նրա ասելով, առաջիկայում կիրառվելիք հարկային նոր կարգի պայմաններում այդ հավելավճարները չեզոքանալու են: «Ումո՞վ ենք գնում դեպի ապահով Հայաստան, եթե ոչ գիտնականներով», իր հերթին ընդգծեց Գրիգոր Մնացականյանը :

ՀՀԿ փոխնախագահն իր հերթին շեշտեց. «Ապահով Հայաստան նշանակում է կոռուպցիայի ու արտագաղթի չլինելը, դա ուղղորդող գործընթաց է բոլոր քաղաքական ուժերի համար, եւ որին պետք է հետամուտ լինենք բոլորս...»: Առաջիկա հինգ տարիների առումով Գալուստ Սահակյանն ընդգծեց նաեւ, որ «մենք լավ մտավորականություն ունենք եւ լավ երիտասարդներ»: Իր հերթին Մանկավարժական համալսարանի քաղաքագիտության ամբիոնի ղեկավար Լեւոն Շիրինյանն ասաց. «Հայաստանում գալիք հինգ տարիների ընթացքում պետք է սկսվի արդիականացման գործընթաց` հիմնված ազգային արժեհամակարգի վրա, այս առումով մտավորականները պետք է օգնեն իշխանություններին, եթե վերջիններս դրա ցանկությունն ունենան»: Այլ ոչ թե, ինչպես ԵՊՀ-ն ներկայացնող պատմաբան Էդվարդ Զոհրաբյանը նկատեց. «Մտավորականներին հիշում են միայն ընտրությունների ժամանակ, իսկ ընտրություններից հետո մոռանում»: Եվ որպեսզի այսպես չլինի, տեխնիկական գիտությունների թեկնածու Սամվել Թադեւոսյանը գալիք հինգ տարիների համար առաջարկեց. «Պետական պահանջատիրության ուժեղացում` բոլոր ինստիտուտների նկատմամբ, պետական օժանդակության ապահովում եւ մրցակցային դաշտի ստեղծում»: «Միայն թե այսօր միայն խոսակցությամբ չվերջացնենք», հայտարարեց ակադեմիկոս, գյուտարար Պողոսյանն ու հավելեց. «Իհարկե, միանշանակ, պետք է նախագահ լինի Սերժ Ազատիչը, բայց մենք պետք է ունենանք քննադատական մոտեցումներ»:

Գալուստ Սահակյանը նկատեց, որ «Ավելի լավ է էստեղ լինեն սուր քննադատությունները, միեւնույն է, դրանք պատերի տակ են լինում»: Իսկ առհասարակ, ՀՀԿ փոխնախագահը ողջ քննարկման ժամանակ միայն մեկ անգամ ելույթ ունեցավ, ու հիմնականում լսում էր... մտավորականությանը, փաստելով, որ իշխանությունը մտավորականներին լսելու կարիք ունի, դրա անհրաժեշտությունն ուղղակի կա: Վերջինս էլ խոսելու, արտահայտվելու, այո, քննադատելու, առաջարկելու, նախաձեռնելու կարիքն ունի, եթե չասենք` առաքելությունը: Հետեւաբար, ինչպես ՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն ընդգծեց, նման հանդիպումներն ու քննարկումները շարունակական կլինեն, հետագայում դառնալով առավել ոլորտային, երբ տվյալ ոլորտի պատասխանատուն կհրավիրվի ոլորտի մասնագետների հետ հանդիպում-քննարկման:

ՌԱԿ ատենադպիր Սուրեն Սարգսյանը , որը վարում էր քննարկումը, իր հերթին հավելեց, որ մտավորականների առաջարկությունները ոլորտի պատասխանատուներին, առավել առարկայան լինելու համար, կլինեն նաեւ գրավոր ձեւակերպված, օրինակՙ պատմաբան Աշոտ Ներսիսյանը լուրջ առաջարկություններ ունի արտաքին քաղաքականությանՙ Ցեղասպանության եւ Արցախի հիմնահարցի վերաբերյալ... «Մենք հավատում ենք մեր գործընթացներին եւ մեր թեկնածուին, եւ առաջիկա հինգ տարիներն ամենաբարեկեցիկն են լինելու», ասաց Գալուստ Սահակյանը իր ելույթում: Հուսանք, որ առաջիկա հինգ տարիներին եւ դրանցից հետո էլ մենք ժամանակի ու ապագայի քիչ խնդիրներ կունենանք, իսկ նման քննարկումներ, հանդիպումներ` շատ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ