RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 1349, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 49

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱՀՈԳ Է, ԹՈՒՐՔԻԱՆ ԻՆՔԸ` ԱՆՀԱՆԳԻՍՏ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Ստամբուլի Սամաթիա շրջանի հայության մասին խոսելիս թերեւս ճիշտ կլինի ասել` Պոլսի Սամաթիա շրջանի հայեր, որոնք այս օրերին բավականին լարված, մտահոգ իրավիճակում են: «Ազգը» նախորդ համարներում անդրադարձել է, որ Սամաթիայում բնակվող ազգությամբ հայ երկու կին սպանվել են, պատճառը` ավազակային, էթնիկ հողի վրա կատարված հարձակումն էր...

Երեկ Երեւանում, հանդիպելով լրագրողներին, ՀՅԴ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը տեղեկացրեց, որ Սամաթիայում հայությունը բավականին մտահոգ է, անգամ հայերի տների վրա խաչեր են նշմարվում, ինչպես Ցեղասպանությանը նախորդող ժամանակահատվածում, եւ Ցեղասպանությունն իրագործելուն նախապաստրաստվելիս. «Կիրակնօրյա պատարագներից հետո պատարագիչ քահանան հորդորում էՙ ծերերին ճանապարհել մինչեւ տները», ասաց Մանոյանը:

Անցյալ դարի սկզբներից եկած ու 21-րդ դարում դեռեւս պահպանված այս մտահոգությունները նույնականացվում են, քանի որ, ինչպես գրեթե հարյուր տարի առաջ, այնպես էլ այսօր Թուրքիայի ղեկավարության կողմից որեւէ դատապարտող հայտարարություն մինչեւ օրս չի հնչել: Հավանաբար թուրք իշխանությունները զգուշանում են որեւէ հայտարարություն անելուց, քանի որ եթե ազգությամբ հայերի դեմ իրագործված հարձակումները նրանք դատապարտեն, ապա դրանով իսկ կընդունեն, որ այդ հարձակումները հենց ազգությամբ հայերի դեմ են իրագործվել վերջիններիս միայն հայ լինելու պատճառով, իսկ սա արդեն ոչ միայն ապացուցում է հարյուր տարի առաջ իրագործված Ցեղասպանությունը, այլեւ ցույց տալիս, որ Թուրքիայում այսօր էլ նկատելի են ցեղասպանության, էթնիկ հողի վրա հանցագործության հիմքեր ու օրինակներ: Մյուս կողմից, թուրքական պետությունն ինքը իր քաղաքականությամբ նպաստում է երկրում հայատյացության պահպանմանը, օրինակՙ Հրանտ Դինքին չարաբաստիկ 301-րդ հոդվածով դատապարտած դատավոր Մեհմեդ Նիհաթ Օմերօղլուն թուրքական Մեջլիսի ընդհանուր 251 պատգամավորներից 223-ի հավանությամբ ընտրվեց Թուրքիայի մարդու իրավունքների պաշտպան...

Սա, մյուս կողմից, սակայն, նշանակում է Անկարայի անհանգստությունը` մասնավորապես կապված Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, այդ ժամանակաընթացքում հայության իրագործելիք ծրագրերի ու միջոցառումների հետ: Ինչպես Մանոյանն է ընդգծում. «Թուրքիան այսօր անհանգստացած է ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին ճակատներում», մասնավորապես ամենեւին պատահական չէ, որ թուրքական քաղաքներում հայտնվում են փողոցներ Թալեաթի անունով, հատկապես այն շրջաններում, որտեղ ազգությամբ հայ բնակիչներ են ապրում:

Ու եթե մեզանից շատերի համար տարակուսելի է դեռեւս, թե ինչո՞ւ 21-րդ դարի Թուրքիան չի ընդունում Ցեղասպանության փաստը, ապա նշենք, որ 21-րդ դարի Թուրքիայում... պարզապես Թալեաթ փաշայի անունով փողոցներ դեռ կան, ստեղծվում են:

Նույնըՙ Ադրբեջանում, գրող Աքրամ Այլիսլիի, ավելի ճիշտՙ վերջինիս ականջի համար «Նոր Մուսավաթ» կուսակցությունը խոստացել է 10 հազար մանաթ (շուրջ 13 հազար դոլար): Պետությունը ոչ միայն չի դատապարտել այս ըստ էության հանցավոր, հանցագործության մղող «կուսակցական» պահանջը, այլեւ ինքը` զրկելով գրողին պետական տարբեր կոչումներից, մասնակիցն է այս հանցավոր պահանջին, ինչն արդեն իսկ հանցագործություն է: Այս առումով նկատենք, որ հատկապես Իսմայիլի շրջանում վերջերս տեղի ունեցած իրադարձություններից հետո, չի բացառվում, որ ադրբեջանական իշխանությունները «գրողի ականջ» գործողությունը ձեռնարկել են հասարակության ուշադրությունը ներքին հարցերից շեղելու համար, ինչն իր հերթին չի բացառում հավանականությունը, որ որքան մոտենան Ադրբեջանում գալիք հոկտեմբերին նախանշված նախագահական ընտրությունները, այնքան կարող է լարվել իրադրությունը շփման գծում, այլ կերպ ասած` արտաքին թշնամու հետ, շեղելու ուշադրությունը ներքին թշնամիներից ու թշնամությունից:

Այս համատեքստում հատկապես միջազգային ասպարեզում լայն հնչեղություն չի՞ ստանա, որ Հայաստանը, իսկ գուցե ավելի նպատակահարմար կլինիՙ Արցախի անկախ հանրապետությունը քաղաքական ապաստան երաշխավորի գրող Աքրամ Այլիսլիին, դրանով իսկ ցույց տալով, որ հայկական զույգ պետություններում, հայ հասարակության մեջ «ադրբեջանաատյացություն» չկա (անգամ այդ բառը չկա), բացի դրանիցՙ ցուցաբերելով խիստ մարդասիրական քայլ` պաշտպանել գրողին հայրենի իշխանության, ծայրահեղաբար, արկածախնդրորեն տրամադրված հասարակության մի շերտի հալածանքներից ու հավանական հարձակումներից...

Ինչեւէ, Սամաթիայի եւ ողջ Թուրքիայի հայությունը, Հայաստանի Հանրապետությունն ու Սփյուռքը, ինչպես նաեւ Արցախի Հանրապետությունը, կարող ենք, անշուշտ, մտահոգվել, սակայն այդ մտահոգությունը զգոնության պետք է բերի, ոչ թե անհանգստության. անհանգստանում են մեղավորները, հետեւաբար անհանգստությունն այլ հասցեատերեր ունի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ