RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2217, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 51

ՊԱՐՈՒՅՐ ՀԱՅՐԻԿՅԱՆ. «ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ԽԱՆԴՈՒՄ Է, ՈՐ ԻՐ ՎՐԱ ՉԵՆ ԿՐԱԿԵԼ»

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայրիկյանը կողմ է երկրում կայուն իրավիճակին»: Վերջին երկու շաբաթվա հանրապետության թիվ մեկ newsmaker Պարույր Հայրիկյանը երեկ հենց այսպիսի հայտարարությամբ սկսեց իր ասուլիսն ու կարծես թե վերջակետ դրեց իր շուրջը ծավալվող գործընթացներին: Ասուլիսում Հայրիկյանը չզլացավ եւ պատասխան տվեց բոլոր այն քաղաքական գործիչներին, ովքեր բացասական նոտայով էին անդրադարձել իրեն: «Որքան էլ ես լավատեսորեն եմ տրամադրված, բայց քարոզարշավից դուրս մղվեցի, չնայած չեմ ուզում դա ողբերգության վերածել», ասաց Հայրիկյանըՙ արդարացված համարելով Սահմանադրական դատարան դիմելու հետ կապված բոլոր խոսակցությունները: Հայրիկյանը խոստովանում է, որ ունի մեղքի բաժին, քանի որ հանգամանորեն չի բացատրել:

«Ես ասել էի, որ դիմելու եմՙ չբացառելով, որ կարող եմ հետ վերցնել: Նախապատվություն տվեցի կայուն իրավիճակին»: ԱԻՄ առաջնորդը հավաստիացնում է, որ անհայտ ուժերը ցանկանում են բնականոն ընթացքը խախտել, բայց ինքը կարողացավ ճիշտ պահին ճիշտ որոշում կայացնել: Հայրիկյանի խոսքերովՙ մեկ այլ հանգամանք էլ գոյություն ունի: Եթե նա հետաձգեր ընտրությունները, ապա դրանով զոհասեղանին կդներ Անդրիաս Ղուկասյանի կյանքը:

«Բագրատյանն էլ ասում էՙ դու պարտավոր ես դիմել, դու չդիմես Սահմանադրական դատարան, ես կդիմեմ, մինչեւ ժամը 12-ը: Ես էլ ասացիՙ շատ ես ուզումՙ դու դիմի: Բանուգործ չունես, Հրանտ, եթե դու ընդդիմադիր ես, քո միակ խնդիրն իշխանության դեմ պայքարելն է»: Հայրիկյանն առաջարկեցՙ իրեն չստիպել խոսել Բագրատյանի մասին, քանի որ նա իր թիմակիցներին դավաճանել է, Լեւոն Տեր-Պետրոսյանին չի էլ հարցրել, թե ի՞նչ կարծիքի է իր թեկնածությունը դնելու մասին: Նա վստահ է, որ միասնական թեկնածուի գաղափարն իրականություն չդարձավ, որովհետեւ մյուս թեկնածուները խանդից ու բարդույթից վրդովված իր հրապարակային առաջարկն անվանեցին գաղտնիքների բացահայտում: Ինքըՙ Հայրիկյանը շատ բան ունի ասելու, նրան վրդովեցրել է փաստը, որ հիվանդանոց են այցելել ու կրծքից վիրավորված թեկնածուին ասել, որ դեռ պետք է պարզենՙ դա մահափորձ է, թեՙ ոչ: Հայրիկյանի համար աբսուրդ է նման հարցի քննարկումն ու բարձրաձայնումն ընդհանրապես: Թեպետ թեկնածուն դուրս է գրվել հիվանդանոցից, սակայն լիարժեք չի ապաքինվել: Հենց դա է պատճառը, որ քարոզարշավ չի կազմակերպի եւ մարզերում հանդիպումներ չի ունենա: Սակայն կօգտագործի համացանցն ու եթերաժամանակը: Թեպետ ընտրություններին մնացել է մի քանի օր, Հայրիկյանը հույսը չի կորցնում, որ դեռ կա ժամանակ իրավիճակը փոխելու:

Հայրիկյանն ասաց, որ էպոսագետ Վարդան Սեդրակյանին չի էլ ուզում նկատել կամ նրան ինչ-որ բան ասել: Հիշեցնենք, Սեդրակյանն ասել էր, որ իր մեքենան Հայրիկյանի կյանքից թանկ է: ԱԻՄ առաջնորդը հիշեց նաեւ ՀՅԴ բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հայտարարությունը. «Արա՛, դուք ո՞վ եք, որ ձեր վրա կրակեն»: «Վահան Հովհաննիսյանը խանդում է, որ իր վրա չեն կրակել», ասաց Հայրիկյանըՙ հավաստիացնելով, որ կրակոցն իր վարկանիշը ոչ թե բարձրացրեց, այլ իջեցրեց:

Մեր խորին համոզմամբՙ Հայրիկյանի վարկանիշն ընկավ ոչ թե կրակոցի պատճառով, այլ իր անորոշ կեցվածքի, վիրահատարանից դեպի մամուլի սրահ վազելու, չկողմնորոշվելու եւ անլուրջ քաղաքական գործչի տպավորություն թողնելու հետեւանքով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ