RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#015, 2013-02-09 > #016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-02-12 23:27:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2811, Տպվել է` 102, Ուղարկվել է էլ.փոստով` 104

ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՈՐՈՇԵՑԻՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆԵՐԻՆ

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վերջնագիծը հատեց բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը, որը նվիրված էր հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի կոմիտեի հիմնադրման 90-ամյակին: Քաշային 10 կարգերում հանրապետության չեմպիոնի տիտղոսը վիճարկեցին 88 բռնցքամարտիկներ: Մրցաշարին մասնակցեցին գրեթե բոլոր ուժեղագույնները: Բացակայում էին միայն 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը եւ անցյալ տարվա դեկտեմբերին Կալինինգրադում կայացած մինչեւ 22 տարեկանների Եվրոպայի առաջնության մրցանակակիրներ Կորյուն Սողոմոնյանը, Արամ Ավագյանը եւ Նարեկ Աբգարյանը: Նրանց որոշվել էր հանգստանալու հնարավորություն ընձեռել: Բացի այդ էլ, այդ բռնցքամարտիկներն իրենց ելույթներով ապահովագրել են տեղը հավաքականում:

Չեմպիոնի տիտղոսի համար բավականին թեժ մենամարտեր ընթացան: Մինչեւ 49 կգ քաշային կարգում հաղթեց մեր փորձառու բռնցքամարտիկներից մեկըՙ Եվրոպայի նախկին չեմպիոն Հովհաննես Դանիելյանը: «Դինամո» ընկերության ներկայացուցիչը հաղթեց իր բոլոր մրցակիցներին ու կանգնեց պատվո պատվանդանի վերին աստիճանին: Մինչեւ 52 կգ քաշային կարգում էլ իր հավասարը չուներ Դերենիկ Գիժլարյանը, որը եւս լավ ծանոթ է մարզասերներին: Իսկ ահա մինչեւ 56 կգ քաշայինների մրցավեճում առաջնության հայտնությունը դարձավ վանաձորցի Արարատ Մխիթարյանը, որը լավ տպավորություն թողեց մասնագետների վրա:

Քաշային մյուս կարգերում հանրապետության չեմպիոնի տիտղոսին արժանացան Հովհաննես Բաչկովը (60 կգ), Արա Պուլուզյանը (64 կգ), Վլադիմիր Մարգարյանը (69 կգ), Արման Հովնիկյանը (75 կգ), Ռուսլան Իբրահիմյանը (81 կգ), Ազատ Դավթյանը (91 կգ) եւ գերծանրքաշային Արմեն Սիմոնյանը:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը միջինից մի քիչ բարձր գնահատեց մրցաշարում բռնցքամարտիկների ցույց տված արդյունքները: Դա բավարար էՙ հաշվի առնելով այն փաստը, որ մրցաշրջանը դեռեւս նոր է սկսվում ու բռնցքամարտիկները 100 տոկոսով պատրաստ չեն:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը փետրվարի 25-ից մարտի 10-ը Աբովյանում ուսումնամարզական հավաք կանցկացնի: Դրանից հետո հավաքականի անդամները կբաժանվեն 3 խմբի: Առաջին խումբը կմեկնի Չեխիա, 2-րդըՙ Ուկրաինա, 3-րդըՙ Ղազախստան, որտեղ կմասնակցեն միջազգային մրցաշարերի: 3 մրցաշարերում բռնցքամարտիկների ցույց տված արդյունքներով կկազմավորվի հավաքականը: Հետագայում եւս հավաքականի անդամները կբաժանվեն 2 մասի: Մի մասը մայիսին ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, մյուս մասը մարզումները կշարունակի Բելառուսումՙ նախապատրաստվելով մայիսի 31-ից հունիսի 10-ը Մինսկում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #17, 13-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ