RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Օրվա հետքերով

Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1326, Տպվել է` 54, Ուղարկվել է էլ.փոստով` 55

ՄԻ ՍՏԻՐ, ԵՎ «ԹՈՒՆԵԼԻ ՎԵՐՋՈՒՄ ԼՈՒՅՍ ԿԵՐԵՎԱ»

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

(Էլմիրա Ախունդովային)

Ձեր խնդիրն է` ինչպես գնահատել Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ»-ը: Դա ադրբեջանական գրականության երեւույթ է, հասցեատերը` դուք: Չեմ մանրանա. անկեղծ ասած` հիացած չեմ Այլիսլիի «Քարե երազներ»-ով: Ճաշակի, ընկալումների խնդիր է, ինչպես որ բարձր գեղարվեստի դրսեւորում չեմ համարում նաեւ ձեր, թող թույլ տրվի ասել, «վեպը» Հեյդար Ալիեւի մասին:

Այդուհանդերձ` ո՞վ, ե՞րբ, ի՞նչ է գրում,- իր ընտրությունն է: Ձեզ` ադրբեջանական հասարակությանն եմ վերապահում «ո՞վ է Հեյդար Ալիեւը» հարցին պատասխան գտնելու ամհրաժեշտությունը: Ինձ հուզում է երկու հանգամանք. Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ»-ին նիվիրված ծավալուն հոդվածում դուք անդրադառնում եք «Կոլցո» ռազմագործողությանը: Գրում եք, որ այդ ընթացքում «հայ գրոհայիններից ազատագրվել են» Գետաշենը եւ Շահումյանի շրջանի մի շարք այլ գյուղեր: Ձեր քաղաքական գնահատականներն ինձ չեն հետաքրքրում: Ավելի ուշագրավ է ափսոսանքը, որ «դրանք, ցավոք, ընդհատվեցին»:

Դա, թույլ տվեք ասել, չեմ անում: Բայց անգամ եթե Գետաշենում կամ այլ հայկական գյուղերում «կային պետական կարգը խանգարող, ադրբեջանական բնակչությանն ահաբեկող հայ գրոհայիններ», ապա դա հիմք չէր, որ այդ գյուղերը «հիմնովին ազատագրվեին եւ վերաբնակեցվեին Հայաստանից ադրբեջանցի փախստականներով»,- ինչպես դուք եք գրում: Ինչո՞ւ: Քանի որ «հայկական գյուղերը փախստական ադրբեջանցիներով վերաբնակեցնելու»` Մութալիբովի կողմից ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի աջակցությամբ իրականացվող քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում սադրում էր տեղի «ադրբեջանաբնակ գյուղերն ազատագրելու» եւ դրանք Սումգայիթից, Բաքվից բռնատեղահանված հայերով վերաբնակեցնելու համարժեք արձագանք: Անցել էին «ինչ թույլատրելի է Յուպիտերին, արգելված է ցուլին» վերաբերմունքի ժամանակները:

Դուք «օրինաչափ» եք համարում «Կոլցո»-ն եւ ափսոսում, թե ինչո՞ւ ընդհատվեց: Նախ, հայերս մեղք չունենք, որ Ադրբեջանի նախագահ Մութալիբովը քաղաքական հիմարություն էր դրսեւորել եւ պաշտպանել ԳԿՉՊ-ի` ԽՍՀՄ պետական հեղաշրջման կազմակերպիչներին: Երկրորդ, ինչպե՞ս կարելի է հայկական գյուղերի լիակատար բռնատեղահանումը համարել «անձնագրային ռեժիմի ստուգում»:

Ես ձեզ չեմ հասկաանում, եթե ուզում եք ասել, որ ԼՂ հարցի լուծման «միակ արդարացի տարբերակը «Կոլցո»-ն էր»: Դա ոչ միայն մտավորականի, գրողի, այլեւ քաղաքացու կեցվածք չէ: Քանի որ հիմքում մի «սկզբունք» է. «Չկան հայեր Լեռնային Ղարաբաղում, չկա նաեւ ԼՂ խնդիր»: Եվ դուք ցավում եք, որ Մութալիբովին «խանգարել են» իրականացնելու այդ նպատակադրվածությունը : Դրանում դուք մեղադրում եք նաեւ Ադրբեջանի ժողովրդական ճակատին: Խորհուրդ կտայի ուշադիր լինել: Այդ դեպքում պարզ կլիներ, որ 1988թ. սումգայիթյան դեպքերից մինչեւ 1993-ի «երկրորդ գալուստ»` ԱԺՃ-ն եւ «համազգային առաջնորդ» Հեյդար Ալիեւը գործել են ձեռքձեռքի տված: Այնպես որ` նաեւ Հեյդար Ալիեւին չէր ձեռնտու, որ Աբդուռահման Վեզիրովը կամ Այազ Մութալիբովը ԼՂ հարցում «հասնեին արմատական բեկման»:

Ինձ հասկանալի է, որ Աքրամ Այլիսլիին դուք «պսակազերծում եք», որովհետեւ նա «Քարե երազներ»-ում մերկացրել է ձեր հերոսին` Հեյդար Ալիեւին: Չեմ միջամտում ձեր բանավեճին: Չեմ գնահատում ձեր երկուսի ընկալումը: Անդրադառնում եմ իմ նշած երկրորդ նկատառմանը. ծավալուն հոդվածի վերջում դուք մեջբերում եք «Լիտերատուրնայա գազետա»-ի համար Աքրամ Այլիսլիի հետ 1991թ. ձեր հարցազրույցից մի հատված. «Կարո՞ղ ենք ասել, որ ձեր կյանքը ապարդյուն չեք ապրել»,- հարցրել եք դուք: Այլիսլին պատասխանել է. «Եթե հարցնեիք մինչ 1990թ. հունվարի 13-ը, երբ քաղաքը (Բաքուն- Վ. Ա.) ողողված էր անմեղ մարդկանց արյամբ, ես կպատասխանեի` ոչ: Հիմա ուզում եմ ասել` այրեք իմ բոլոր գրքերը, քանի որ ես չկարողացա ոչ ոքի օգնել»:

Դուք այսօր Այլիսլիին մեղադրում եք «երկերասանի լինելու», «ոչ հետեւողականության» մեջ: Սխալվում եք, Էլմիրա խանում. իր քաղաքացիական վերաբերմունքը գրող Այլիսլին արտահայտել է 1991-ին` նշելով 1990-ի հունվարի 13-ը: Դուք գիտեք, թե դա ինչ օր է եւ ինչ անմեղ արյան մասին է խոսել Աքրամ Այլիսլին: Հստակեցնեմ. նա բարձրաձայնել է Բաքվում անմեղ հայերի կոտոորածի մասին եւ ցանկացել, որպեսզի իր բոլոր գրքերն այրվեն:

Այսօր Այլիսլիի գրքերն այրվում են: Եվ դուք դա համարում եք նրա կողմից «սեփական անկման կանխազգացում»: Սխալվում եք, Էլմիրա խանում: Գրողն իրոք մարգարեացել է: Բայց` այն իմաստով, որ իր գրքերով «ոչ ոքի չի օգնել»: Այդ թվում` ձեզ: Թեեւ, ո՞վ գիտի, հոդվածի վերջում դուք գալիք ժամանակներում արդարանալու տեղ թողնում եք. «Գուցե ես սխալվո՞ւմ եմ»,- իշխանական պատեհապաշտությանը մատուցած ծառայությունից հետո հարցնում եք դուք:

Այդ հարցադրման համար, կարծում եմ, Աքրամ Այլիսլին ձեզ երախտապարտ կլինի: Բայց դրանով դուք ձեզ փրկել չեք կարող: Քանի որ արդեն իսկ գայթակղություն եք ունեցել «երեսուն արծաթի» դիմաց գրելու «Հեյդար Ալիեւի մասին բազմահատոր վեպ»,- ինչպես ինքնագնահատանքի անթաքույց ցույց եք արել:

Եվ` վերջում. եթե ուզում եք, որ երկու ժողովուրդների միջեւ գոնե հաշտության եզրեր ուրվագծվեն, ապա մի ստեք: Եվ այդժամ «թունելի վերջում» լույս կտեսնեք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ