RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1527, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՕՍՄԱՆՅԱՆ ՈՒՐՎԱԿԱՆԻ ՎԵՐԱԿԵՆԴԱՆԱՑՈՒՄԸ

ԵՐՎԱԴ ԱԶԱՏՅԱՆ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հովվերգական երանգներով է պատկերում օսմանյան վարչակարգըՙ ձեւացնելով, թե հպատակ ազգություններն այդ ժամանակ կատարյալ ներդաշնակությամբ էին ապրում միմյանց հետ, եւ նրանց մարդկային իրավունքները հարգված էին: Նա դարձել է այդ հին ժամանակների կարոտախտ դրսեւորողը: Հայերը, մյուս հպատակ ազգությունների հետ, լինելով այդ բռունցքի եւ արյան իշխանության տուժողները, շատ լավ են գիտակցում դրա նշանակությունը եւ հետեւանքները առավել թույլ ազգությունների վրա, որոնք մեկ անգամ եւս կարող են զոհ դառնալ:

Արեւմուտքի համար Թուրքիան հավատարիմ դաշնակից է: Իսլամական աշխարհի համարՙ իսլամական գաղափարներ կրողը եւ պաղեստինյան ժողովրդի իրավունքների «պաշտպանը»: Իսրայելի համարՙ տարածաշրջանում միակ ռազմավարական դաշնակիցը, որ նպաստում է նրան պահպանելու իր գերիշխանությունը ամբողջ Մերձավոր Արեւելքի երկրների վրա: Բայց Թուրքիայի մերօրյա առաջնորդների համար այս բոլոր արտաքին հարաբերությունները օգտակար ու նպաստավոր գործոններ են կամ հիմնաքարերՙ վերակենդանացնելու օսմանյան մեծ երազանքները:

Այդ դաժան իշխանությունից տուժած բոլոր ժողովուրդների համար նման երազանքների իրականացումը միայն մռայլ հեռանկարներ է նախատեսում: Դժբախտաբար, սակայն, Թուրքիան առաջընթաց քայլեր է կատարում այդ ուղղությամբՙ ոգեշնչված իր տնտեսական ու ռազմական ուժի հաջողություններով:

1974-ից Թուրքիան զավթած է պահում Կիպրոսի տարածքի 38 տոկոսը, իսկ Արեւմուտքը, ստորաքարշություն ցուցաբերելով, հակամարտությունը համարում է ոչ թե ոտնձգություն ինքնուրույն պետության տարածքային ամբողջականության դեմ, այլ սոսկ խնդիր երկու հավասար գործընկերների միջեւ:

Հիշենք, որ Կիպրոսը Բրիտանիային էր կցվել Բեռլինի դաշնագրով 1878-ին, որտեղ Սան Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածի վերափոխումով օսմանյան սուլթանին ավելի մեծ ազատություն էր տրվում շարունակելու իր ոճրագործություններն ընդդեմ հայերի: Կարճ ասած, դա քաղաքական գործարք էր, որին հայերը վճարեցին իրենց արյամբ:

Կիպրոսի գրավումից ի վեր Անկարան փորձում է հյուսիսային մասը վերաբնակեցնել Թուրքիայից գաղթած գյուղացիներով, որպեսզի փոխի երկրի բնակչության էթնիկական հակակշիռը: Թուրքիան նույնիսկ չի ճանաչում Եվրոմիության անդամ Կիպրոսի օրինական կառավարությանը, հակառակ որ ինքն էլ է ցանկանում մաս կազմել այդ միությանը:

Երբ Իրաքը օկուպացվեց, Թուրքիան շտապեց վերականգնել օսմանյան տարիներից իր պահանջները երկրի նավթով հարուստ հյուսիսային շրջանների նկատմամբ, օգտագործելով թուրքմեններին որպես հինգերորդ շարասյան: Մեծամասնություն կազմող քուրդ բնակչությունը, զգալով վտանգը, անմիջապես ինքնավարություն հաստատեց այդ շրջանում, եւ Մ. Նահանգները խոչընդոտեց Թուրքիային անդամահատելու երկիրը հօգուտ իրեն, բայց թույլ տվեց եւ քաջալերեց քրդերի դեմ ծավալված թուրքական հարձակումները, նույնիսկ մասնակից դարձավ դրանց: Եթե Թուրքիան այնտեղ չէ, որպես վերահսկող ուժ, բոլորովին չի նշանակում, որ կարեկցանք գոյություն ունի քրդերի իրավունքների հանդեպ: Պարզապես Իսրայելն է այժմ տերն ու տիրականը: Նա է հետեւում իրադարձություններին եւ ազդում դրանց վրա:

Թուրքիայի օսմանյան պահանջների մյուս «երեսը» Կովկասում է, որտեղ Ադրբեջանի հետ «մեկ ազգ, երկու պետություն» լոզունգի տակ է հանդես գալիս: Այնպես որ, զարմանալի չէ, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վերջերս ամբողջ Հայաստանը համարում էր «պատմականորեն ադրբեջանական տարածք»: Չնայած Կենտրոնական Ասիայի թուրքական պետությունները դուրս են մնում Անկարայի մամլիչից, նրա օսմանյան երազանքներն իրենց արձագանքներն են գտնում Բալկաններում: Բոլշեւիկյան հեղափոխական պատերազմների ժամանակ Էնվեր փաշան փորձ կատարել է միավորելու Կենտրոնական Ասիայի պետությունները եւ դառնալու նրանց առաջնորդըՙ խալիֆը:

Կոսովոյի անկախությունը նվեր էր իսլամական աշխարհինՙ տրված Արեւմուտքի կողմից, հակակշռելու համար Մերձավոր Արեւելքում իր կատարած խժդժությունները եւ աշխարհին ցույց տալու համար, որ Մ. Նահանգներն ու Եվրոմիությունը դեմ չեն մահմեդականությանը:

Այսօր Բալկաններում քաղաքական ոչ մի կարգավորում տեղի չի ունենում առանց Թուրքիայի մասնակցության եւ համաձայնության: Առավել վտանգավոր է Թուրքիայի հենակայքը Բուլղարիայում, որը օսմանյան լծի տակ տառապել է 500 տարի: Շատ ապստամբություններ արյունով են ճնշվել, բայց 1912-13 թվականների Բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական, հունական եւ սերբական բանակային ուժերի կոալիցիան կարողացել է ի վերջո դուրս շպրտել օսմանյան կառավարիչներին: Հայազգի Անդրանիկ զորավարը մասնակից է եղել Բուլղարիայի ազատագրման պայքարին եւ այնտեղ էլ օրինականորեն արժանացել զորավարի տիտղոսին: Այլապես նա պատմության մեջ հիշվելու էր սոսկ որպես պարտիզանական կռիվների առաջնորդ:

Բայց հակառակ այն փաստին, որ բուլղարներն էլ հայերի նման արժանացել են նույն բախտինՙ թուրքերի լծի տակ, Բուլղարիայի կառավարությունը ցարդ չի ճանաչել հայերի ցեղասպանությունը, խորհրդարանում թուրքական ֆրակցիայի ընդդիմության հետեւանքով: Բուլղարիայում 7 միլիոն բնակչից մեկ միլիոնը թուրքեր են եւ 240 հոգուց բաղկացած խորհրդարանում 6 տոկոսի ներկայացուցչություն ունեն:

Թուրք փոքրամասնության վիճակը Բուլղարիայում միշտ չէ, որ այսքան բարվոք է եղել, ինչ ներկայումս, 1980-ականներին կոմունիստ առաջնորդ Թոդոր Ժիվկովը «մշակութային ձուլման» արշավ էր սկսելՙ ստիպելով թուրքերին փակել իրենց մզկիթներն ու էթնիկական վարժարանները եւ ստանձնել սլավոնական անուններ: Որպես այդ քաղաքականության հետեւանք 300 հազար թուրքեր տեղափոխվեցին Թուրքիա: Մինչեւ վերջերս թուրք մեծամասնության առաջնորդը Ահմեդ Դողանն էրՙ համեմատաբար չափավոր քաղաքական մի դեմք, որին առավել ծայրահեղականները, միանալով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, դուրս մղեցին քաղաքականությունից:

Վերջերս դրամատիկական մի լուր հայտնվեց մամուլում, որը ներկայացվեց որպես սովորական վեճ հեռուստատեսային հաղորդավարների միջեւ, բայց իրականում ուներ ավելի խոր եւ հեռագնա քաղաքական բացատրություն: Մի բուլղարաթուրք երիտասարդ կրակել էր Դողանի վրա վերջինիս հրապարակային ելույթի ժամանակ: Միջադեպն առանց արյունահեղության ավարտվել էր, քանի որ երիտասարդի ատրճանակը գազային էր, ոչ պիտանի փամփուշտների համար: «Հարձակման» հետեւանքով Դողանը հրաժարական տվեց իրավունքների եւ ազատությունների կուսակցության առաջնորդի իր պաշտոնից: Պարզվեց, որ ատրճանակը օգտագործած երիտասարդըՙ Օքթայ Ենիմեհմեդովը, այդ կուսակցության նախկին անդամներից էր եւ հեռացել էր միանալու համար դրա նորաստեղծ, ծայրահեղական թեւին, որն ստացել է «Ազատություն եւ արժանապատվություն» անունը: Վերջինիս հիմնադիրը Դողանի տեղակալներից է Քասիմ Դալի անունով, որը պնդում է, որ Էրդողանի պանթուրքական քաղաքականության հետեւորդներից է: Ի դեպ, Էրդողանն անձամբ պաշտոնապես շնորհավորել էր կուսակցության հիմնադրումը:

Հետեւաբար, վերոնշյալ հեռուստատեսային «միջադեպը» ուժի ցուցադրման մի խաղ էրՙ Բուլղարիայում թուրք փոքրամասնության արմատական ներկայացուցիչների իրագործած:

Թուրքերը, որտեղ էլ լինեն, պետք է առաջ տանեն իրենց քաղաքական օրակարգը: Դա հստակ է ու հասկանալի գուցե: Բայց անհասկանալի է, թե ինչու երիտասարդը պատժի չենթարկվեց, ոչ էլ հանդիմանանքի արժանացավ: Ընդհակառակը, Բուլղարիայի նախագահ Ռոզեն Պլեւնելիեւը միջադեպը համարեց երկրի ժողովրդականացման գործընթացին նպաստող մի արարք:

Քանի թուրքերը Բուլղարիայում (հատկապես Եվրոմիությանը միանալուց հետո) գնալով առավել հաստատական են դառնում, կարող ենք պատկերացնել երկրի փոքրիկ հայկական համայնքի վիճակը եւ խորհրդարանում հայկական ցեղասպանության ընդունման բանաձեւի հետագա ճակատագիրը:

Քանի օսմանյան ուրվականը վերակենդանանում է, զարմանալի չպետք է թվա, եթե մի օր Թուրքիան, ինչպես Կիպրոսում իրագործեց, պահանջ ներկայացնի Բուլղարիայի տարածքի մի մասի հանդեպՙ որպես օսմանյան շրջանից իր ժառանգության պահանջատեր:

Դետրոյթ, ԱՄՆ, Թարգմ.ՙ Հ. Ծ.

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ