RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1249, Տպվել է` 55, Ուղարկվել է էլ.փոստով` 59

«ՀԵՌՈՒՍՏԱԵԹԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ ՊԱՀԱՆՋ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԻՄՈՒՄ Է ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնություն

Հարգելի՛ պարոն նախագահ,

Մի քանի ամիս առաջ մի խումբ մտավորականներ, մշակույթի գործիչներ, գիտնականներ եւ մի շարք հասարակական կազմակերպություններ իրենց մտահոգությունն արտահայտեցին հեռուստաեթերի բարոյական, մշակութային բովանդակության վերաբերյալ եւ հանդես եկան բաց նամակով, որում առաջարկվում էր քայլեր ձեռնարկել առկա խնդիրները լուծելու համար: Հուրախություն նամակի հեղինակների` կարճ ժամկետներում արձագանքեցիք, եւ հարցն ընթացք ստացավ. սկսվեցին քննարկումներ, լսումներ, որոնք ավարտվեցին առաջարկությունների փաթեթով:

Վերջերս մամուլից տեղեկացանք, որ անդրադարձել եք հեռուստաեթերի բովանդակային վիճակին` մասնավորապես նշելով, որ համամիտ չեք, թե հեռուստասերիալները որակյալ չեն, եւ որպես դրական ձեռքբերում նշվել է այն փաստարկը, թե հեռուստասերիալները նպաստում են աշխատատեղերի ստեղծմանը եւ դերասանների մասնագիտական փորձին:

Եթե Հայաստանում ու Սփյուռքում հայկական հեռուստասերիալների միջոցով քրեական, հակասոցիալական, հակամշակութային արժեքների քարոզն արդարացվում է մի քանի տասնյակ աշխատատեղերի առկայությամբ, ապա «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնությունն առաջարկում է դրամահավաք կազմակերպել եւ այդ գումարը բաժանել հեռուստասերիալներ ստեղծողներին, որպեսզի այդ մարդկանց շահույթի հաշվին չդեգրադացվի հայ պատանիների ու երիտասարդների արժեքային համակարգը:

Բացի դրանից, Դուք ներկայիս հայկական հեռուստասերիալների գոյությունն արդարացրել եք դերասանների մասնագիտական փորձի ձեռքբերումով: Այդ դեպքում, եթե դերասանները սերիալներում պետք է սովորեն, առաջարկում ենք փակել Թատերական ինստիտուտը:

Պարո՛ն նախագահ, քանի որ հանրային լայն շրջանակները եւ հատկապես` մտավորականությունը մշտապես դեմ են արտահայտվել հայկական հեռուստասերիալների ներկա բովանդակությանը, ապա սերիալների վերաբերյալ Ձեր նշած ոչ մասնագիտական ձեւակերպումները հիասթափեցնող են եւ կարող են էապես հարվածել Ձեր վարկանիշին, հատկապես նախընտրական այս շրջանում:

«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնությունը հույս է հայտնում, որ Դուք կվերանայեք Ձեր մոտեցումը մեր եթերային քաղաքականության վերաբերյալ: Հիշեցնում ենք, որ հեռուստասերիալների քննադատության ժամանակ մենք երբեք կոչ չենք արել եթերից վերացնել «սերիալ» ֆորմատը, որը հեռուստատեսության կարեւորագույն ժանրերից է եւ հեռուստաընկերությունների շահույթն ապահովող գլխավոր գործոններից մեկը: Մեր եւ հանրային լայն շերտերի պահանջը եղել է միայն սերիալների քրեածին, հակամշակութային բովանդակության փոփոխությունը:

Հարգանքովՙ

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ