RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2013-02-12 > #017, 2013-02-13 > #018, 2013-02-14 > #019, 2013-02-15 > #020, 2013-02-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013



Տեղադրվել է` 2013-02-13 23:46:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 1983, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 90

ԸՄԲՇԱՄԱՐՏԸ ՀԱՎԱՆԱԲԱՐ ՀԱՆՎԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐԻՑ

Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշել է ըմբշամարտը հանել 2020-ի ամառային օլիմպիադայի ծրագրից: Որոշման մեջ չի նշվում, թե խոսքը որ ոճին է վերաբերում: Այս հարցի շուրջը վերջնական որոշումը կկայացվի այս տարվա սեպտեմբերին Բուենոս Այրեսում կայանալիք ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանում:

Վերջին շրջանում օլիմպիադաները խոշորագույն մարզական միջոցառումների են վերածվել: Օլիմպիական մարզաձեւերի ընդլայնումն այլեւս անհնար է, ուստի նոր մարզաձեւերի ընդգրկումն օլիմպիական ծրագրում հնարավոր է միայն մյուսների հաշվին, որոնց նկատմամբ հետաքրքրությունը նվազել է:

ՄՕԿ-ի հատուկ հանձնախումբը մանրակրկիտ ուսումնասիրում է օլիմպիական ծրագրի մեջ ընդգրկված յուրաքանչյուր մարզաձեւը 30 հատկանիշներով: Հաշվի են առնվում տարբեր ցուցանիշներՙ սկսած մարզաձեւի դիտարժանությունից մինչեւ մարզասերների ու հովանավորների կողմից դրսեւորվող հետաքրքրասիրության աստիճանը: Այս ուսումնասիրությունների արդյունքում երկարատեւ ընդմիջումից հետո կրկին օլիմպիական մարզաձեւ դարձան գոլֆն ու ռեգբին, որոնք Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում կփոխարինեն բեյսբոլին եւ սոֆտբոլին: Շատ մարզաձեւերի ֆեդերացիաներ ձգտում են օլիմպիական գրանցում ստանալ: Սակայն դա այնքան էլ հեշտ գործ չէ:

Լոզանում կայացած ՄՕԿ-ի գործկոմի նիստում առաջինը քննարկվել էր ժամանակակից հնգամարտն օլիմպիական ծրագրից հանելու հարցը: Սակայն այդ մարզաձեւի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունը հիշեցրել էր, որ հնգամարտը ժամանակին հիմնել էր օլիմպիական շարժման հիմնադիր Պիեռ դե Կուբերտենը: Բացի այդ էլ, ժամանակակից հնգամարտի միջազգային ֆեդերացիան ներկայումս գլխավորում է ՄՕԿ-ի նախկին նախագահ Խուան Անտոնիո Սամարանչի որդին:

Անվանի հեծանվորդ Լենս Արմսթրոնգի դոպինգային սկանդալից հետո խոսակցություններ կային, որ հավանաբար հեծանվասպորտը հանվի օլիմպիական խաղերի ծրագրից: Սակայն կրկին օլիմպիական ավանդույթներն իրենց դերը խաղացին: Պարզվում է, որ հեծանվասպորտը թեթեւ ատլետիկայի, լողի, մարմնամարզության եւ սուսերամարտի հետ ընդգրկված էր 1896-ին Աթենքում կայացած ժամանակակից ամառային 1-ին օլիմպիական խաղերի ծրագրում:

Այս ամենի արդյունքում ՄՕԿ-ի անդամները կանգ առան ըմբշամարտի վրա: Հայտնի է, որ այս մարզաձեւը Հայաստանում հենակետային է համարվում: Մեր ըմբիշները վերջին տարիներին հաջող ելույթներ են ունենում միջազգային ամենախոշոր մրցաշարերում: Լոնդոնի ամառային օլիմպիադայում էլ հայ մարզիկների նվաճած 3 մեդալներից 2-ը բաժին էր հասել ըմբիշներինՙ Արսեն Ջուլֆալակյանին ու Արթուր Ալեքսանյանին: Այնպես որ Հայաստանին ձեռնտու չի լինի, եթե ըմբշամարտը հանվի օլիմպիական ծրագրից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #18, 14-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ