RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#027, 2013-02-27 > #028, 2013-02-28 > #029, 2013-03-01 > #030, 2013-03-02 > #031, 2013-03-05

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013



Տեղադրվել է` 2013-02-28 23:43:11 (GMT +04:00)


Ընթերցված է` 1958, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 77

ՄԱՍՆԱԿՑԵ՞Լ, ԹԵ՞ ՉՄԱՍՆԱԿՑԵԼ ԴԱՍԱԴՈՒԼԻ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Յուրաքանչյուր մարդու իրավունքները վերջանում են այնտեղ, երբ սկսվում են ոտնահարվել մյուսների իրավունքները

«Դասադուլ» արտահայտությունը մեր իրականության մեջ մտավ 1988-ին` նախ բնապահպանական շարժման, ապա ղարաբաղյան շարժման հետ: Այն ժամանակվա ուսանողներիս համար դասադուլը բողոքի եւ պայքարի ձեւ էր Արցախի մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար` ընդդեմ Խորհրդային Միության անարդար քաղաքականության:

Ի՞նչ նպատակ է հետապնդում դասադուլն արդեն անկախ Հայաստանում: Ներկայումս դասադուլի դիմում են քաղաքական այս կամ այն ուժի ներկայացուցիչները, ձգտելով իրենց կողմը գրավել հասարակության ամենաակտիվ եւ զգայուն խավին` ուսանողությանը: Նման փորձ 2008-ին կատարեց Լեւոն Տեր-Պետրոսյանը, որը, կարելի է ասել, տապալվեց, քանի որ որպես այդպիսին դասադուլ չեղավ: Նախկին նախագահի ղեկավարած քաղաքական ուժի կոչին արձագանքեցին, լավագույն դեպքում, մի քանի հարյուր ուսանողներ: Ինչը նորմալ կարելի է համարել, քանի որ չի կարող լինել այնպես, որ բոլոր ուսանողները, միահամուռ, ինչպես 1988-ին էր, հանդես գային նույն տեսակետով: Ժամանակներն այլ են, դասադուլով լուծվելիք խնդիրները` նույնպես:

Այս օրերին եւս մի քանի հարյուր ուսանողներ, որոնք հարում են նախագահական ընտրություններում 2-րդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին եւ հավատում են նրան, իրենց բողոքն են արտահայտում ընտրությունների արդյունքներից դասադուլի միջոցով: Քննարկումներ են ընթանում` որքանո՞վ է դա ճիշտ կամ օրինական:

Ուսանողները, բնականաբար, իրավունք ունեն իրենց կարծիքը եւ բողոքը հայտնելու, այդ թվում նաեւ դասադուլի միջոցով: Եթե նրանք ավելի կարեւոր են համարում իրենց քաղաքական հայացքները պաշտպանելը, քան ուսումը, եթե նրանք գերադասում են դասադուլը, հակառակ նրան, որ իրենց համար ծնողները ուսման վարձ են վճարում, իսկ անվճար սովորողների համար դա անում է պետությունը, ապա դա, կրկնում ենք, իրենց ընտրությունն է, իրենց իրավունքը եւ իրենց ծնողների խնդիրը: Այսինքն, ոչ մի օրենքի չի հակասում, երբ ուսանողը չի գալիս դասի, իր քաղաքական համոզմունքները պաշտպանում է մասնակցելով դասադուլին, դասերից ստանում բացակա, որի պատասխանատվությունը եւս ինքը պետք է կրի:

Սակայն, յուրաքանչյուր մարդու իրավունքները վերջանում են այնտեղ, երբ սկսվում են ոտնահարվել մյուսների իրավունքները: Այս պարզ ճշմարտությունն է, որ ժողովրդավարությունից խոսող քաղաքական գործիչները ոչ իրենք են հասկանում, ոչ էլ սովորեցնում են իրենց հետեւող երիտասարդներին: Այսինքն, ոչ մի ուսանող իրավունք չունի պիտակավորել մեկ այլ ուսանողի, որ վերջինս չի մասնակցում դասադուլի, չի ընդունում դասադուլ անողների քաղաքական հայացքները եւ նախըտրում է ուսում ստանալ ու ջուրը չլցնել այն գումարը, որ նրա ծնողները վճարում են իր ուսման համար: Բուհերի մոտ «ամոթ, ամոթ» վանկարկելը դասադուլին չմասնակցող ուսանողների հասցեին, նրանց «ստրուկ», «քծնող» կամ այլ պիտակ կպցնելը, նրանց հայրենասիրության պակասի մեջ մեղադրելը ոչ այլ ինչ են, քան մարդու իրավունքների կոպիտ խախտում, որի իրավունքը չունի ոչ ոք` անկախ նրանից, թե քաղաքական որ ուժին է հարում: Հոգեբանական ճնշման այս ձեւերը թույլ տվող ուսանողները ճշտությամբ կրկնում են բոլշեւիկյան «ով մեզ մետ չէ, մեր դեմ է» սկզբունքը:

Եթե ուսանողների մի մասը դժգոհում է, որ իրենց պարտադրում են մասնակցել Հանրապետական կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ապա նրանք պետք է հասկանան, որ դրանից առավել դատապարտելի է, երբ իրենք ուրիշներին ոչ թե համերգին մասնակցելու, այլ իրենց բողոքին ու դասադուլին միանալուն են պարտադրում:

Ինչ վերաբերում է այն շահարկումներին, թե բուհերի մոտ ոստիկաններ են բերվել, ապա դա ոչ միայն բնական է, այլեւ անհրաժեշտ: Զանգվածային միջոցառման ժամանակ, հատկապես եթե դրան մասնակցում են երիտասարդներ, որոնք նաեւ բախվող տեսակետներ ունեն, պետության, տվյալ դեպքում բուհի ղեկավարության եւ ոստիկանության ուղղակի պարտականությունն է անվտանգություն եւ հասարակական կարգ ապահովելը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #29, 01-03-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ