RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#034, 2013-03-08 > #035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 13-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-03-12 23:28:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1884, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 85

«ԶՈՐՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԸ»ՙ ՀԱՆՈՒՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

Հ. Ծ.

Ամփոփելով 2012 թվականի գործունեությունը, Կանադայում գործող «Զորյան ինստիտուտը» արդարացի գոհունակությամբ նշում է իր զեկուցագրում, որ տարին շատ արդյունավետ է եղել: Հրատարակվել է հինգ գիրք (երեք լեզուներով) եւ երկու ակադեմիական մակարդակի պարբերականներ: Շարունակվել են համալսարանական կրթական ծրագրերը, որոնց մասնակցել են տասից ավելի երկրների ուսանողներ, եւ խորաթափանց դասախոսությունները ճշմարտության բացահայտման եւ մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ:

Հրատարակված գրքերի շարքում են.

ա) Լրագրող Սամվել Շահմուրադյանի «Սումգայիթի ողբերգությունը» հատորի իտալերեն տարբերակը, որին «Ազգը» անդրադարձել է մարտի 1-ի իր համարում: «La Tragedia Di Sumgait: 1988, Un pogrom di՛ armeni nell՛ Unione Sovietica» գիրքը հրատարակության է պատրաստել Պիետրո Քյուչուքյանը, իսկ լույս է ընծայել Միլանի «Guerini e Associati» հրատարակչատունը:

բ) «Զորյանի» գործադիր տնօրեն Ջորջ Ն. Շիրինյանի խմբագրությամբ լույս տեսած «Փոքր Ասիայի աղետը եւ օսմանյան հույների ցեղասպանությունը» (The Asia Minor Catastrophe and the Ottoman Greek Genocide: Essays on Asia Minor, Pontos and Eastern Thrace, 1913-1923) գիրքը, որը պարունակում է Չիկագոյի «Փոքր Ասիայի եւ Պոնտոսի հելլենական հետազոտությունների կենտրոնի» կազմակերպած երկու ակադեմիական գիտաժողովների ընթացքում կարդացված զեկուցումներըՙ միջազգային ճանաչման արժանացած գիտնականների կողմից: Հատորը առաջին անգամ համեմատական վերլուծության է ենթարկում հայերի, ասորիների եւ հույների դեմ գործված ցեղասպանությունները:

գ) Հայտնի գրող Ռիֆատ Բալիի գրքի թարգմանությունը «Պետության տիպար քաղաքացիները: Թուրքիայի հրեաները բազմակուսակցական ժամանակաշրջանում» (Model Citizens of the State: The Jews of Turkey during the Multi-Party Period) խորագրով: Հատորը փաստերի ուսումնասիրությամբ ցույց է տալիս, թե ինչպես «ռեալպոլիտիկը» խաթարում է ճշմարտությունը, եւ ուժեղը նպաստում մարդու իրավունքների խախտմանը: Թուրքիայի Հանրապետության առաջին տասնամյակներում հրեաները նույնպես հալածվում էին, ինչպես մյուս փոքրամասնությունները: 1970-ականներին պատկերը փոխվեց, երբ նրանք եւ ամերիկացի հրեաները սկսեցին համագործակցել Թուրքիայի հետ մի շարք, այդ թվումՙ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարելու, հարցերում:

դ) Հայտնի հրատարակիչ Զարաքոլուի ջանքերով լույս տեսած Վոլֆգանգ Գուստի կազմած եւ խմբագրած «Հայոց ցեղասպանությունը 1915-16 թթ.: Փաստաթղթեր գերմանական արտգործնախարարության քաղաքական արխիվներից» հատորի թուրքերեն թարգմանությունը: Գրքում զետեղված ավելի քան 200 հեռագրերը, նամակներն ու զեկուցումներըՙ Օսմանյան կայսրությունում գործող գերմանական հյուպատոսարանիցՙ Բեռլինի արտգործնախարարություն, ջախջախիչ մեղադրանքներ ենՙ ուղղված ինչպես թուրքական, այնպես էլ գերմանական վարքագծի դեմ:

ե) Պրոֆեսորներ Վահագն Տատրյանի եւ Թաներ Աքչամի համահեղինակությամբ լույս ընծայված «Դատավարություն Ստամբուլում» (Judgment at Istanbul: The Armenian Genocide Trials) հատորըՙ առաջին անգամ անգլերեն լեզվով ներկայացված արեւմտյան ընթերցողին:

Բացի այս գրքերիցՙ «Զորյան» ինստիտուտը շարունակել է հրատարակել իր երկու հանդես-պարբերականներըՙ «Diaspora: A Journal of Transnational Studies» եւ «Genocide Studies and Prevention» խորագրերով: «Սփյուռք» եւ «Ցեղասպանության ուսումնասիրություններ եւ կանխարգելում» հանդեսները լույս են տեսնում տարեկան երեք անգամ:

Հրատարակություններից որեւէ մեկը ձեռք բերելու համար անհրաժեշտ է այցելել «zoryan@zoryaninstitute.org» կայքը:

Ինստիտուտի հաշվետվությունը նաեւ նշել է, որ անցյալ տարվա օգոստոսին 22 ուսանողներ Հայաստանից, Բելգիայից, Բրազիլիայից, Կանադայից, Գերմանիայից, Թուրքիայից եւ Մ. Նահանգներից ավարտել են «Ցեղասպանություն եւ մարդու իրավունքներ» համալսարանական ծրագիրը, որն արդեն 11 տարի գործում է: Անցյալ տարվա կուրսը վարել է պրոֆ. Ջոյս Ապսելը:

Իսկ նոյեմբերին «Օրրան» ոչ կառավարական կազմակերպության հիմնադիր, Լոս Անջելեսի Կալիֆոռնիա համալսարանի իրավագիտության ամբիոնից Արմինե Հովհաննիսյանը դասախոսություն է կարդացել Բոստոնի համալսարանում երեխաների, այդ թվումՙ հաշմանդամ, իրավունքների պաշտպանության թեմայով, վեր հանելով Հայաստանում այդ հարցի առնչությամբ գոյություն ունեցող խնդիրները:

«Զորյան» ինստիտուտը գործադրում է հսկայական ջանքերՙ պատրաստելու համար ցեղասպանության եւ մարդու իրավունքների ճանաչման գործում գիտնականների նոր սերունդ եւ առիթից օգտվելով շնորհակալություն է հայտնում բոլոր նրանց, ովքեր բարոյական եւ նյութական աջակցություն են ցուցաբերում հասարակությանը», նշված է զեկուցագրի ավարտին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #36, 13-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ