RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#035, 2013-03-12 > #036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013



ԿԱԼԻՖՈՌՆԻԱ

Տեղադրվել է` 2013-03-14 00:38:52 (GMT +04:00)


Ընթերցված է` 2090, Տպվել է` 100, Ուղարկվել է էլ.փոստով` 88

«ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀՆԱԳՈՒՅՆ ՔԱՐՏԵԶՆԵՐՈՒՄ»

Հ. Ծ.

«Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի փոխանցմամբՙ հունվարի 25-ին Շերման Օուքսի (Կալիֆոռնիա) Մերդինյան մատուռի դահլիճում տեղի է ունեցել քարտեզագիր Ռուբեն Գալչյանի դասախոսությունը «Հայաստանը միջազգային եւ հայկական քարտեզներում» թեմայով: Նա խոսել է այն մասին, թե ինչպես են հույն, հռոմեացի, իսլամ եւ արեւմտյան երկրների պատմաբանները, աշխարհագետներին ու քարտեզագետները տեսել եւ ներկայացրել Հայաստանը իրենց նկարագրություններում եւ քարտեզներում: Այդ նկարագրություններն ու քարտեզները մաս են կազմում համաշխարհային քարտեզագրության եւ աշխարհագրական ժառանգության, եւ դրանց բնագրերը պահվում են աշխարհի ճանաչված գրադարաններում եւ թանգարաններում, ինչպես օրինակՙ Մ. Նահանգների Կոնգրեսի գրադարանը, Ֆրանսիայի ազգային գրադարանն ու Բրիտանական գրադարանը: Նաեւ Բեռլինի, Բոլոնիայի, Ստամբուլի, Հայաստանի եւ այլ երկրների գրադարաններում: Այդ քարտեզները ապացուցում են, որ տարածաշրջանում եւ Միջին Արեւելքում գտնվող երկրներից միայն երկուսն ունեն ավելի քան երկու հազար տարվա պատմություն, մեկը Հայաստանն է, մյուսըՙ Պարսկաստանը:

«Հայաստանը գոյություն է ունեցել մ. թ. ա. 600 տարի առաջ: Այն շրջանները, որտեղ ապրել են հայերը, կոչվել են Հայաստան: Ադրբեջանի Հանրապետության տարածաշրջանը երբեք չի կոչվել Ադրբեջան: Այն կոչվել է Ատրպատական (Ատրոպատեն), եւ ժամանակ առ ժամանակ փոխելով անունը (Աղվանք, Դերբենդ, Շիրվան, Թալիշ եւ այլն), ստացել է ներկայիս անունը», համոզված է Գալչյանը, որ ծնվել է Թավրիզում (Իրան), Մեծ եղեռնին Վանից փախած գաղթականների ընտանիքում, որոնք Թավրիզ են հասել Հայաստանի, Վրաստանի եւ Ֆրանսիայի ճանապարհով: Թեհրանում դպրոցն ավարտելուց հետո Գալչյանը կրթաթոշակ է ստացել սովորելու Բրիտանիայումՙ Բիրմինգհեմ քաղաքի Աստոն համալսարանում, որտեղ ուսանել է ճարտարագիտություն: Սակայն փոքր տարիքից հետաքրքրված է եղել աշխարհագրությամբ եւ քարտեզագրությամբ: Այդ հետաքրքրությունը իր գագաթնակետին է հասել 1970-ականներին, եւ նա 1981-ին իր ընտանիքի հետ տեղափոխվել է Լոնդոն, որտեղ հնարավորություն է ունեցել ծանոթանալու աշխարհագրական եւ քարտեզագրական հսկայական նյութերի:

2004-ին հրատարակել է իր առաջին ուսումնասիրությունը անգլերենով «Հայաստանի պատմական քարտեզները» (Historic Maps of Armenia) խորագրով, որն անմիջապես բեստսելլեր է դարձել իր ժանրում: Հաջորդ տարի հատորի առավել ընդարձակ տարբերակն է հրատարակվել Հայաստանում «Հայաստանը համաշխարհային քարտեզագրության մեջ» խորագրով:

Հաջորդ գիրքըՙ «Հարավային Կովկասի երկրները միջնադարյան քարտեզներում: Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան», հրատարակվել է 2007-ին Լոնդոնի Կոմիտաս ինստիտուտի կողմից: Նրա հաջորդ գրքերը պատմության նենգափոխության մասին են: Առաջին անգամ նրա գրքերում տեղ են գտել հնագույն ժամանակներից մինչեւ այսօր գոյություն ունեցող Հայաստանի շրջանին վերաբերող կարեւորագույն քարտեզներ: Դրանք ապացուցում են, որ «հայերը Հայկական լեռնաշխարհի, որը գտնվում է Անատոլիայի, Պարսկաստանի եւ Կովկասի հարավային շրջանների միջեւ, բնիկներ են եւ մաս են կազմում հնդեվրոպական մշակութային աշխարհի»:

Գալչյանի գրքերի հիման վրա նկարահանվել է «Ապացուցված աքսիոմ» վերնագրով 35-րոպեանոց վավերագրական ֆիլմՙ հեղինակությամբ Մարիաննա Աբրահամյանի եւ Անժելա Ֆրանգյանի: Իր ծառայությունների համար Գալչյանը արժանացել է մի շարք պարգեւների, այդ թվումՙ ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտորի աստիճանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 14-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ