RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#036, 2013-03-13 > #037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-04-05 21:27:16 (GMT +04:00)


Ընթերցված է` 2006, Տպվել է` 130, Ուղարկվել է էլ.փոստով` 72

ԱՐԳԱՄ ԱՅՎԱԶՅԱՆ. «ՆԱԽԻՋԵՎԱՆՈՒՄ ԱՅԺՄ ՉԿԱՆ ԽԱՉՔԱՐ ԵՎ ՎԱՆՔ»

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

«Այժմյան խաչքարերը տարբերվում են հին ժամանակների խաչքարերից: Ժամանակները բերում են նոր մտածողություն` այս դեպքում զարդանախշերի առումով»,- երեկ լրագրողների հետ հանդիպմանը նշեց հայագետ-նախիջեւանագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արգամ Այվազյանը: Սակայն նա փաստում է, որ խորհրդային տարիներից ի վեր խաչքարագործությունը նոր վերելք ապրեց:

Անդրադառնալով Նախիջեւանի խաչքարերի վիճակինՙ ընդգծեց. «Նախիջեւանում այժմ չկան խաչքար եւ վանք: Այդ տարածքում 1998-2006թթ. ադրբեջանցիները ավերեցին ահռելի թվով հայկական խաչքարեր»:

Բանախոսը խորհրդային շրջանում անձնական միջոցներով գնացել է Նախիջեւան եւ ուսումնասիրել տեղանքըՙ հասցնելով լուսանկարել խաչքարեր, որոնց հիման վրա տպագրել է գրքեր. «Այսօր մենք լավ չենք ուսումնասիրում մեր խաչքարերը: Ընդամենը մի քանի գիրք ունենք հայկական խաչքարերի մասին: Սակայն ՀՀ տարածքում գտնվող խաչքարերն սպասում են ուսումնասիրողներին»: Արգամ Այվազյանը ցավով նշում է, որ նույն վիճակում է նաեւ որմնանկարչությունը:

Անդրադառնալով Ջուղայի խաչքարերի վերականգնման աշխատանքներինՙ Արգամ Այվազյանն ասաց, որ Գյումրիում բացվել է Ջուղայի խաչքարերի պուրակ, որտեղ կան շուրջ 20 կրկնօրինակված խաչքարեր:

Այսօր զարգացած չէ խաչքարագործության դպրոցը, իր հերթին նկատեց քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը: Բանախոսը նշում է, որ խաչքարագործության դասավանդման փորձեր արվել են Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, ինչպես նաեւ Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, սակայն զարգացում չունեցան: Խաչքարագործն ընդգծում է, որ իրենք արվեստանոցներում ունեն աշակերտներ, սակայն շատ կարեւոր է, որ նրանք չդառնան փորագրիչ-քանդակագործ, այլ բազմակողմանիորեն զարգանան եւ դառնան իսկական խաչքարագործ: Ըստ նրաՙ խաչքարագործությունը չունի անցյալ, ներկա եւ ապագա: Խաչքարի մեջ կան երգ, աղոթք եւ մշակույթ:

Վարազդատ Համբարձումյանն ուրախությամբ փաստում է, որ խաչքարագործությունը մեր ժողովրդի մեջ որպես կոդ ի վերուստ է դրված. «Յուրաքանչյուր խաչքարի մեջ պետք է դնես սեր, հավատ եւ ջերմություն: Խաչքարը կյանքի ծառ է»: Ջուղայի խաչքարերից շուրջ 17-ը կրկնօրինակել է Վ. Համբարձումյանը:

Վերջում Արգամ Այվազյանը պաշտոնյաներին եւ լրատվամիջոցներին հորդորեց չշփոթել Նոր Ջուղան եւ Հին Ջուղան. «Նոր Ջուղան Պարսկաստանի տարածքում է, իսկ Հին Ջուղան` Նախիջեւանի»:

Նկար 1. Վարազդատ Համբարձումյան եւ Արգամ Այվազյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 15-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ