RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2777, Տպվել է` 116, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ՄԻԱՅՆ ԵՐԿՈՒ ՄԱՐԴՈՒ ԽՈՍՔ Է ՄԵԿՆԱԲԱՆԵԼՈՒ ՐԱՖՖԻՆ` ՎԵՀԱՓԱՌԻ ԵՎ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Մ. Խ.

Րաֆֆի Հովհաննիսյանի երեկվա հանրահավաքին սպասողներ կային այն պարզ պատճառով, որ Սահմանադրական դատարանի որոշումից եւ նրա հնգօրյա հացադուլից հետո համակիրներն ուզում էին իմանալ իրենց եւ Րաֆֆու ձեւավորած շարժման հետագա ուրվագիծն ու քայլերը:

Մինչեւ Ր. Հովհաննիսյանը խոսեցին շատերը, այդ թվումՙ Սահմանադրական դատարանի որոշման գնահատականներ հնչեցրին Զարուհի Փոստանջյանն ու Անդրիաս Ղուկասյանը: Ըստ Զ. Փոստանջյանի ` ՍԴ անդամները ՍԴ որոշման հրապարակման պահին անժպիտ էին, քանի որ գիտակցում էին, որ առեւտրային գործարք են կնքում սատանայի հետ: Բոլորի հռետորաբանությունը նույնն էր` շարունակելու պայքարը, իսկ ընդհանուր հռետորաբանությունից մի փոքր տարբեր էր Նիկոլ Փաշինյանը, որը հատկապես ինչ-որ գործողություններ ուրվագծեց, բայց դրան կանդրադառնանք Ր. Հովհաննիսյանի ելույթի մասին պատմելուց հետո:

Հավանաբար Րաֆֆի Հովհաննիսյանը հենց Նիկոլի ելույթի որոշ պահեր նկատի ուներ, որ ասաց, թե ժողովուրդը ոչ մի քայլ չի անի առանց իրեն, եւ ինքը ոչ մի քայլ չի անի առանց ժողովրդի, ու հարթակում հնչած տեսակետներից ոչ բոլորին է համաձայն, բայց «սա Ազատության հրապարակն ու ազատ խոսքի հրապարակն է»: Նա եւս ՍԴ-ին անդրադարձավ` Հրայր Թովմասյանին փոխանցելով իր ցավը, որ ժողովրդի ձայնը պետք է պաշտպաներ որպես արդարադատության նախարար եւ ոչ թե Ս. Սարգսյանի:

Երեւանի ավագանու ընտրություններին «Ժառանգությունը» մասնակցելու է` «Հաջորդ քաղաքապետը լինելու է մեզանից մեկը»: Ցուցակի անունները կհստակեցվեն հաջորդ շաբաթ, բայց մի բան հստակ ասաց Րաֆֆին, որ այն ինքը չի գլխավորի:

Անդրադառնալով իր հացադուլի վերաբերյալ տարբեր գնահատականներին, այդ թվում` Մայր աթոռից տարածված հաղորդագրությանը (տես կողքի սյունակներում), Ր. Հովհաննիսյանն ամոթանք տվեց այն գրողներին, թե` ոչ ծոմ է իր պահածը, ոչ հացադուլ, այլ վերջնապայքարին իր մասնակցության ձեւ է: Բայց միաժամանակ ասաց, թե հաղորդագրություններով պետք չէ խոսել իր հետ, ու ոչ մի հաղորդագրություն չի մեկնաբանելու, այլ միայն երկու մարդու խոսք, եւ այդ երկու մարդը Սերժ Սարգսյանն ու Վեհափառն են:

Ապա խստացավ, թե եթե հաղորդագրության միջոցով իրեն սադրում են, որ հայ քրիստոնյային չեն ուզում թաղել Հայ առաքելական եկեղեցու մեջ, ապա` «ինձ թաղեք իմ հայրենիքի ցանկացած անկյունում, որի ամեն կտորը վեհ է ինձ համար»: Ու խորհուրդ տվեց Վեհամոր Ավետարանը չմտցնել քաղաքական պայքարի մեջ` հիշեցնելով, որ պետությունն ու եկեղեցին անջատ են:

Խիստ խոսքեր բաժին հասան նաեւ ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարթենսին, որը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում դժգոհել էր ընտրությունների վերաբերյալ «Ժառանգության» ուղարկած նամակային մեղադրանքներից` նշելով, որ Սերժ Սարգսյանն ընտրվել է ձայների մեծամասնությամբ. «Եթե սա է Եվրոպան` մեզ բնավ պետք չէ», ասաց Րաֆֆին Մարթենսին` հակադարձելով Մարթենսի ասածին, թե Րաֆֆին պատրանքի մեջ է. հենց ինքը, Մարթենսն է պատրանքի մեջ, «Արեւմուտքի քաղաքակրթությունը սկսվել է Հայաստանից, եւ թող դասեր չտան Հայաստանին»:

Այլեւս այլ ծրագրեր չբացահայտվեցին. այսօր Ազատության հրապարակում ռոք-համերգ է, կիրակի օրը ժամը 17-ից հրապարակում ընթացք է ստանում «Քաղաքացիական խորհուրդ» նախաձեռնությունը, որը միտինգանման քննարկումների շարք է` նոր, րաֆֆիական դատական, օրենսդիր, գործադիր իշխանությունների ձեւավորմանն ընդառաջ, ու առաջին բանախոսն էլ Նիկոլ Փաշինյանն է լինելու, դա կձգվի ամեն օր, մինչեւ եկող հինգշաբթի, իսկ ահա ուրբաթ նորից հանրահավաք կլինի:

Հանրահավաքը վարող Արմեն Մարտիրոսյանը մեկ անգամ էլ շեշտեց, որ եթե Սերժ Սարգսյանը սկսի երկխոսություն` Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է դրան, ճիշտ է, չֆիքսեցինք, թե դա ի՞նչ համատեքստում ասվեց:

Իսկ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում ահա թե ինչ ուրվագծեր էր արել. կոմպրոմիս ժողովրդի եւ իշխանության միջեւ կարող է լինել միայն իշխանությունը փոխանցելու վերաբերյալ, ժողովուրդը չի դիմադրելու, բայց չի էլ նահանջելու: Պետք է հրապարակում սկսել քննարկումների շարք` նոր կառավարության եւ նոր իշխանության ձեւավորման վերաբերյալ (փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանն այդ առաջարկն իրագործում է): Իսկ գործողությունների գագաթնակետը ապրիլի 9-ին է, որը պետք է անիմաստ դարձնի Սերժ Սարգսյանի ապրիլի 9-ի երդմնակալությունը մարզահամերգային համալիրում, քանի որ Հանրապետության հրապարակում պետք է միլիոնանոց հանրահավաք լինի: Նիկոլի գաղափարն է նաեւ, որ պետք է այդ օրը Հանրապետության հրապարակ հրավիրել Շառլ Ազնավուրին, Սերժ Թանգյանին, Քըրք Քըրքորյանին` միանալու ժողովրդին:

Արմեն Մարտիրոսյանը նաեւ հայտարարեց Ազատության հրապարակում սկսված ստորագրահավաքի մասին, որ տեւելու է դեռ մի քանի օր: Մարդիկ հերթ էին կանգնել` ստորագրելու, որ ընտրել են Ր. Հովհաննիսյանին եւ մասնակցելու են Հանրապետության հրապարակի ապրիլի 9-ի հանրահավաքին:

Իսկ ահա Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ ստեղծվում է «Բարեւ» հիմնադրամ, որտեղ իրենց համակիրները կարող են ներդրումներ անել շարժման կարիքները հոգալու համար:

Հ. Գ. Մոռացանք նշել, որ ոստիկանները բավական բարեկիրթ եւ փաղաքշաբար էին վերաբերվում հանրահավաքավորներին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ