RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1525, Տպվել է` 69, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՍԻՐԻԱՅՈՒՄ ԵՐԿՈՒ ՏԱՐՎԱ ԲԱԽՈՒՄՆԵՐԻՑ ՀԵՏՈ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԻՐՔԵՐՆ ԱՄՐԱՊՆԴՎԵԼ ԵՆ

Պ. Ք.

Ասիայում ռազմական ծախսերն արդեն ավելի շատ են, քան Եվրոպայում

Սիրիայում վարչակարգի եւ զինված ընդդիմության հակամարտությունը շարունակվում է արդեն երկու տարի: Կշեռքի նժարը սկսում է թեքվել ապստամբների կողմը, թեեւ օտարերկրյա ռազմական միջամտությունը քիչ հավանական է: Այս հավաստումներն են արվում Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի հրապարակած «Ռազմական հաշվակշիռ-2012» ամենամյա զեկուցագրում:

Փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի հակամարտությունը համաշխարհային անվտանգության գլխավոր խնդիրներից մեկն է: Նույնպիսի խնդիր է Չինաստանի եւ ասիական այլ երկրների հարաճուն ռազմական զորությունը:

Ընդգծվում է, որ չնայած սիրիացի ապստամբերի որոշ առավելությանը, կառավարական ուժերը կարող են մարտավարական առումով գերազանցել ընդդիմադիր կազմավորումներին, եթե վերջիններս հրաժարվեն պարտիզանական պատերազմից եւ փորձեն մշտական վերահսկողության տակ առնել երկրի մեծ քաղաքները:

Փորձագետները ընդդիմության հաղթանակին խանգարող մեկ ուրիշ գործոն են համարում նրա քաղաքական ու ռազմական ուժեղ ղեկավարության բացակայությունը:

Ինչ վերաբերում է վերջին իրադարձություններին, Դամասկոսում պատրաստվում են ընդդիմության հետ բանակցելու եւս մեկ փորձ կատարել: Սպասվում է, որ բանակցությունները տեղի կունենան Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջնորդությամբ, հաղորդում է «Ռոսիա-24» հեռուստաալիքը:

Սիրիայի արտգործնախարարությունը երեկ տարածել է հայտարարություն, որով Լիբանանի իշխանություններից պահանջում է վճռական միջոցներ ձեռնարկել ընդհանուր սահմանի շրջանում ահաբեկիչների գործունեությունը կասեցնելու համար: SANA գործակալության տարածած փաստաթղթում նշվում է, որ Սիրիայի զինված ուժերը դրսեւորել են զսպվածություն եւ չեն հարվածել զինված կազմավորումների լիբանանյան հենակետերին: Սակայն նման վիճակը «չի կարող անվերջ շարունակվել»:

Զեկուցագրում նաեւ արձանագրվում է, որ պատմության մեջ առաջին անգամ 2012 թվականին Ասիայի երկրների ընդհանուր ռազմական ծախսերը գերազանցել են եվրոպական պետությունների համանման ծախսերին:

Հետազոտողները հատկապես շեշտում են ՉԺՀ բանակի արդիականացման փաստը: 2012-ի սեպտեմբերին չինական ծովուժը ստացավ իր պատմության մեջ առաջին ավիակիրը:

Անդադար աճում է նաեւ ԿԺԴՀ-ի ռազմական զորությունը: Փորձագետների գնահատումների համաձայն, այդ երկիրն ունի աշխարհում երրորդ քիմիական զինանոցը: ԿԺԴՀ-ում պլուտոնիումի պաշարները, ըստ Ռոյթեր գործակալության, կարող են բավարար լինել 12 միջուկային մարտագլխիկների արտադրության համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ