RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



ԱԴՐԲԵՋԱՆ

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1664, Տպվել է` 67, Ուղարկվել է էլ.փոստով` 61

«ՇՈՒՆԸ` ՇՆԻՑ, ԵՐԿՈՒՍԸ` ՄԻ ՏՆԻՑ»

Վ. Ա.

Վերնագրում ո՛չ ադրբեջանցիների, ո՛չ ադրբեջանականի հանդեպ ֆոբիա չկա. պարզապես դիպուկ խոսք է, որ այս դեպքում, կարծում ենք, լավագույնս է բնութագրում Ադրբեջանի իշխանություն- ընդդիմություն հարաբերությունները:

Եվ այսպես, մինչեւ վերջերս հարեւան երկրում քաղաքական կոչվող միջավայրը տիրապետում էին իշխող վարչախումբը` «Ենի Ազարբայջան» կուսակցության ծածկաքողի տակ, եւ այսպես կոչված «տիտղոսային ընդդիմությունը», որի առանցքը , կարելի է ասել, ոչ այնքան «Մուսավաթ» կամ ԱԺՃ կուսակցությունն էր, որքան երկու անձնավորություն` Իսա Ղամբար, Ալի Քերիմլի:

2003-ի նախագահական ընտրություններին Ղամբարը, ըստ երեւույթին իրազեկված լինելով ներկլանային ինչ-ինչ հակասություններից, որ ի հայտ էին եկել «նահապետի» մահվանից հետո, թերեւս վստահ, որ կարող է «խաղալ» դրանց վրա, փորձ արեց թոթափել իշխող վարչախմբի «ստվերը» լինելու բարդույթը:

Հաշվարկը քաղաքականապես գուցե ճիշտ էր, բայց գործնականում չաշխատեց. Ղամբարը գլխին մետաղաձողի մի քանի հարված ստացավ, նրա հարյուրավոր կողմնակիցներ ծեծվեցին ավելի դաժանորեն, մի քանի տասնյակը ձերբակալվեց: Իսկ արդեն 2004-ին Իլհամ Ալիեւը «բացահայտեց պետական հեղաշրջման մի խումբ կազմակերպիչների»` առողջապահության նախարար Ալի Ինսանովի գլխավորությամբ: Նրանք դատվեցին եւ «շալակեցին» 10-15 տարվա բանտարկություն:

Ղամբարին, այսպիսով, ցույց տվեցին, որ մեկ անգամ նրանից «քնքշորեն» վերցված,- չէ՞ որ 1993-ի հունիսի 15-ին այն ժամանակ դեռ Ղամբարով ազգանունը կրող նույն Իսա բեյն էր ԳԽ նախագահի պաշտոնից հրաժարվել, որպեսզի Հեյդար Ալիեւի համար ճանապարհ բացվի,- իշխանությունը չեն պատրաստվում զիջել ոչ ոքի: Եվ նա հասկացավ, որ իրեն վերապահված է մշտապես խաղալու նույն դերը` ապահովել իշխող վարչախմբի «լեգիտիմությունը»:

Ներքաղաքական այդ դասավորությունում Ալի Քերիմլիին էլ հանձնարարված էր խաղալ Իսա Ղամբարի` որպես «արմատական ընդդիմության առաջնորդի լեգիտիմությունն» արդարացնելու դերը: Շուրջ երկու տասնամյակ այդ ստատուս քվոն պահպանվել է: Այսօր կարծես իրավիճակ է փոխվում: Քաղաքական դաշտ են մտնում նոր խաղացողներ, կազմավորվում «շարժումներ»: Իշխող վարչախումբին, սակայն, լրջագույնս անհանգստացրել է «ֆեյսբուքային» հեղափոխության ուրվականը:

Դրա դեմ պայքարում զորակոչվել են ե՛ւ պետական քարոզչամեքենան, ե՛ւ ուժային կառույցներ, ե՛ւ «գրպանային» ընդդիմությունը` ի դեմս Միլլի մեջլիսում ներկայություն ստացած մարդ- «կուսակցությունների»: Ամենահետաքրքրականը, սակայն, վարչախմբի շահերն սպասարկող «քաղաքագիտական» շրջանակների կողմից «տիտղոսային» ընդդիմությանն արվող ռեւերանսներն են:

Մեջլիսի պատգամավոր եւ քաղաքագետի համարում ունեցող Ռասիմ Մուսաբեկովը, մասնավորապես, կարծիք է հայտնել, որ «նոր ձեւավորվող ուժերը հասարակության մեջ չունեն այն վարկանիշը, ինչ` ավանդական ընդդիմությունը եւ չեն էլ կարող»: Ուշադրություն է հրավիրում հատկապես վերջին «չեն էլ կարող» ընդգծումը, ինչը նշանակում է, որ վարչախումբը պատրաստ է «մրցակցելու միայն ավանդական ընդդիմության» հետ:

Այսինքն, առաջիկա հոկտեմբերին անցկացվելիք նախագահական ընտրություններում Իլհամ Ալիեւը ձգտելու է մրցակից ունենալ «հասարակությանը քաջածանոթ ընդդիմադիր» թեկնածուի: Ընդ որում, արդեն իսկ ամեն ինչ արվում է, որպեսզի երկու «գլուխները»` Ղամբարը եւ Քերիմլին, «մի կաթսայում չեփվեն», եւ միասնական թեկնածու չառաջադրվի:

Ադրբեջանում, չնայած սոցիալապես բողոքավոր զանգվածների առկայությանը, քաղաքականապես ձեւավորված ընդդիմությունն առանց այդ էլ չափազանց թույլ է կամ, ինչպես Իսա Ղամբարի դեպքում` վարձահրավիրված-վերահսկվող: Եվ եթե դրան գումարվի «թիվ մեկ ընդդիմադիրի» համար պայքարը, որ վարչախմբի ակնհայտ ցանկությունն է, ապա լիովին կարդարանա Զարդուշտ Ալիզադեի գնահատականը, որ «իշխանությունը եւ ընդդիմությունը նույն մեդալի տարբեր կողմերն են»: Իսկ դա լիովին համապատասխանում է մեր վերնագրով ասածին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ