RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2069, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ՕՄԲՈՒԴՍՄԵՆԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ԻՐ ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑԻՑ ՎՐԴՈՎՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐԻՆ

ԿԱՐԵՆ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Շարունակում ենք ստանալ գրեթե միանման արձագանքներ բոլոր այն պետական մարմիններից, որտեղ ոչ միայն կան լրջագույն թերացումներ, այլեւ քննադատության նկատմամբ էական անհանդուրժողականություն: Նման արձագանքներից ակնհայտ է դառնում, որ այդ ցավոտ, կոռումպացված, իրավախախտումներով լի ոլորտները ղեկավարող պաշտոնյաները ակնհայտորեն մտահոգված են ոչ թե իրենց բնագավառները առավել արդյունավետ բարեփոխելով, այլ անհանգստացած են իրենց աշխատանքը առավել գեղեցիկ եւ անթերի մատուցելով:

Ավելինՙ առանձին գերատեսչություններ միմյանց հետ մրցակցում են, թե ով ավելի խորամանկ եւ ստեղծագործ եղանակով կպախարակի իրենց այդքան ցավեցրած տարեկան զեկույցը: Նրանք գրեթե միաբերան պահանջում են փաստեր եւ ապացույցներ օմբուդսմենի բարձրացրած համակարգային խնդիրների վերաբերյալ: Բոլոր այդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս կարդալ օմբուդսմենների գործունեությունը կարգավորող փարիզյան սկզբունքները, մեր Սահմանադրության եւ օրենսդրության համապատասխան հոդվածները, ուսումնասիրել տարբեր երկրների օմբուդսմենների զեկույցները, ինչպես նաեւ վերհիշել բազմաթիվ իրավապաշտպան կառույցների համանման զեկույցները: Դրանցից եւ ոչ մեկում ընդհանրացումները, ամփոփումները, համակարգային խնդիրների վերհանումները չեն արվում քրեական դատարանին հատուկ ապացույցներով:

Նորից կրկնում ենք ոչ տեղյակ հանրության եւ առանձին պաշտոնյաների համար: Օմբուդսմենի զեկույցը հիմնված է տարվա ընթացքում ստացված բողոքների, մամուլում եղած եւ չհերքված հրապարակումների, հասարակական կազմակերպությունների տեղեկությունների, առանձին ոլորտների հետ սերտորեն առնչված անհատների հետ գաղտնի հարցազրույցների վրա: Ճիշտ նույն աղբյուրներից են օգտվում աշխարհի բոլոր օմբուդսմենները, եւ ճիշտ նույն ինդուկցիոն մեթոդով են մասնավոր դեպքերից դուրս բերում համընդհանուր խնդիրներ:

Նորից հայտարարում ենք, որ առանձին պաշտոնյաների մոլորեցնող ու դեմագոգիկ պաշտոնական հակադարձումները, ինչպես նաեւ լրատվամիջոցներում ու սոցցանցերում Օմբուդսմենի դեմ պատվիրված գռեհիկ հարձակումները չեն փոխելու այն ցավալի ճշմարտությունը, որ մենք հրապարակում ենք յուրաքանչյուր ոլորտի մասին: Փոխվելու է այդ ոլորտի վիճակը, եթե ոլորտը ղեկավարում է լայնախոհ եւ բանիմաց առաջնորդ: Այլապես, հուսանք, փոխվելու են մարդիկ, որոնք ոչ միայն դեռեւս արդյունավետ չեն կարողացել լուծել իրենց ոլորտում առկա խնդիրները, այլեւ ի վիճակի չեն քննադատությունը ընկալել ողջամտորեն եւ բարելավել իրենց աշխատանքը:

Եվ վերջում, իրենց ոլորտներում կոռուպցիոն եւ ապօրինի դրսեւորումների մասին այդքան անտեղյակ պաշտոնյաներին, հուսանք, շուտով կօգնեն Հայաստանի ոստիկանության եւ ԱԱԾ օպերատիվ-հետախուզական ու քննչական ծառայությունները: Զուգահեռաբար այդ պաշտոնյաները մեր բարձրացրած խնդիրների մասին բազմաթիվ տեղեկություններ կարող են ստանալ իրենց ոլորտների թեկուզ հպանցիկ ծանոթություն ունեցած գրեթե յուրաքանչյուր քաղաքացուց, եթե այդ քաղաքացիները իրենց էլ վստահեն եւ չվախենան այդ պաշտոնյաների վրեժխնդրությունից:

Հարգանքով, համբերությամբ, բոլոր հարձակումներին դիմագրավելու պատրաստակամությամբՙ

Հ.Գ. Զեկույցների հրապարակման առումով մենք դեռ միայն կես ճանապարհին ենք եւ մինչեւ ապրիլի 29 ես այլեւս չեմ արձագանքի այս թեմայով պետական մարմինների պաշտոնական եւ պատվիրված հարձակումներին: Այս օրերին զեկույցն ամբողջությամբ կներկայացվի ՀՀ Ազգային ժողով, որտեղ ըստ օրենքի պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում: Կլինի նաեւ մամլո ասուլիս, որի ընթացքում բոլոր հարցադրումներին կտրվեն ավելի մանրմասն եւ համարժեք պատասխաններ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ