RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



ՎՐԱՑԱՀԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1676, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 67

ՋԱՎԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄԻՑ ԿՇԱՀԵՆ Ե՛Ւ ՎՐԱՍՏԱՆԸ, Ե՛Ւ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ

Հարցազրույց «Երկիր» միության խորհրդի նախագահ Սեւակ Արծրունու հետ

- Պարոն Արծրունի, խնդրում եմ ընդհանուր գծերով բնութագրելՙ նախկին իշխանությունների համեմատությամբ Իվանիշվիլիի վարչակարգն ի՞նչ քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ:

- Նախ եկեք այլեւս չօգտագործենք «ազգային փոքրամասնություն» եզրը: Հայությունը եւ վրաստանաբնակ ոչ վրացի մյուս էթնիկ խմբերը Վրաստանի ամբողջությունը կազմող ժողովուրդներ են, եւ Վրաստանում, հարեւան Թուրքիայի նման, գլխավոր էթնիկ խումբը երկրում իրավական առումով «մեծամասնություն» չի կարող կազմել: Վերադառնալով հարցին` փաստացի երեւույթների վրա հենվելով Իվանիշվիլիի քաղաքականությունը դժվար է հստակ բնութագրել, առայժմ այն պայմանավորված է հիմնականում Սաակաշվիլիի եւ նրա վարչակարգի վտանգազերծման առաջնահերթությամբ: Երբ Սաակաշվիլին կչեզոքացվի, միայն այդ ժամանակ մենք իսկապես կհասկանանք նոր վարչակարգի իրական նկարագիրը, տեսանելի կդառնան Վրաստանի ոչ վրացի էթնիկ խմբերի նկատմամբ քաղաքականության ուրվագծերը: Մինչ այդ, բոլորը` ներառյալ նաեւ ոչ վրացի ազգային խմբերը, գործում են համապատասխանաբար: Մեր գնահատմամբՙ Սաակաշվիլիի եւ նրա կողմնակիցների քաղաքական ճակատագիրը հայտնի կդառնա շուտով, եւ Վրաստանում ապրող ազգային խմբերի նկատմամբ Իվանիշվիլիի քաղաքականության կոնկրետ դրսեւորումները կտեսնենք սկսած առաջիկա աշնանից: Թե ինչպիսի՞ն կլինի այդ քաղաքականությունը, կախված է աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական որոշ երեւույթներից:

- Իվանիշվիլիի օրոք լուծում տրվելո՞ւ է ջավախահայության եւ վրացահայության առջեւ ծառացած խնդիրներին:

- Իվանիշվիլին իրատես եւ պրագմատիկ ղեկավար է, նա գործում է հիմնվելով փաստացի երեւույթների վրա: Նա, անկասկած, շարունակելու է գնալ ժողովրդավարական ճանապարհով, այսինքն Վրաստանի ժողովրդի մեծամասնության կարծիքը ներկայացնող քաղաքական կամքի հետ հաշվի նստելով: Սակայն, կարծում եմ, նոր իշխանությունները չեն կրկնելու Սաակաշվիլիի սխալները եւ աշխարհաքաղաքական առաջնահերթությունները չեն գերադասվելու ներվրացական խնդիրներից: Չեն լինելու անօրինական բռնատիրական գործողություններ ո՛չ Ջավախքում, ոչ էլ Վրաստանի այլ շրջաններում: Այդ իմաստով, բնականաբար շատ բան է փոխվելու նաեւ վրացահայության կյանքում:

Գալով բուն հարցին` ասեմ, որ Վրաստանում լուծում կստանան բոլոր այն խնդիրները, որոնք լսելի կդառնան ներվրացական կենտրոնական քաղաքական բեմի վրա, եւ այն խնդիրները, որոնք կբարձրացվեն միջազգային քաղաքական շրջանակներում: Ջավախահայ եւ վրացահայ գործիչներն այդ ճանապարհով, ինչու չէ, լսելի կդառնան նաեւ Հայաստանում: Իվանիշվիլին եւ նրա համակարգը գործելու են, ինչպես արդեն ասացինք, հաշվի նստելով փաստերի հետ: Որպես այդպիսին, նրանք պարտավոր կլինեն որդեգրել նոր գործելաոճ` հավասարակշռություն պահպանելով պետական անվտանգության եւ բազմազգ հասարակության հրամայականների միջեւ: Հիմա, այս ամենը մեզ համար շահավետ կլինի, եթե վրացահայությունը եւ Ջավախքը կարողանան համախմբվել քաղաքական մեկ կենտրոնացած օրակարգի եւ ծրագրի շուրջը:

- Ներկա պայմաններում ինչպիսի՞ն պետք է լինի ջավախահայության եւ վրացահայության իրավունքների համար պայքարի մարտավարությունը :

- Ջավախահայությունը, վրացահայությունն ընդհանրապես եւ ամբողջ հայությունը պետք է համատեղ ուժերով աշխատեն, որպեսզի Վրաստանը լինի կայուն, ժողովրդավարական, ազատական, անկախ եւ բարգավաճ երկիր: Այս առաջնահերթությունը անշրջանցելի է ոչ միայն վրաց, այլ նաեւ հայ եւ տարածաշրջանի մյուս բոլոր ժողովուրդների շահերից ելնելով: Վրաստանի կայունությունն ու զարգացումը ելնում են Հայաստանի շահերից, քանի որ անցած տասնամյակում Վրաստանում եւ Իրանում տիրող ճգնաժամային իրավիճակները օբյեկտիվորեն նպաստում էին Հայաստանի շրջափակման թուրք-ադրբեջանական ծրագրին: Մյուս կողմից, Վրաստանը կարող է կայուն եւ ժողովրդավարական երկիր դառնալ, միմիայն եթե իրատեսորեն հաստատվի բազմազգ պետության իրողության մեջ:

Արդ, վրացահայությունն ամբողջությամբ պետք է ներգրավվի Վրաստանի կենտրոնական եւ շրջանային իշխանություններում եւ գործի այնպես, որ երկրի հայ բնակչության քաղաքական, քաղաքացիական, լեզվական, կրթական, կրոնական, մշակութային եւ այլ պահանջները համահունչ լինեն ամբողջ երկրում հաստատվող ժողովրդավարական ազատությունների գործընթացների հետ: Այն, ինչ տարիներ շարունակ հայ ակտիվիստները պահանջել ենՙ լեզվի կարգավիճակի, առաքելական եկեղեցու կարգավիճակի եւ շենքերի խնդիրների լուծում, ներկայացվածություն տեղական եւ շրջանային պետական մարմիններում եւ արդար ընտրություններ, վերջապես, հայալեզու հիմքով դպրոցների պահպանություն, հայկական համալսարանի բացում Ջավախքում, այդ բոլոր պահանջները մնալու են ուժի մեջ: Դրանց ուղղությամբ շարունակվող պայքարը Իվանիշվիլիի համակարգում գործող յուրաքանչյուր հայ գործչի, ակտիվիստի, պետական այրի, մտավորականի կամ քաղաքացու ներդրումը պետք է դառնա կայուն Վրաստանի հաստատման գործում: Հավատացեք, ինչպես Սաակաշվիլիի ձախողման, նույնպես եւ Իվանիշվիլիի հաջողության մեջ հայ բնակչությունը կարող է վճռորոշ դերակատարություն ունենալ:

Ջավախքի հայապահպանության եւ վրացահայ համայնքի ամրապնդման խնդրով մտահոգ ուժերի անելիքը պետք է լինի, քաղաքական մասնատվածության պայմաններում իսկ, ամեն բանից բարձր պահել մեր վերոնշյալ իրավունքների համար պայքարը եւ համահայկական ուժերով չթուլացնել ճնշումը Վրաստանի կենտրոնական իշխանությունների վրա:

Այս պայմանների շարունակական ամբողջացման դեպքում բնականաբար նույն ինքն Իվանիշվիլիի իշխանության օրոք կլուծվեն, համոզված եմ, ջավախահայության եւ վրացահայության բոլոր խնդիրները, եւ դրանից կշահի առաջին հերթին ինչպես Վրաստանը, այնպես էլ ամբողջ տարածաշրջանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ