RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



ԱՆՏՈՒՆԻ

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1201, Տպվել է` 73, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ՀՈՒՍԱՀԱՏ ԲՆԱԿԻՉՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՍԵՓԱԿԱՆ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐԸ

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Տիգրան Մեծի, Հանրապետության ու Խանջյան փողոցների իրենց բնակարաններից «վտարված» քաղաքացիներն արդեն 5 տարի սպասում են նոր բնակարանների, բայց դեռեւս` ապարդյուն: Նրանց կնքած պայմանագրերի համաձայն` նոր բնակարանները պետք է ստանային 3,5 տարում, բայց արդեն 5 տարի անցել է... եւ բնակիչները ստիպված մերթ բողոքի են դուրս գալիս կառավարության շենքի դիմաց, մերթ` մամուլի ակումբներում: Նշված երեք փողոցներից 180 ընտանիք մնացել է առանց սեփական բնակարանի, նույնիսկ 120 ընտանիքի համար նախատեսված շենքի տարածքում շինարարություն դեռ չի սկսվել:

Նունե Կարապետյանի ընտանիքը 180 անօթեւան ընտանիքներից մեկն է: 8 ամիս առաջ Նունեն կորցրել է ամուսնուն եւ հիմա 2 անչափահաս երեխաներին միայնակ է մեծացնում: Սոցիալական խնդիրները, ամուսնուն կորցնելու վիշտը Նունեին կանգնեցրել են անելանելի վիճակի առաջ: Նա երեխաների հետ վարձով բնակարանում է ապրում եւ արդեն 5 տարի տեղափոխվում է մի բնակարանից մյուսը, հույսով սպասում, որ ի վերջո իրենք էլ ապրելու իրենց անկյունը կունենան:

Նունեն պատմում է, որ իր վարձակալած բնակարանի տերն անգամ թույլ չի տվել, որ Նունեի ամուսնուն վարձված տնից թաղեն. ստիպված հուղարկավորությունն արել են եկեղեցուց:

Երեկ «Վարկած» ակումբուն Նունեն ասաց, որ իր համար արդեն միեւնույնն է, թե քաղաքի որ անկյունում իրեն բնակարան կտան` կենտրոնում, թե՞ ծայրամասերում: Ամեն ամիս բնակարանի վարձը վճարելու համար կառուցապատող «Գլենդեյլ հիլզ սիթի սենթր» ընկերությունից Նունեն ստանում է 30 հազար դրամ, ինչը բնականաբար բավարար չէ ամբողջ վարձը վճարելու համար, բայց եթե հանկարծ Նունեն որոշի հրաժարվել պայմանագիրը երկարացնելու պահանջից, ապա կառուցապատողն իրեն 30 հազարից էլ կզրկի: 3 ամիս անց Նունեն ստիպված է կրկին երկարացնել բնակարան ստանալու իր պայմանագրի ժամկետը, բայց եթե հակառակվի ու հրաժարվի երկարացնելու պահանջից, ապա միգուցե զրկվի բնակարանից էլ, 30 հազարից դրամից էլ:

Ի տարբերություն Նունեի` Անդրանիկ Գրիգորյանը համաձայն չէ ստանալ բնակարան ծայրամասերում: Անդրանիկն ասում է ապրել է եւ ուզում է ապրել քաղաքի կենտրոնում: Այս պահին Անդրանիկն էլ վարձով է ապրում, ինչպես ինքն է ասում, արդեն 7 բնակարան է փոխել, ինչպես Նունեն, Անդրանիկն էլ նույնչափ գումար է ստանում կառուցապատողից տան վարձի համար, բայց ասում է, որ գումարը տալիս են 1-2 ամիս ուշացումով:

«5 տարի սպասում եմ բնակարանի, բայց շենքը դեռ չի կառուցվում, տեղում փոս է, եւ հասկանալի է, որ 1-2 տարում շենքը չի կառուցվի», նշեց Անդրանիկը, որը նաեւ մյուս ընտանիքների անունից հավելեց. «Հայաստանի կառավարությունից պահանջում ենք, որ լսի մեզ, մենք համբերություն էլ չունենք, թող կամ բնակարաններ տան մեզ, կամ փոխհատուցեն բավականաչափ դրամով»:

Մամուլի ակումբում հավաքված բնակիչները նախորդ օրն էլ հավաքվել էին կառավարության տան դիմաց, «Ազգը» այս մասին գրել է երեկվա համարում:

Նշված 180 ընտանիքներից 60-ին էլ խոստացել են ապահովել բնակարաններով, որոնք կառուցվում են «Արարատ» գինու գործարանի մոտ: Սակայն բնակիչներից Եփրեմյան Մայիսի փոխանցմամբ` շենքի շինարարությունը դադարեցվել է, եւ 60 ընտանիքներից ոչ մեկը բնակարան դեռ չի ստացել:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ