RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



100-ամյակ

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 2745, Տպվել է` 180, Ուղարկվել է էլ.փոստով` 91

ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՅԱՆ-100

ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ավագ եւ միջին սերնդի մտավորականներից ո՞վ չի հիշում բնության կողմից շռայլորեն օժտված, բարձրահասակ, թիկնեղ, արդեն սպիտակած, փարթամ մազերը կողքի սանրած, ավանդական ծխամորճը ատամների արանքում սեղմած, բարի ու խելացի ժպիտը դեմքին, գեղեցկադեմ ու առինքնող, իր շրջապատի մարդկանց, ուսանողների, ասպիրանտների եւ իր ընկերների ջերմ սերն ու ակնածանքը վայելող, իր ներկայությամբ շրջապատին հաճելի տրամադրություն պարգեւող, Երեւանի պետական համալսարանի դասախոս, ակադեմիկոս Էդուարդ Բագրատի Աղայանինՙ 20-րդ դարի հայ լեզվաբանության ամենապայծառ դեմքերից մեկին:

Բազմազան ու տարաբնույթ են ակադեմիկոս Աղայանի գիտական, մանկավարժական ու հասարակական գործունեության բնագավառներըՙ դասախոսական սիրված ու նվիրյալ աշխատանք, բազմաթիվ ասպիրանտների խորհրդատու եւ հոգատար գիտական ղեկավար, խիստ ու պահանջկոտ ընդդիմախոս, մի քանի տասնյակ գիտական աշխատությունների ու դասագրքերի հեղինակ, Հրաչյա Աճառյանի գիտական ժառանգության հազարավոր ձեռագիր էջերի խմբագիր, առաջաբաններ գրող ու հրատարակիչ... եւ այս բոլորի հետ մի շարք վարչական պատասխանատու աշխատանքներ:

Աղայանը իր կյանքի տարբեր տարիներին վարել է տարբեր պաշտոններ, եղել է ՀՍՍՀ լուսավորության նախարարության բուհերի բաժնի վարիչ, ԵՊՀ-ի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, «Բանբեր Երեւանի համալսարան» հանդեսի խմբագիր, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի դեկան, ՀՀ ԳԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի նախՙ փոխտնօրեն, ապաՙ ընդհանուր լեզվաբանության բաժնի վարիչ, 30 տարի ղեկավարել է համալսարանի ընդհանուր եւ համեմատական լեզվաբանության ամբիոնը: Տարիներ շարունակ եղել է ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության եւ հայոց լեզվի գծով գիտական աստիճաններ շնորհող գիտական խորհրդի նախագահ:

Էդուարդ Աղայանը եղել է ՀՀ Գերագույն խորհրդի երկու գումարումների (1980 եւ 1985 թթ.) պատգամավոր:

Հայաստանի կառավարությունը, բարձր գնահատելով անխոնջ մտավորականի գիտամանկավարժական ու վարչահասարակական գործունեությունը, նրան շնորհել է Գիտությունների վաստակավոր գործչի պատվավոր կոչում եւ պարգեւատրել է Աշխատանքային արիության եւ Խաչատուր Աբովյանի անվան մեդալներով ու մի քանի պատվոգրերով:

Գիտական կադրեր պատրաստելու եւ լեզվաբանությանը մատուցած մեծ ծառայությունների համար, ծննդյան 70-ամյակի կապակցությամբ Խորհրդային Միության Գերագույն խորհրդի նախագահության հրամանագրով 1983 թ. Էդուարդ Բագրատի Աղայանը պարգեւատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

Էդուարդ Աղայանը ծնվել է 1913 թ. մարտի 16-ին Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ տարածքիՙ Զանգեզուրի ամենահարավիՙ Մեղրի քաղաքատիպ ավանում: Մեկ տարեկան տղային հայրը հաճախ էր նստեցնում ծնկներին ու նրա համար ծնկծնկացնում հորից ժառանգություն մնացած թառը, իսկ մայրըՙ Շուշանիկը, կամացուկ դնդնում էր անուշ մեղեդիներ: Ահա այդ ընտանիքից է, որ Աղայանի մեջ առաջացել է մեծ սեր թառի ու երգի նկատմամբ, որոնց նա սիրահարված մնաց մինչեւ կյանքի վերջըՙ 1991 թ. դեկտեմբերի 29: Փոքրիկ Էդուարդը շատ քիչ վայելեց հոր ներկայությունը, 1914 թ. նրան զորակոչեցին բանակ, եւ այլեւս չվերադարձավ: Տեղի 7-ամյա դպրոցն ավարտելուց հետո, 1930-ին ընդունվում է տեղի կոլտնտեսային ուսումնարանըՙ միաժամանակ աշխատելով Մեղրու «Նոր կյանք» կոլտնտեսությունումՙ որպես հաշվապահ, 1932-33 թթ. աշխատում է Լիճք գյուղի 7-ամյա դպրոցում որպես հայոց լեզվի եւ թվաբանության ուսուցիչ: Այդ դպրոցն այժմ կոչվում է Էդուարդ Աղայանի անունով:

Աղայանը սիրում էր աշակերտներին ու դպրոցական կյանքը, հենց դա էլ նրան բերում է Երեւանի պետական համալսարան: 1933-ին նա համալսարանի պատմագրական ֆակուլտետի ուսանող էր եւ հենց առաջին կուրսից աչքի էր ընկել լեզուների նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրությամբ, որը չի վրիպել աշխարհահռչակ լեզվաբան, համալսարանի պրոֆեսոր Հրաչյա Աճառյանի ուշադրությունից: Նրան էլ Աճառյանն ընտրում է որպես իր ձեռագրերի խմբագրի ու հրատարակչի: Եվ Աղայանը եղավ ու մնաց Աճառյանի ձեռագրերի եւ կիսատ թողած գործերի խմբագիրն ու հրատարակիչը: Ահա դրանքՙ «Հայոց լեզվի պատմություն», 2-րդ հատոր, «Լիակատար քերականություն հայոց լեզվի», 8 հատորներ, «Քննություն Վանի բարբառի», «Արմատական բառարան», 4 հատոր, «Կյանքիս հուշերից» եւ «Հայոց գրերը»:

Համալսարանում ուսումնառության առաջին իսկ տարիներից դրսեւորվում են Աղայանի արտակարգ ընդունակությունները: Այստեղ էլ նա պաշտպանում է թեկնածուականՙ «Մեղրու բարբառը» (1941) եւ դոկտորականՙ «Հայ լեզվաբանության պատմություն» (1945) ատենախոսությունները:

Բազմազան է ակադեմիկոս Աղայանի հետաքրքրությունների շրջանակըՙ ընդհանուր լեզվաբանություն, հայոց լեզվի պատմություն, քերականություն, բարբառագիտություն, համեմատական քերականություն, բառարանագիտություն եւ այլն:

Այս բոլոր բնագավառներում մեծ գիտնականը լուրջ ներդրումներ կատարեցՙ նրա շատ աշխատություններ դարձան բուհական դասագրքեր եւ մինչեւ օրս գրեթե անփոփոխ ծառայում են այդ նպատակին: Դրանցից առաջինը «Լեզվաբանության ներածություն» դասագիրքն է, որի առաջին հրատարակությունը տեղի ունեցավ 1947-ին, ապա, վերամշակվելով, ունեցավ 4 հրատարակություն վերջինըՙ «Լեզվաբանության հիմունքներ» վերնագրովՙ 1987 թ. (736 էջ), լույս տեսավ նաեւ ռուսերեն եւ մուտք գործեց ԽՍՀՄ-ի բոլոր բուհերըՙ որպես հիմնական դասագիրք:

1967-ին լույս տեսավ նրա «Հայերենի հոլովումը եւ խոնարհումը», «Գրաբարի քերականությունը» (1964), «Ընդհանուր եւ հայկական բառագիտություն» (1984), «Հայոց լեզու» (բուհական դասագիրք), «Բառաքննական եւ ստուգաբանական հետազոտություններ», «Տերմինաբանություն» եւ բազմաթիվ այլ գրքեր ու հոդվածներ, որոնց թիվը հասնում է 164-ի, իսկ խմբագրած աշխատանքների թիվըՙ 42-ի (տե՛ս Խ. Բադիկյան, «Էդուարդ Աղայան» (կյանքը եւ գործը), Եր. «Մանմար» հրատ., 2010 թ., էջ 154-167):

Աղայանի կարապի երգը «Լեզվաբանական հետազոտություններ» ժողովածուն է (420 էջ), որը լույս է տեսել հետմահուՙ 2003 թ., ԵՊՀ հրատարակչության կողմից:

Էդուարդ Աղայանի ամենամեծ ծառայությունն իր ժողովրդին պետք է համարել հայ ժողովրդի բոլոր խավերի կողմից ամենօրյա օգտագործվող «Արդի հայերենի բացատրական բառարանը», այն 400 տարվա հայ տպագիր բառարանագրության մեջ ամենահարուստն է, պարունակում է 135 600 բառ եւ 11 000 դարձվածային միավոր: Բառարանը չափազանց հարուստ է նորաբանություններով, դրանց թիվն անցնում է 15 հազարից, շատ հարուստ է նաեւ բառերի բազմիմաստությամբ եւ ստուգաբանություններով: Ծանրաբեռնված չէ հնաբանություններով ու բարբառային բառերով: Բառարանի վրա Աղայանն աշխատել է 20 տարի (1955-1975):

Ակադեմիկոս Էդուարդ Բագրատի Աղայանըՙ հայ լեզվաբանական մտքի ամենապայծառ դեմքերից մեկը, հավերժ կապրի իր ժողովրդի հետ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ