RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2013-03-14 > #038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013



ԻՍՊԱՆԻԱ

Տեղադրվել է` 2013-03-16 13:59:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 1926, Տպվել է` 103, Ուղարկվել է էլ.փոստով` 106

ԵՐԲ ՄԵԿՏԵՂՎՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԸ

ԱՐԱՐԱՏ ՂՈՒԿԱՍՅԱՆ, Վալենսիա (Իսպանիա)

Երբ աշխարհում գոյություն ունեցող սահմաններն ընկալվում են գեթ զանազան մշակույթները տարանջատող բնագծեր, ակամայից պատկերացնում ես, թե որքա՜ն հարուստ է Երկիր մոլորակը, որի ուղեծրով կողք-կողքի եւ համաչափ պտտվում են նույն այդ մշակույթներըՙ առանց իրար խանգարելու եւ մեկը մյուսին լրացնելով: Միայն այս դեպքում է, որ համակեցությունը դառնում է անխուսափելի անհրաժեշտություն, որից եւ ծնվում է այդքան բաղձալի խաղաղությունը: Թերեւս այս վերջինն անհնարին լինի ձեռք բերել ամբողջ աշխարհում (համենայն դեպս, դեռ ոչ ոքի դա չի հաջողվել), քանզի եթե չեն բախվում գաղափարախոսությունները, ապա դա անում են կրոնները, եւ եթե չեն բախվում մշակույթները, ապա դա անում են սովորույթները:

Իսկ ահա այս փոքրիկ լսարանում ամեն ինչ հնարավոր է, եւ պետք է մենընդմիշտ ընդունել, որ հենց նման փոքրիկ լսարաններից է սկսվում ամեն ինչՙ սերը կամ ատելությունը, խաղաղությունը կամ պատերազմը, հանդուրժողականությունը կամ վանումը:

Այս փոքրիկ լսարանում հնարավոր է մեկտեղել բոլոր մշակույթները, կրոնները, գաղափարախոսություններն ու սովորույթները: Այստեղ հնարավոր է գտնել համակեցության բանաձեւը եւ հաստատել խաղաղություն: Իսկ բանաձեւը միակն էՙ լսել եւ ճանաչել: Դրա համար ընդամենը պետք է մեկ բանՙ համագործակցություն: Իսկ ահա վերջինիս ամենաանհրաժեշտ պայմանը լեզուն է, այս դեպքումՙ իսպաներեն լեզուն:

Այս երգեցիկ լեզուն սովորելու անհրաժեշտությունը կողք-կողքի է նստեցրել հրեային ու պաղեստինցուն, հնդիկին ու պակիստանցուն, թուրքին ու քուրդին, ռուսին ու լեհին, պարսիկին ու իրաքցուն... Եվ այդպես, ցայսօր 48 ազգի ներկայացուցիչներ, մոռանալով բոլոր քաղաքական տարաձայնությունները, կրոնական ու ազգային տարբերությունները, միավորվել են մեկ նվիրական գաղափարի շուրջՙ սովորել այն հյուրընկալ երկրի լեզուն, որն այդքան ջերմորեն իր դռներն է բացել իրենց առջեւ:

Լեզուն սովորելով հանդերձ, կամա թե ակամա, նրանք բոլորն էլ ի ցույց են դնում իրենց տարբերությունները, սակայն ո՛չ թե եսասիրության ու ազգայնամոլության հարթակից, այլեւՙ ծանուցելու նպատակով: Եվ տեսնելուց, լսելուց ու ըմբռնելուց հետո հասկանում ես, որ կողքինիդ տարբերությունը միմիայն հարստացնում է քեզ: Հենց այդ տարբերություններն են, որ ստեղծում են այն գեղեցիկ, գունեղ ու բազմերանգ մշակութային խճանկարը, որը զարմանալիորեն եւ հաճելիորեն համատեղվում է այս փոքրիկ քաղաքումՙ Միսլատայում, ուր 115 ազգի ներկայացուցիչներ են ապրում կողք-կողքի:

Եվ որքան էլ զարմանալի կամ անհավատալի թվաՙ այստեղ բնակվող օտարազարգիներին միավորողը... հայն է: Դասավանդողն այս տողերի հեղինակն է, ով բացի ուսուցանելուց նաեւ ուսանում է: Եվ, հավատացեք, մեծագույն բավականություն եմ ստանում, երբ հաջողվում է հանդուրժողականություն սերմանել կրոնների ու գաղափարախոսությունների միջեւ, որոնք լեզվի ուսուցանման միջոցով սկսում է հետաքրքրել բոլորին, պակիստանցունՙ հնդիկի մտահոգությունը, թուրքինՙ հայի պահանջը, հրեայինՙ պաղեստինցու խնդիրը: Հավատացեք, այս ամենի պատասխանները գտնում ենք այս փոքրիկ լսարանումՙ Միսլատայի Գաղթականների ինտեգրման եւ միջնորդության կենտրնում (AMICS), ուր նույնիսկ տարիքը սահմանափակում չունի: Այստեղ տեղ ունեն բոլորըՙ ե՛ւ 84-ամյա ղազախուհի Կլավդիա Պոստուշենկոն, ե՛ւ 15-ամյա հնդկուհի Մրկիտ Կոտը: Նայելով նրանցՙ հասկանում ես, որ բոլոր խնդիրներն ունեն իրենց պատասխանները, եւ դրանք կարելի է հայտնաբերել խաղաղորեն:

Արարատ հայկական միությունը, համագործակցությամբ Միսլատայի քաղաքապետարանի, այս էլ արդեն 6-րդ տարին է, ինչ իսպաներենի անվճար դասընթացներ է անցկացնում օտարերկրացիների համար: Վերջին կուրսի շրջանավարտները լրացրեցին մոտ 700 աշակերտների շարքը, որոնք ժամանակին այցելել են դասընթացներին: Պատվոգրերը հանձնելու համար քաղաքապետարանից ժամանել էին Միջազգային Համագործակցության խորհրդական Խոսե Ռամոն Բոսկան (Josռ Ramցn Boscո), Ձախ Միության խոսնակ Սալվադոր Գարսիա Մոտան (Salvador Garcվa Mota) եւ Ժողովրդական կուսակցության խորհրդականներ Լիխիա Ռոդրիգոն (Liqia Rodrigo) ու Խուլիո Բալբաստրեն (Julio Balbastre): Հանձնման արարողության վերջում խոսք առավ Խոսե Ռամոն Բոսկան, ով բարձր գնահատեց «Արարատ» միության ծավալած գործունեությունը ո՛չ միայն քաղաքում, այլ նաեւ մարզում եւ ամբողջ երկրում:

Ինչպես միշտ, այս անգամ եւս պատվոգրերի հանձնման արարողությանը հաջորդեց փոքրիկ ճաշկերույթը, որին բոլոր ազգերը ներկայացրեցին իրենց ազգային ուտեստները:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 16-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ