RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1134, Տպվել է` 63, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԿՊՉՈՒՆ ԿՏՐՈՆՆԵՐՆ ԱՎԵԼԻ ԼԱՎ ԵՆ ԵՐԵՎՈՒՄ, ՔԱՆ ԴԵՂԻՆ ՀԱՄԱՐՆԵ՞ՐԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Պետական կառույցների «փայլուն» տրամաբանությունը տաքսիներին վերաբերող նոր առաջարկություններում

Դեղին համարանիշների փոխարեն կպչուն ստիկերներ փակցնելու առաջարկը շարունակում է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ: Ինչը բնական է եւ հասկանալի, քանի որ առնչվում է օրինական եւ ապօրինի գործունեություն ծավալող հազարավոր տաքսիստների, ինչպես նաեւ տաքսիներից օգտվող շատ ավելի մեծաթիվ բնակիչների շահերին: Ի դեպ, հատկապես վերջիններիս շահերը ո՛չ օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը, ո՛չ տրանսպորտի եւ կապի նախարարությունը, ո՛չ էլ ճանապարհային ոստիկանությունը, ինչպես սովորաբար լինում է, ընդհանրապես հաշվի չեն առել:

Համաձայն օրենսդրական կարգավորման ազգային կենտրոնի առաջարկիՙ դեղին համարանիշների փոխարեն անվճար կտրամադրվեն կպչուն ժապավեններ: Դրա շնորհիվ գործունեություն սկսող տաքսիները ազատվելու են 17 հազար դրամ վճարելուց, ինչը նրանք անում էին դեղին համարանիշներ ստանալիս: Տաքսիներից հանվում են նաեւ ամենօրյա բուժզննման եւ տեխզննման, մշտական կայանատեղի ունենալու պահանջները, ինչի շնորհիվ, ըստ վերոնշյալ կենտրոնի, տաքսիստները կխնայեն ամսական 12-15 հազար դրամ:

Առաջին հայացքից վատ առաջարկներ չեն, քանի որ նվազեցնում են ծախսերը, հեշտացնում գործընթացները, դուրս մղում ավելորդ օղակներին, որոնք ոչինչ չստեղծելով, գումարներ էին ստանում: Սակայն միայն առաջին հայացքից է ամեն ինչ ճիշտ ու տեղին թվում:

Դեղին համարներով գործող տաքսիստների համար անհասկանալի է, թե ինչո՞ւ են հիմա էլ իրենց պարտադրում փոխել դեղին համարները, երբ ժամանակին ստիպում էին դրանք վերցել:

Հիմա, երբ իրենք արդեն գործում են օրինական դաշտում, պետությունը փոխանակ հարկադրի անօրինական գործող տաքսու վարորդներին մտնել օրինական դաշտ, օրինական գործողներից պահանջում է փոխել մի քանի տարի առաջ պարտադրանքով նրանց տրված դեղին համարները: Առավել տարօրինակ է այն բացատրությունը, թե դեղին համարները կպչուն ստիկերներով փոխելով հնարավորություն կստեղծվի անօրինական գործողներին հանելու ստվերից:

Նախ` ստվերում գործող սպիտակ համարներով տաքսիստներին դեղին համարների համար վճարվելիք 17 հազար դրամը չէ, որ խանգարում է օրինական դաշտում գործել: Այդ գումարը նրանց 2-3 օրվա եկամուտն է, եւ վճարելը ոչ մի խնդիր չի առաջացնում: Այդ մարդիկ պարզապես չեն ցանկանում գործել հարկման դաշտում: Նրանք դա չեն ցանկանալու անել նաեւ, եթե նրանց առաջարկվեն անվճար ստիկերներ: Այս պարզ ճշմարտությունը ոչ մի կերպ հասանելի չէ կամ գուցե չի՞ հետաքրքրում օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի, տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ճանապարհային ոստիկանության «բարեփոխիչներին»:

Հաջորդըՙ եթե դեղին համարներով ավելի դժվար էր հարկման դաշտ բերել ապօրինի գործող տաքսիներին, որոնք ընդհանուր դաշտի մոտ 30 տոկոսն էին կազմում, ապա ավելի դժվար չի՞ լինի մեքենայի հետեւի ապակուն փակցված կպչուն ստիկերներով դա անել: Ճանապարհային ոստիկանները կամ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտային տեսչության աշխատակիցներն ավելի լավ են տեսնելու դեղին համարնե՞րը, թե՞ հետեւի ապակուն փակցված կտրոնը: Առավել եւս, որ նման օրինակ նախկինում ունեցել ենք, երբ վերոնշյալ կառույցների աշխատակիցները հայտարարում էին, որ կպչուն էլիպսաձեւ կտրոնները երթուղային միկոավտոբուսների դռներին արդյունավետ չեն, թույլ չեն տալիս ստվերից դուրս բերել նրանց, ուստի դրանք փոխվեցին դեղին համարներով: Այսինքն, այն ժամանակ արդյունավետ չէին, հիմա արդյունավե՞տ են լինելու: Մի՞թե այստեղ տրամաբանություն կա:

Պակաս կարեւոր չէ նաեւ օրինական գործող տաքսիստների այն դժգոհությունը, որ իրենք վճարել են դեղին համարներ ստանալու համար, անցած 5-6 տարիներին հարկեր վճարել, իսկ նոր կարգով անօրինական գործողները հանդես են գալիս շահողի կարգավիճակում: Փաստորեն, մեր երկրում ամեն ինչ արվում է, որ օրինական գործողները տուժեն, իսկ ապօրինի գործողները առանց կորուստների՞ դուրս գան: Նրանց հարցադրումը` իսկ մեզ կվերադարձնե՞ք դեղին համարները ստանալու համար մեր վճարած գումարը, միանգամայն օրինական է եւ արդարացի:

Եվ վերջապես, թերեւս ամենակարեւորը, որ առնչվում է մեզ բոլորիս` տաքսիներից օգտվող հարյուրհազարավոր մարդկանց: Դեղին համարանիշներ ունեցող տաքսիներից օգտվելիս քաղաքացին գիտեր, որ դա օրինական գործող տաքսի է եւ գոնե որոշակի չափանիշների համապատասխան: Գաղտնիք չէ, որ սպիտակ համարներով գործող տաքսիները հիմնականում չունեն հաշվիչներ, կամ չեն երեւում, թե որտեղ են դրանք, եւ ուղեւորներից պահանջում են կամայական բարձր գումար: Դրա համար շատերը խուսափում են այդ տաքսիներով երթեւեկելուց: Այժմ ինչպե՞ս է երեւալու սպառողին, թե տվյալ տաքսին օրինակա՞ն է, թե՞ ապօրինի, ինչպե՞ս է նա տաքսին կանգնեցնելիս զանազանելու` հետեւի ապակուն փակցվա՞ծ է կտրոնը, թե՞ ոչ: Առավել եւս, որ նոր առաջարկներ ներկայացնող վերոնշյալ պետական կառույցներից ոչ ոք չխոստացավ, որ խստագույնս հսկվելու է, որ բոլոր տաքսիները գործեն օրինական դաշտում: Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի, տրանսպորտի եւ կապի նախարարության եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարներն ու չինովնիկները, նման առաջարկներ ներկայացնելուց առաջ, վատ չէր լինի, եթե փոքր-ինչ մտածեին եւ հասկանային, որ տաքսիների հետ կապված հարցերը միայն տաքսիստներին չեն վերաբերում: Եթե իրենք ունեն մեքենաներ եւ չեն օգտվում տաքսիներից, ապա շատ ուրիշներն օգտվում են տաքսիների ծառայություններից, եւ նրանց հարմարավետությունն ու շահերը նույպես պետք է հաշվի առնվեն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ