RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-10-01 14:56:35Ադրբեջանական հրետանին ոչնչացրել է սեփական բանակի էլիտար ստորաբաժանումը
2020-10-01 14:54:44Թշնամին արագորեն կորցնում է իր օդուժը
2020-10-01 14:36:39Հրետակոծվում է Հադրութ քաղաքը
2020-10-01 13:52:22Ազգային անվտանգության ծառայությունում բացահայտվել է նախկին բարձրաստիճան զինվորական ծառայություն իրականացրած անձի կողմից պետական դավաճանություն կատարելու դեպք. (տեսանյութ)
2020-10-01 12:15:25Եթե այսօր չմիջամտեն, ապա Կովկասը կդառնա մեկ այլ մեծ խնդիր միջազգային հանրության համար
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1920, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 87

ԷՊԻՍՏՈԼՅԱՐ ԺԱՆՐԸ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՆՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Ժառանգություն» խմբակցության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանը երեկ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքվեց, թե ինչո՞ւ ձախողվեցին հետընտրական զարգացումների վերաբերյալ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու բանակցությունները: Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, թե ձախողված չեն բանակցությունները, հիմա էլ պատրաստ են շարունակել, սակայն ընդդիմությունն առաջարկում էր լուծարել խորհրդարանը, դա ի՞նչ քննարկելու բան է:

Ռ. Հակոբյանի համար, սակայն, բանակցությունների հարցն արդեն փակված է:

Զարուհի Փոստանջյանը` էպիստոլյար ժանրով

Երեկ Ազգային ժողովի նիստի սկզբում վարման կարգի իրավունքից օգտվելով «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձում էր կարդալ մի նամակ, որն ուղղված էր Րաֆֆի Հովհաննիսյանին ու այդպես էլ չկարողացավ ընթերցել, քանի որ դա օրակարգին չվերաբերելու պատճառաբանությամբ ընդհատում էր ԱԺ ղեկավարությունը, ու անգամ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը խնդրեց Հովիկ Աբրահամյանինՙ դուրս հրավիրել Զ. Փոստանջյանին: Այդ պահին այդպես էլ չիմացվեց` ի՞նչ նամակ էր ուզում ընթերցել Զ. Փոստանջյանը, ավելի ուշ նա նամակը համացանցով տարածել էր, այն անվանված էր «Գործող նախագահի դիմումը ՀՀ նորընտիր նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանին» եւ որտեղ իբր Սերժ Սարգսյանը գրել է. «Սիրելի Րաֆֆի, ընդունում եմ քո հաղթանակը, մեր հավաքական եւ միասնական հաղթանակը, ընդունում եմ Ազատության հրապարակի ոգին եւ օրակարգը»: Եվ էլի իբր` Սերժ Սարգսյանը, «անկեղծ ու անկաշկանդ, հայտնում է, թե այլեւս չի ցանկանում լինել փոքր մարդ, արգելափակված մնալ մութ զնդանում եւ խուսափել պատասխանատվությունից». «Ապրիլի իննին Ազատության եւ Հանրապետության հրապարակներում պատրաստ եմ մասնակցել նորՙ ՀՀ չորրորդ նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի երդմնակալության արարողությանը: Որից հետո նրանից հայցում եմ` ներում շնորհել ինձ եւ բոլորիս», ոչ ավել, ոչ պակաս, ասել է իբր այդ նամակում նախագահ Սարգսյանը:

Ամենահետաքրքրականը, սակայն, ոչ թե այս նամակն է, այլ այն, որ «Ժառանգության» մամուլի խոսնակ Հովսեփ Խորշուդյանը հայտնել է, թե այս նամակի հետ կուսակցությունը կապ չունի, եւ պատգամավորի անձնական նախաձեռնությունն է:

Այսինքն` ի՞նչն է պատգամավորի նախաձեռնությունը` սեփական երազանքներին համապատասխան գրական նյութի հորինումը էպիստոլյար ժանրո՞ւմ, քանի այդպես էլ անհասկանալի մնաց, թե որպես ի՞նչ էր դա փորձում հրապարակել պատգամավորն Ազգային ժողովում:

Ստվերային կառավարությունը

Ասել ենք` Րաֆֆին ու իր շրջապատը նորանոր միկրոտեխնոլոգիաներ են մտածում: Երեկ սոցիալական ցանցերում մի այլ` Վիլեն Գաբրիելյանի նամակն էր տարածվել, որով սփյուռքի հայերին, Հայաստանից արտագաղթած քաղաքացիներն կոչ է արվում աջակցել «ԲաREVolution» շարժմանը կամ ապրիլի 9-ին գալով երկիր, կամ արտերկրում Հայաստանի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ կազմակերպելով: Բա որ իսկապես սփյուռքահայերը վեր կենան ու գա՞ն...

Հանգստյան օրերին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելել էր Րաֆֆի Հովհաննիսյանին, ավելի ուշ, լրագրողների հարցերին պատասխանելով, ասելով, որ հացադուլը վերջնագիր է, եւ այդ վերջնագիրն ընդունելի չէ: Այդ խոսքին ու նաեւ այն հարցին, թե ի՞նչ առաջարկներ է արել Հ. Աբրահամյանը, երեկ Ր. Հովհաննիսսյանը պատասխանեց, թե իր զրուցակիցը Սերժ Սարգսյանն է (երեկ այդ զրուցակիցը իր հրապարակավ պատասխաններն է տվել Րաֆֆուն), իսկ ԱԺ նախագահը առաջարկներ բերող չէ, նրան չի համարում որպես միջնորդ կամ սուրհանդակ, իսկ իր հացադուլը վերջնագիր չէ, ոչ մեկին չի ուղղվսծ, այլ` միայն իրեն: Ինքը հրապարակում նստած չի սպասում նախագահ Սերժ Սարգսյանին, բայց եթե գա ու բերի առաջարկներ, որտեղ կարտացոլվեն ժողովրդի պահանջները, սիրով կլսի նրան:

Ես չգիտեմ, թե ինչու են Ր. Հովհաննիսյանի ստվերային կառավարությունը քննարկում բոլորովին ուրիշ մարդիկ` այլ կուսակցությունների ներայացուցիչներ, որոնք բոլորովին էլ Րաֆֆու գաղափարակիցը չեն եւ երբեք նրա գաղափարներին համամիտ չեն եղել: Բոլոր դեպքերում այն, ինչ հնչում է Ազատության հրապարակում` այս ու այն անունը եւ դրանց ուղղված մարդկանց մեծ կամ փոքր խմբի հավանությունը կամ անհամաձայնությունը, իսկական ամբոխավարության տիպիկ նմուշ է: Դա հիշեցնում է Կոլիզիումը, երբ Դեմոսը բութ մատը վեր կամ ներքեւ տնկելով` լուծում էր մարդկանց ապրել-չապրելու խնդիրը: Կամ հիշեցնում է մեր անփորձ-առաջին հեղափոխությունը, երբ հարթակում մեկ-երկու անգամ ինչ-որ բան բղաված մարդկանց պաշտոններ տվեցին` ՀՀՇ-ական «պոլիփեդերի» մասին պատկերավորության հիմքը դնելով եւ ոչ պրոֆեսիոնալների ժամանակի վերաբերյալ ամենաբնորոշ տերմիններից մեկը հետ գցելով: Արդյո՞ք մենք չենք կարող փոխվել, սովորել մեր սխալներից կամ միգուցե Ազատության հրապարակում ուղղակի մարդկանց զբաղեցնելու խնդիր կա մինչեւ ապրիլի 9, չգիտեմ: Բոլոր դեպքերում երբ ամեն ելույթ ունեցող գնա Ազատության հրապարակ եւ իր մտերիմների, իր շրջապատի մարդկանց անունը հնչեցնի, եւ դրա անունը դնի ստվերային կառավարություն, դա կնշանակի ոչ պատասխանատու պահվածք եւ պրիմիտիվիզմ: Համենայն դեպս` մենք անկախության քսան տարում ինստիտուցիոնալ կառույցներ ստեղծեցինք, ու հիմա որ պահանջում ենք կոռուպցիայից ազատվել, արատավոր սովորույթներից հրաժարվել, հույս ունենք դա անել պրոֆեսիոնալներով, բայց ոչ երբեք Ազատության հրապարակում նախաստեղծ վիճակների վերադառնալով:

Ես, օրինակ, ավելի լավ պրոֆեսիոնալների եմ ճանաչում, որոնք ներկա կառավարությունում չեն, բայց երբեք չեն գա նաեւ հարթակում ինչ-որ բան բղավելու, ու նրանք ավելի պետք են Հայաստանին, քան հարթակում բղավողներց շատերը: Նրանք գլուխները կախ իրենց մասնագիտությունը բարձրակարգորեն իրացնելու կողմնակից են (նրանցից մեկի անունը տեսա բարձրաձայնվող անուններում` Վահե Գրիգորյան):

Մեր կարծիքով` ընտրողն արդեն իր գործն արել է` քվե է տվել, ու նա հրապարակում չպետք է կառավարություն կազմի, դա արդեն քվեն ստացած մարդու խնդիրն է, իսկ հրապարակում կառավարություն կազմելը նսեմացնում է այն քվեն, որ ընտրողը տվել է` քվեն ստացողի կառավարություն կազմելու կարողությունը կասկածի տակ դնելով (անկախ նրանից, թե քանի տոկոս է ստացել Րաֆֆին, խոսքը սկզբունքի մասին է):

ԿԸՀ նախագահը Ազգային ժողովում

Երեկ օրվա վերջում Ազգային ժողովում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հանդես եկավ վերջին խորհրդարանական ընտրությունների մասին հաղորդագրությամբ: Հաղորդագրությունը չի նախատեսում պատգամավորների ելույթներ, նրանք միայն հարցեր կարող են ուղղել ԿԸՀ նախագահին, ինչին համաձայն չէր ընդդիմությունը եւ առաջարկում էր սովորական հարցի նման քննարկել հարցը: Սակայն ԱԺ նախագահն առաջարկեց բավարարվել կանոնակարգի սահմանածով` հետագայում հստակեցնելով օրենքի կազուսները:

Տիգրան Մուկուչյանը ներկայացրեց իր հաղորդագրությունը, որը խորհրդարանական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման գնահատական էր` հավելած մի քանի առաջարկներ. օրինակ` առաջարկվում է օրենսդրական փոփոխություն անել, որ ընտրակաշառք ստացած քաղաքացին հաղորդում ներկայացնելիս ազատվի քրեական պատասխանատվությունից, կամ վերացնել դրոշմակնքումն անձնագրում:

Պատգամավորների թեժ հարցերը ԿԸՀ նախագահին մնացին այսօր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ