RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
2020-09-25 22:24:39ՌԴ «Կապուստին Յար» զորավարժարանում ավարտվեց «Կովկաս-2020» զորավարժությունների հիմնական փուլը
2020-09-25 21:44:02Պատժել ցանկացած լկտի դրսևորում թշնամու կողմից… (տեսանյութ)
2020-09-25 20:53:27Բաքուն Արցախի ժողովրդին չի կարող շեղել ընտրած ճանապարհից. ԱՀ նախագահ Հարությունյան
2020-09-25 20:00:50«Շատ արագ են կատարում». Ծառուկյանի կալանավորման հարցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի այսօր
2020-09-25 19:59:59ՍԴ փոխնախագահի ընտրությունը հետաձգվել է մինչև երկուշաբթի
#038, 2013-03-15 > #039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013



Ծնողներ եւ զավակներ

Տեղադրվել է` 2013-03-18 23:55:33 (GMT +04:00)


Ընթերցված է` 1324, Տպվել է` 79, Ուղարկվել է էլ.փոստով` 54

ՄԱՅՐ ԻՄ, ՔԱՆԻ՞ ՕՐ ԵՍ ՔՈ ԶԱՎԱԿԸ ԵՂԱ.....

ՄԱՆՈՒԿ Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Փիլիսոփ. գիտ. թեկնածու

Հայ երիտասարդությունն այսօր կարծես ազատագրվում է ռոմանտիկ իդեալիզմից, պատրանքներից եւ կանգնում օգտապաշտ իրատեսության այսպես կոչված պրագմատիկ դիրքերում` ձգտելով ազատվել մանկամտացնող խնամառությունից եւ ձեռք բերել կյանքի ուղի ընտրելու ազատություն ու տնտեսական ինքնուրույնություն: Նախընտրում է հաջողությամբ հարմարվել նոր իրողություններին, գտնել իր «որմնախորշը» ամենօրյա կյանքում: Դյուրությամբ հրաժարվում է այն ամենից, ինչը խանգարում է իր մղումներին: Բարոյականության հարցերում ավելի հաճախ առաջնորդվում է «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքով: Թեեւ փորձում է հարստացնել, ակտիվացնել իր ներքին հուզական կյանքը, բայց միաժամանակ ձգտում է ամեն կերպ խուսափել ամուր ու խոր անձնական հուզական կապերից:

Այդ իմաստով կարեւորվում են սեռական հարաբերությունները, որոնց շնորհիվ երիտասարդների մի մասը փորձ է անում վերագտնել հույզերի լիարժեքությունն ու հարստությունը, որպեսզի փոխհատուցվի սոցիալապես նշանակալի նպատակների բացակայությունը սեփական կյանքում: Սակայն հաճախ նրան մտատանջում է վախը, որ, հուզականորեն ինչ-որ մեկի հետ կապվելովՙ կարող է այնուհետեւ ապրել հիվանդագին հիասթափության ծանր պահեր: Այդ իսկ պատճառով սեռական հարաբերությունների ասպարեզում նախընտրում է վաղանցիկ եւ մակերեսային, ոչ խոր զգացողությունները: Թվում է` նրանք ձգտում են իրենց մարմինը նվիրել զգայական ազդակներին, սակայն առանց մտերմիկ ջերմության եւ զգացմունքային կապվածության: Մեր կողմից հարցված երիտասարդները հարկադրված են ընդունել, որ խոր մարդկային կապվածություններից ինքնափախուստն ի վերջո բթացնում է զգայունակությունը: Դրա հետեւանքով զգացմունքները մաշվում, «փայտանում» եւ «համրանում» են: Առաջանում է բթացած զգայունակությունը արտաքին գրգռիչներով վերալիցքավորելու մշտական պահանջ: Ի վերջո, անհոգի էգոիզմը եւ անսիրտ օտարվածությունը իրենց մահացու կնիքն են դնում նրանց վրա...

Հայ ծնողն այսօր հաճախ տուժում է ոչ այնքան նյութական զրկանքներից, որքան որդիական ջերմության ու սրտառուչ վերաբերմունքի պակասից... Այդ ամենին ի տես` մարդ ակամա մտածում է` մի՞թե արդեն եկել են, վրա հասել առաքյալի ակնարկած վերջին ժամանակները` «...վերջին օրերին չար ժամանակներ պիտի գան, երբ մարդիկ պիտի լինեն անձնասէր, փողասէր, հպարտ, ամբարտաւան, հայհոյող, ծնողներին անհնազանդ, անշնորհակալ, անմաքուր...» (Բ Տիմոթ. 3:1-5):

Մի՞թե այսօրվա երիտասարդների ականջը տակավին չի բացվում լսելու մեր ժամանակի ամենազգայուն բանաստեղծներից մեկի արցունքոտ ու արցունքաբեր ձայնը` սիրելի ծնողին ուղղված Ռ.Դավոյանի մեղսաքավիչ «մեղա»-ն, որը կարող էր դառնալ նաեւ մեր «մեղա»-ն:

... Որքան էլ որ ապրումներս խորանան,

Քո հայացքի շրջանակից եմ կախված,

Շրթունքներիս` քո խոսքերի մանանան,

Հոգիս` սիրուդ լռության մեջ թաթախված:

Մայր, ամեն օր ինձ մայրություն ես անում,

Բայց քանի՞ օր ես քո զավակը եղա.

Ցավն իմ հոգուց հին հառաչանքն է քամում,

Որ ողոքեմ` մա՜յր, քաղցր մայր, քեզ մեղա:

Դարանակալած գայթակղությունների ու փորձանքների նոր ժամանակներում ամեն մի հայ ծնող անվստահություն եւ սրտի փղձուկ է զգում, երբ խոսվում է իր զավակների սոցիալական ճակատագրի մասին: Առանձնանում է ծնողների այն տեսակը, որն իրեն համարում է «անպետք, անարժան ծնող»: Ամենուր այն ծնել է ծնողական մեղքի ու միայնության համընդգրկուն զգացողություն: Ծնողը հաճախ իրեն լիարժեք չի զգում, նույնիսկ` ընտանեկան շրջանում: Ավելին, իրեն միայնակ է զգում սեփական պատերի մեջ: Այդօրինակ միայնությունը դարձել է ամենօրյա ծանր ապրում, որը թուլացնում է նրանց կենսական ուժերը, կյանքը դարձնում անիմաստ: Միաժամանակ, ներընտանեկան խորթացածության կողքին նկատվում են ծնողական եւ որդիական սիրո իսկական բարոյական կարոտախտի երեւույթներ:

Վաղնջական ժամանակներից զավակապաշտությունը հայի համար եղել է ու կա նրա գոյապահպանման ամենազորեղ կռվանը: Իսկ այսօ՞ր... Մոլախոտի պես աճ են տալիս ծնողուրացությունը, բարքերի գռեհկությունը: Բարոյական այդ անասնացումը սպառնում է հինավուրց քրիստոնեական քաղաքակրթության արժեքներին: Այդ արժեքների քայքայմամբ, Վ. Տերյանի խոսքով ասած, «մեռնում է ... ազնիվ ու լուսեղեն հոգին Հայաստանի, ... մեռնում է հոգեւոր Հայաստանը» :

Խորհրդանշական է, որ այժմ մի բեւեռում հայերս հարկադրաբար ապրում ենք բացառապես օրախնդիր հոգսերով («Ի՞նչ հեռանկարի մասին մտածես, եթե չգիտես, թե քեզ եւ քո ընտանիքին ի՞նչ է սպասվում վաղը»), իսկ մյուս բեւեռում խորհրդածում ենք այնպես, կարծես թե անմահ ենք («Ի՞նչ կասեն մեր հետնորդները»): Հայ ընտանիքը հաճախ զգում է հոգսերը հաղթահարելու ճիգերի անարդյունավետությունը («Որեւէ ծրագիր չունեմ, չգիտեմ, թե ինձ ու իմ ընտանիքին վաղը ի՞նչ է սպասում, ինչ կասեն մեր հետնորդները», «Ապրում ենք սոսկ օրախնդիր հոգսերով, ապագան թվում է անորոշ ու լի տագնապներով»), սակայն, տարօրինակ կերպով, հայերի շրջանում գերիշխում է ոչ թե կարճաժամկետ (օր-շաբաթ-ամիս), այլ երկարաժամկետ (կես տարի-մեկ տարի) պլանավորումը: Թերեւս իրավացի են նրանք, ովքեր կարծում են, որ հայի մեջ առավել ուժեղը նրա ինքնապահպանման բնազդն է:

Թեեւ սերունդների միջեւ հոգեւոր կապերի խզման մասին տագնապով են խոսում մանկավարժները, հոգեբանները եւ սոցիոլոգները: «Արժեքների կոնֆլիկտ» ասելը քիչ է, քանի որ հիմնախնդիրը առավել տարողունակ է եւ ընդգրկում է ողջ ազգային կյանքը: Ամենավտանգավորն այն է, որ բարոյահոգեբանական ու նյութական թակարդի մեջ հայտնված ազգն այսօր այլեւս չի կարող կամ այլեւս չի ուզում վերստեղծել ու պահպանել, նաեւ արդիականացնել ու նորացնել իր ինքնության հիմնարար արժեքները, քանի որ, վերստին Վ. Տերյանի խոսքերով ասած` «ամեն մի` ազգ կազմելու ցանկություն ու կամք ունեցող ժողովուրդ անդադար պետք է ստեղծե այն արժեքները, որոնք նրա ինքնության առհավատչյաներն են» («Հոգեւոր Հայաստան»):

Այժմ բազմաթիվ երիտասարդ հայրեր աշխատում են հանրապետությունից դուրս, ներգրավված են արտագնա աշխատանքներում եւ խիստ հազվադեպ են տեսնում իրենց երեխաներին: Ծանոթ լրագրողներից մեկը նկատում է. «Ժամանակի ընթացքում երեխաներն այնպես են վարժվում հոր տեւական բացակայությանը, որ անտարբեր են դառնում նույնիսկ այն ժամանակ, երբ հայրը հայտնվում է տանը: Իրավասու ծնողից հայրը վերածվել է սոսկ փող բերող, հայթայթող հասարակ մարդու»:

Մեր հարցումները եւ դիտարկումները ցույց են տալիս, որ հայ կանայք դժգոհ են իրենց ամուսիններից` երեխաների դաստիարակությանը անմասնակից վերաբերմունքի համար: Այսպես, օրինակ, մեր հարցումների ժամանակ հայ կանայք արտահայտել են իրենց ցանկությունները. «Կցանկանայի, որ ամուսինս ավելի սերտ կապեր պահպաներ երեխաների հետ», «Լավ կլիներ, որ ամուսինս երեխաներին խորհուրդներ տար կյանքի կարեւորագույն հարցերի վերաբերյալ», «Ամուսինս պետք է ավելի շատ հետաքրքրվի երեխաներով», «Հարկավոր է, որ ամուսինները չլռեն, այլ ինչ-որ բանի շուրջ խոսեն երեխաների հետ», «Ամուսինը պետք է լինի դաստիարակի դերում» եւ այլն:

Հայ երիտասարդների ներկայիս սերնդի նշանակալի մասին բնութագրական են` սպառողական եւ խնամառուական տրամադրությունները, անսքող եսակենտրոնությունը, քաղաքացիական պարտքի բացակայությունը, անտարբեր վերաբերմունքը պետական, քաղաքական եւ հասարակական գործերի նկատմամբ, հաճույքի եւ հաճելի ժամանցի նկատմամբ անզուսպ ձգտումը: Նման տրամադրությունների նկատելի ուժգնացումն են հաստատում տարբեր հարցումների արդյունքները: «Ինչո՞ւմն եք տեսնում ձեր կյանքի իմաստը» հարցի պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ. «Զբաղվել սիրած աշխատանքով, որը կապահովի լավ վաստակ», «Լավ ապրել, չուզողի աչքը հանել», «Ապրել հանուն հաճույքի», «Ունենալ ապահովված ընտանեկան կյանք», «Վարել անհոգ կյանք», «Նպատակ չունեմ» եւ այլն:

Հատկանշական են նաեւ մեկ այլ հարցի պատասխանները: «Ո՞րն է ձեր աշխատանքի իմաստը» հարցի պատասխանները բաշվել են հետեւյալ կերպ. «Փող վաստակել», «Ապրել բարեկեցիկ, անվտանգ ու արժանապատիվ կյանքով», «Աշխատանքում ինքնահաստատվել», «Շատացնել կանաչը» («կանաչը»` դոլարը. ինչպիսի՜ սիմվոլ):

Հայ երիտասարդների զգալի մասը նախընտրում է ապահովված մարդու իներտ, «բուսական» գոյությունը, խուսափում է հետեւողական ջանքերից, որոնք կարող էին նրանց համար նման կյանք ապահովել: Այդօրինակ պատասխանները հակադիր են այն ավանդական պատկերացումներին, թե հայերը աշխատասեր, մասնագիտական առաջխաղացումը գնահատող ժողովուրդ են:

Նույն եսակենտրոն հակումները դրսեւորվել են մեր մեկ այլ հարցախույզի ընթացքում: Ահա թե ինչ են պատասխանել հայ երիտասարդները այն հարցին, թե ինչո՞ւմն են տեսնում կյանքի իմաստը. «Ընկերախմբում», «Հաճույքի մեջ», «Ընտանիքում», «Աշխատանքում», «Ուսման մեջ», «Հակառակ սեռի հետ ունեցած շփումների մեջ» եւ այլն: Պատասխաններ, որոնցում տարօրինակ կերպով «համագործակցում» են լավն ու վատը, վեհն ու նսեմը:

Հակահասարակական վարքի հակված հայ դեռահասների առօրյան բացասաբար է ազդում ծնողների հետ նրանց ունեցած հարաբերությունների վրա: Անհավանական է, բայց փաստ. վերջին տարիներին հայկական մամուլում խոսում են մեզ համար խորթ այնպիսի երեւույթների մասին, ինչպիսիք են երեխաների բռնարարքներն իրենց ծնողների նկատմամբ: Խոսում են նաեւ երեխաների` հայրերի ու մայրերի, քույրերի եւ եղբայրների նկատմամբ ցուցաբերած դաժանությունների մասին: Այդ հիմնահարցով զբաղվող սոցիոլոգները դեռեւս չեն կարողանում ճշգրիտ ասել, թե որքան երեխաներ են իրենց ծնողներին ծեծում, սակայն բոլորը համակարծիք են` ծնողի արժանապատվությունը ոտնահարող բախումներն անհամեմատ ավելի շատ են, քան կարելի էր ենթադրել:

Ծնող-զավակ հարաբերությունները հիշեցնում են խուլուհամրերի երկխոսություն: 15-23 տարեկաններին ուղղել էինք երկու հարց. «Ձեր հոր հետ քննարկո՞ւմ եք ձեր գործերը» եւ «Ձեր մոր հետ քննարկո՞ւմ եք ձեր գործերը»: Առաջին հարցին տրված պատասխանները հետեւյալ կերպ են բաշխվել. «Հիմնավոր կերպով քննարկում եմ», «Երբեմն քննարկում եմ», «Գրեթե չեմ քննարկում», «Հայրս որեւէ մասնակցություն չունի իմ գործերին»:

Երկրորդ հարցին տրված պատասխանները բաշխվել են հետեւյալ կերպ. «Հիմնավոր կերպով քննարկում եմ», «Քննարկում եմ», «Գրեթե չեմ քննարկում», «Երբեք չեմ քննարկում», «Մայրս որեւէ մասնակցություն չունի իմ գործերին»:

Թե ինչու հայրերի հետ չեն քննարկում իրենց գործերը, հայ երիտասարդները բացատրում են հետեւյալ կերպ. «Առիթ չի եղել գործերիս մասին նրա հետ զրուցելու», «Դրա անհրաժեշտությունը չեմ գտնում», «Քննարկումների ժամանակ հայրս խիստ անհանդուրժող է», «Այդ թեմաներով ամաչում եմ նրա հետ զրուցել»:

Նրանք, ովքեր խուսափում են իրենց հուզող հարցերը քննարկել հայրերի հետ, հիմնականում առաջնորդվում են հետեւյալ դրդապատճառով` «Քննարկման համար ընդհանուր թեմաներ չունենք»: Միայն հարցվածների չնչին մասն է նախապատվություն տվել այլընտրանքային տարբերակին` «Առանց խոսքի իրար հասկանում ենք»:

Մայրերի մեծամասնությունը կենսաբանական իր եսակենտրոնությունը տարածում է նաեւ սիրասուն զավակների վրա: Հարցված մայրերի միայն որոշ մասն է զավակներին ներշնչում այն միտքը, որ անձնական շահերը, երջանկությունը հարկավոր չէ վեր դասել համազգային շահերից, մյուսը` խորհուրդ է տալիս ուրիշներին օգնության ձեռք երբեւէ չմեկնել, ամուսնությանը վերաբերվել խիստ հաշվենկատորեն, ինչպես հաջողակ գործարքի: Այս ամենն ինձ հիշեցնում է Ինգմար Բերգմանի խոսքերը` «Աշխարհը գլորվում է դեպի գրողի ծոցը, իսկ ես ինձ վերապահել եմ իրավունք` մշակելու սեփական այգին»:

Վերլուծությունները ցույց են տալիս, որ այսօրվա հայ երիտասարդության մեջ տեղի են ունենում ավանդական - անանց արժեքների յուրօրինակ մուտացիաներ, որոնց հետագա ահագնացումը կարող է կործանարար լինել ինչպես հայ ընտանիքի, այնպես էլ, հավանաբար, մեր մեծ ընտանիքի ազգի համար: Հանուն ազգի ապագա կյանքի` պետք է լուծել այս գորդյան հանգույցը:

Այսօր խիստ կարեւոր է ծնող-զավակ փոխհարաբերությանը վերաբերող ավանդական ընկալումների, փոխադարձ օտարվածության նորագույն ախտերը բուժող զգացումների վերարծարծումը: Բուժիչ նշանակություն կարող է ունենալ օրինակ, շիրազյան հայրերգական ու մայրերգական բանաստեղծության վերհիշեցումը.

... Այնտեղ տարեք գիրքս բարի,

Ուր հոր գինը չգիտեն,

Ուր որդիք են կիրքը չարի`

Հորը հարսով կխայթեն:

...Աշխարհ տարեք, որ բժշկվեն,

Քար սրտերը հայրամոռ,

Ու մեղքի ծովն այնպես քավեն,

Որ սրբանա կյանքն էլ նոր...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 19-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ