RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1343, Տպվել է` 82, Ուղարկվել է էլ.փոստով` 62

ԽՈՋԱԼՈՒ. ՄԻ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման թեմայով ադրբեջանական կողմից ամենաշրջանառված քարոզչահնարանքներից է, թե «հայերը փորձում են նախկինում Ադրբեջանի բյուջետային միջոցներով կառուցված եւ իրենց իսկ ձեռքով ավերված Խոջալուի օդանավակայանը ներկայացնել որպես նորակառույց»: Ինչ վերաբերում է Ադրբեջանի «բյուջետային միջոցներով» օդանավակայան կառուցելուն, ապա ԼՂԻՄ մարզխորհրդի գործկոմի այն տարիների նախագահ Մուշեղ Օհանջանյանը «Արցախ. հայրենի եզերք» հուշերի գրքում տալիս է դրա սպառիչ պատասխանը: Ստեփանակերտի օդանավակայանը կառուցվել է ինքնավար մարզի արտաբյուջետային միջոցների հաշվին:

Այժմ` հայերի կողմից «օդանավակայանը պայթեցնելու» մասին: Նախ, դա անտրամաբանական է: ԼՂՀ-ն չէր կարող նման խնդիր առաջադրել: Պատճառը պարզ է. Խոջալուի ռազմագործողության հիմնական նպատակը հենց միակ օդանավակայանը ապաշրջափակելն ու այդ կերպ արտաքին աշխարհի հետ կապ հաստատելն էր, քանի որ 1990թ. հունվարից Արցախը գտնվում էր պաշարման մեջ: Նման նպատակադրվածություն պետք է որ ունենար Ադրբեջանը` որպես ծայրահեղ քայլ այն դեպքում, եթե չհաջողվեր «պաշտպանել Խոջալուն»:

Բարեբախտաբար, այս ենթադրությունը հաստատող փաստեր գտնվում են: Այսպես, Ադրբեջանի դատախազության քննիչի հարցին, թե 1992թ. փետրվարի 8-ին տեղի ունեցած` Անվտանգության խորհրդի նիստի որոշման մեջ Խոջալուի մասին ոչինչ նշված չէ, Մութալիբովի կառավարությունում պետական քարտուղար Միթաթ Աբասովը պատասխանել է. «Ձեր նշած փաստաթուղթը ԱԽ նիստի արձանագրությունն է, որը հանձնարարական բնույթ ունի:

Կոնկրետ Խոջալուի մասով որոշումն այսպիսին էր` ճեղքել շրջափակումը եւ ապահովել «քաղաքի» (չակերտները մերն են- Վ. Ա.) պաշտպանությունը, իսկ եթե դա ինչ-ինչ պատճառներով հնարավոր չլինի, ապա օդային ճանապարհով կազմակերպել բնակչության էվակուացիան, որից հետո` պայթեցնել օդանավակայանը եւ թռիչքուղին» (տես` http://www.erevangala500.com/booke//pdf/1323993822.pdf):

Նույն տեղում ծանոթանում ենք նաեւ Ի. Ռուստամովի ցուցմունքներին: Ըստ այդմ, «փետրվարի 15-ին ՆԳՆ ՕՄՕՆ-ի (հատուկ նշանակության ջոկատների- Վ. Ա.) հրամանատար Ռովշան Ջավադովի հետ միասին» նա ներկայացել է ներքին գործերի նախարար Քերիմովին: Վերջինս հետաքրքրվել է` ճի՞շտ է, որ Ռուստամովը «մասնագիտությամբ պայթեցնող դիվերսանտ է»: Ստանալով դրական պատասխան, նախարարը հետաքրքրվել է. «Կարո՞ղ ես պայթեցնել Խոջալուի օդանավակայանի թռիչքուղին»: Ռուստամովը դարձյալ դրական է պատասխանել: Այնուհետեւ Քերիմովը հարցրել է, թե «դրա համար ի՞նչ միջոցներ են պետք»: Ռուստամովը մանրամասնորեն ներկայացրել է հաշվարկը` տրոտիլ, էլեկտրապայթուցիչներ, էլեկտրաքուղ` նշելով անհրաժեշտ քանակությունը:

Նույն օրը Ռուստամովն ստացել է անհրաժեշտ նյութերն ու սարքավորումները, բացառությամբ էլեկտրաքուղի: Փետրվարի 16-ին նա ուղղաթիռով հասել է Աղդամ, որտեղ հարկ եղած քանակի` 500 մ էլեկտրաքուղ ստացել է Կասում Քերիմովից` «Քարհանք Կասում» մականվանյալ: Վերջինս Շահբուլաղի քարհանքի երկարամյա տնօրենն էր, հայտնի «օլիգարխիկ» հեղինակություն Աղդամում եւ շրջակայքում: Այս պահից սկսած Ռուստամովի ցուցմունքները խեղաթյուրված են: Նա խոսում է, որ իրեն «Խոջալու հասնելու համար ուղղաթիռ չեն տրամադրել եւ, սպասելով մինչեւ փետրվարի 24-ը, հարկադրված վերադարձել է Բաքու, ներկայացել ՆԳ նախարար Քերիմովին» եւ այլն, եւ այլն:

Մեր ուշադրությունը գրավեց փետրվարի 16 ամսաթիվը, այն օրը, երբ Ռուստամովը Բաքվից «ուղղաթիռով հասել է Աղդամ»: Աղդամից Խոջալու հեռավորությունը հազիվ 14 կմ է: Եթե խնդիր դրված լիներ, որ Ռուստամովը վտանգավոր բեռով Խոջալու պիտի մուտք գործեր օդից, ապա ի՞նչ իմաստ կունենար Աղդամում վայրէջքը, «օրեր շարունակ ուղղաթիռի սպասելը»: Ուղղաթիռը չէ՞ր կարող միանգամից իջնել Խոջալուում: Ինչո՞վ է նշանավոր դառնում փետրվարի 16-ը` Ռուստամավի Աղդամ հասնելու օրը: Ադրբեջանցի ուսումնասիրող Մամեդ Վելիմամեդովը, հղում անելով ադրբեջանական ԱԱ նախարարության «միանգամայն վստահելի աղբյուրներին», գրում է, որ «փետրվարի 16-ին Խոջալու- Քյաթուկ- Շելլի երթուղով Աղդամ են հասել երկու խոջալուցի` Օրուջեւ եւ Մուսաեւ ազգանունով»:

Կրկնենք, դա նույն օրն է, երբ Բաքվից Աղդամ է հասել դիվերսանտ Ռուստամովը` հատուկ նշանակության բեռով: Պատահականությո՞ւն է, որ այդ օրն Աղդամ են մտել նաեւ Օրուջեւը եւ Մուսաեւը, որոնց «խոջալուցի լինելը» խիստ կասկածելի է: Իսկ եթե նրանք Խոջալուում տեղակայված` Ադրբեջանի ՆԳՆ ՕՄՕՆ-ի զինծառայողնե՞ր էին: Հետեւենք Վելիմամեդովին: Նրա խոսքով, «Օրուջեւը եւ Մուսաեւը, որոնց Աղդամում միացել է եւս երեք հոգի, փետրվարի 18-ին վերադարձել են Խոջալու` իրենց հետ տանելով ուտելիք եւ 3 000 փամփուշտ»: Շրջափակված Խոջալուից Աղդամ կարող էր հասնել եւ, մանավանդ, վերադառնալ հատուկ պատրաստություն անցած խումբը միայն: Սա կասկածից դուրս է, եթե նկատի ենք ունենում, որ Օրուջեւի եւ Մուսաեւի ճանապարհը դեպի Աղդամ, 5 հոգանոց բեռնավորված խմբի հետադարձ երթուղին անցնում էր ԼՂՀ ինքնապաշտպանական ուժերի Ասկերանի ուղղության դիրքերին շատ մոտ:

Համադրելով Ռուստամովի հատուկ հանձնարարությամբ եւ «խոջալուցիների» նույն օրն Աղդամում գտնվելու, ապա «եւս 3 հոգու հետ 3 000 փամփուշտով Խոջալու վերադառնալու» փաստերը, միանգամայն հնարավոր է դառնում պնդել, որ այդ խումբը փետրվարի 18-ին Խոջալու է հասցրել օդանավակայանի եւ թռիչքուղու պայթեցման համար նախատեսված հատուկ նշանակության բեռը: Ռուստամովը նրանց հե՞տ է եղել, թե՞ ոչ, արդեն կարեւոր չէ: Թեեւ չի բացառվում, որ նա կարող էր մուտք գործել Խոջալու, կատարել դիվերսանտի իր մասնագիտական գործը եւ «սեւ աշխատանքը» թողնելով տեղական ուժերին, նույն ճանապարհով վերադառնալ Աղդամ:

Խոջալուի «զինվորական պարետ» Ալիֆ Հաջիեւի, որպես Ադրբեջանի ազգային հերոսի, պաշտոնական կենսագրականում գրված է, որ «նահանջից առաջ հասցրել է պայթեցնել օդանավակայանի դիսպետչերական կետը, որպեսզի կարեւոր նշանակության փաստաթղթերը չընկնեն հակառակորդի ձեռքը»: Խոջալուի մասին ադրբեջանական աղբյուրները միաձայն խոսում են, որ «առաջինը հրդեհվել են օդանավակայանին մոտ տները, որն էլ խուճապի պատճառ է դարձել»: Ալիֆ Հաջիեւը, չունենալով մասնագիտական պատրաստվածություն, հնարավոր է, ինչ-որ բան այնպես չի արել, ինչպես նախատեսել էր դիվերսանտ Ռուստամովը: Մի բան ակնհայտ է. Ստեփանակերտի օդանավակայանի պայթեցման ծրագիր ունեցել եւ այն հիմնական մասով իրականացրել է Ադրբեջանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ