RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1188, Տպվել է` 75, Ուղարկվել է էլ.փոստով` 58

ԲԱՔՎՈՒՄ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ

Վ. Ա.

«Մուսավաթի» առաջնորդ Իսա Ղամբարի հայտարարությանը, որ «ընդդիմության մեջ կան օտարերկրյա գործակալներ», չափազանց բուռն է արձագանքել Ադրբեջանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արազ Ալիզադեն: Publika.az-ի խնդրանքով մեկնաբանությամբ մի քանի ընդհանուր բնույթի «կսմիթներ» անելով Ղամբարին, Ալիզադեն այնուհետեւ ինքնավստահ հայտարարել է, որ «ժամանակին նա, Նեյմաթ Փանահովը, Աբուլֆազ Էլչիբեյը եւ մի շարք ուրիշներ եղել են ՊԱԿ-ի (ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի-Վ. Ա.) գործակալ»:

Իբրեւ ապացույց նա վկայակոչել է փաստը, որ երբ իրենք պահանջել են, որպեսզի բացվեն ադրբեջանական ՊԱԿ-ի արխիվները, որպեսզի «ժողովուրդն իմանա, թե ով ով է», Աբուլֆազ Էլչիբեյն ասել է, որ «այդ դեպքում հեղափոխություն կսկսվի, եղբայրը կսպանի եղբորը»: Ալիզադեն ավելացրել է, որ ներկայումս «Մուսավաթ» կուսակցության երկրորդ դեմք Արիֆ Հաջիլին ժամանակին «կյանքում մեկ անգամ անկեղծացել է եւ ասել, որ իրենք (Ադրբեջանի ժողովրդական ճակատը-Վ. Ա.) 9 երկրի համաձայնությամբ են իշխանության եկել»:

Սրանք, ինչպես նաեւ Ալիզադեի մյուս կծու ակնարկները Ղամբարի հասցեին, ինչ խոսք, որոշակի հետաքրքրություն ներկայացնում են: Բայց ավելի կարեւոր է, որ նա բառացիորեն հետեւյալն է փաստել. «Հունվարի 20-ից (1990թ.-ի-Վ. Ա.) առաջ գտնվելով Բաքվում, Եվգենի Պրիմակովը Վագիֆ Հուսեյնովին (Ադր. ԽՍՀ ՊԱԿ-ի նախագահին-Վ. Ա.) ասել է. «Իսա Ղամբարովին ձեռք չտաք, նա մեզ դեռ շատ է հարկավոր լինելու» (տես` http://www.publika.az/index.php?action=staticdetail&staticid=43146): Ալիզադեն Պրիմակովին համարում է խորհրդային հատուկ ծառայությունների «վաղեմի գործակալ, որը հետագայում գլխավորել է Ռուսաստանի արտաքին հետախուզությունը»:

Գնահատականն, ըստ երեւույթին, իրականությանը չափազանց մոտ է: Պաշտոնաթողությունից հետո էլ Պրիմակովը երբեմն դելիկատ առաքելություններ է իրականացրել հատկապես Մերձավոր Արեւելքում: Բայց տվյալ դեպքում մեզ համար Ալիզադեի ասածը կարեւորվում է նրանով, որ Ադրբեջանի պետական քարոզչությունը Բաքվի հայկական ջարդերը համարում է «ՊԱԿ-ի կազմակերպած սադրանք»: Եթե ճիշտ է, որ Բաքվում Պրիմակովը հետաքրքրվել է Իսա Ղամբարի անվտանգությամբ, ուրեմն ՊԱԿ-ը գործել է ադրբեջանական ընդդիմության` ԱԺՃ-ի միջոցով: Հետեւաբար, հայկական ջարդերի եւ հետագա իրադարձությունների համար պատասխանատվությունն ընկնում է ՊԱԿ-ի գործակալ եղած ադրբեջանական ընդդիմության վրա:

Ուշագրավ է, որ 1990-ի հունվարի 19-ին Միխայիլ Գորբաչովը հեռախոսազրույց է ունեցել Հեյդար Ալիեւի հետ եւ պահանջել, որ նա «Բաքվի կենտրոնից հեռացնի իր մարդկանց»: Բաքվի կենտրոնում այդ պահին Վեզիրովի հրաժարականն էր պահանջում ԱԺՃ-ն, որի ղեկավարներից մեկն էլ Իսա Ղամբարն էր, այն ժամանակ` Ղամբարով: Ստացվում է, որ Բաքվում Եվգենի Պրիմակովը մտահոգված է եղել Հեյդար Ալիեւի մարդու, ՊԱԿ-ի գործակալ Իսա Ղամբարովի անվտանգությամբ եւ Վագիֆ Հուսեյնովից պահանջել է նրան ձեռք չտալ:

Իրոք, հունվարյան դեպքերից հետո ԱԺՃ որոշ ակտիվիստներ ձերբակալվել են, ոմանք փախել Իրան կամ Թուրքիա: Մինչդեռ Աբուլֆազ Էլչիբեյը եւ Իսա Ղամբարը, մի քանի օր Բաքվի «կոնսպիրատիվ» բնակարանում թաքնվելուց հետո բարեհաջող շարունակել են քաղաքականությամբ զբաղվել: Երկու տարի անց առաջինն ընտրվել է նախագահ, երկրորդը` խորհրդարանի խոսնակ: Մեկ տարի հետո` 1993թ. հունիսի 15-ին, Էլչիբեյը նախագահի նստավայրում Հեյդար Ալիեւի հետ երկժամյա փակ հանդիպումից հետո հեռացել է իր ծննդավայրը` Նախիջեւանի Քելեքի գյուղը, իսկ Իսա Ղամբարովը` հրաժարվել ԳԽ նախագահի պաշտոնից` տեղը զիջելով Հեյդար Ալիեւին:

Համարձակություն կունենա՞ Արազ Ալիզադեն ներկայացնելու Հեյդար Ալիեւ- ՊԱԿ-ի ԱԺՃ կապն ամբողջությամբ: Չենք կարող ասել: Բայց ակնարկներն իսկ բավական են, որպեսզի կարողանանք ուրվագծել դեպի իշխանություն Հեյդար Ալիեւի արյունոտ ճանապարհի հանգրվանները` Սումգայիթ, Բաքու, 1991-ի նոյեմբերի 20-ի ուղղաթիռի աղետ, ինչին զոհ գնաց Մութալիբովի գրեթե ողջ կառավարությունը եւ, վերջապես, Խոջալուի սպանդ...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #20, 24-05-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ