RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1382, Տպվել է` 65, Ուղարկվել է էլ.փոստով` 58

«ՎԵ՛ՐՋ ՀԱՅԿԱԿԱՆ ՍՏԵՐԻՆ» ԿԱՐԳԱԽՈՍՈՎ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ՆՅՈՒ ՅՈՐՔՈՒՄ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Դա ապրիլի 27-ին կկազմակերպի Երիտասարդ թուրքերի միությունը

Նյու Յորքը հակահայ գործունեության որջ է դարձել արտերկրի թուրքերի համար: Սրանց մեջ ի՞նչ թիվ են կազմում սաբաթայականները, այսինքնՙ սալոնիկյան ծագումով առերեւույթ մահմեդականություն ընդունած հրեաները, չգիտենք: Բայց որ սաբաթայականները Թալեաթի, Էնվերի, Ջեմալի գլխավորությամբ անմիջականորեն մասնակցել են Հայոց ցեղասպանության ծրագրմանը, կազմակերպմանն ու իրականացմանը Օսմանյան կայսրությունում, չմոռանալով, իհարկե, յուրացնել հայապատկան ամենահարուստ կալվածքներնՙ ամենաարժեքավոր գույքով հանդերձ, եւ ցեղասպանության հարցում Թուրքիայի պաշտոնական թեզը հանդիսացող ժխտողականության առավել ագրեսիվ պաշտպաններն են, ակնհայտ է:

Ագրեսիվությունը պայմանավորված է Հոլոքոսթի բացառիկությունն ապահովելու, ինչպես նաեւ ցեղասպանության ծրագրմանը, կազմակերպմանն ու իրականացմանը անմիջականորեն մասնակցած հայ ժողովրդի սաբաթայական դահիճներին պաշտպանության տակ առնելու նկրտումներով: Օգտվելով առիթից նշենք, որ Նյու Յորքից է նաեւ Թուրքիայի Եվրոմիության գծով նախարար Էգեմեն Բաղըշը, որի համար գործելակերպ է դարձել ամբարտավան հայտարարություններով Թուրքիայի քրիստոնյաներին, էթնիկ եւ կրոնական խմբավորումներին հրապարակավ վիրավորելը:

Վերջերս նա Շվեդիայում ասորական ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերի համար «երազախաբությամբ զբաղվելու» մեջ էր մեղադրել հանդիպմանը հրավիրված ասորիներին, որոնց թվումՙ շվեդական խորհրդարանի ասորի պատգամավորին: Հարկ է նշել, որ խնդիրը սոսկ Բաղըշի ամբարտավանությունը չէ, այլ նրա ամբարտավան ոճի հակադրությունը քրիստոնյաների, էթնիկ եւ կրոնական այլ խմբավորումների հարցերում վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի չափավոր ոճին:

Համենայն դեպս ապրիլի 27-ին Նյու Յորքում Թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիայի անդամ թուրքական կազմակերպությունները պատրաստվում են «Վե՛րջ հայկական ստերին» կարգախոսով հանրահավաքի: Ի դեպ, այս հանրահավաքը նախաձեռնել է Երիտասարդ թուրքերի միությունը: Մարտի 18-ին այդ մասին հայտնեց Նյու Յորքի Turkishny.com կայքէջը, Նյու Յորքում է նաեւ ԱՄՆ-ում գործող այս տխրահռչակ միության կենտրոնակայանը:

Ըստ Նյու Յորքի թուրքական կայքէջիՙ Երիտասարդ թուրքերի միության նախաձեռնությամբ «Վե՛րջ հայկական ստերին» կարգախոսով կազմակերպվող հանրահավաքը տեղի կունենա քաղաքի հանրահայտ «Թայմս սքվերում»: Հանրահավաքին, բացի Թուրք-ամերիկյան միությունների ֆեդերացիայի հովանու ներքո գործող թուրքական կազմակերպություններից, կմասնակցեն Նյու Յորքի «Ադրբեջան» եւ Ամերիկա-ադրբեջանական միություններն ու Թուրք-ադրբեջանական եղբայրության խումբը:

Հանրահավաքի առնչությամբ Երիտասարդ թուրքերի միությունը իր իսկ նախագահիՙ Թուլգա Թեքմանի ստորագրությամբ տարածել է հաղորդագրություն, որտեղ, ըստ կայքէջի, ասված է.

«ԱՄՆ-ի թուրքական համայնքը միասնաբար ոչ ասելով հայկական ստերին ու զրպարտություններին, պետք է տեր կանգնի մեր ազգային դատին: Ճշմարտությանը պետք է իրազեկ լինի համաշխարհային հասարակական կարծիքը: Ապրիլի 27-ը փառապանծ թուրքական դրոշի ներքո համախմբվելու եւ մեկ սիրտ, մեկ բռունցք դառնալու օր է: Մենքՙ Երիտասարդ թուրքերի միության անդամներս, երկամյա ծրագիր ենք կազմել, որ հանրահավաքներով, կոնֆերանսներով, սեմինարներով, ցուցահանդեսներով, վավերագրական ֆիլմերի ցուցադրությամբ պատասխան տանք ատելության արշավներին:

Ինչպես Խոջալուի կոտորածի ոգեկոչման հանրահավաքին մենք ուսուսի աջակցել ենք ադրբեջանցի եղբայրներին, այնպես էլ «Վե՛րջ հայկական ստերին» կարգախոսով կազմակերպվող հանրահավաքին ակնկալում ենք ադրբեջանցիների գլխավորությամբ թուրքեստանցի, ույղուր, ուզբեկ, թուրքմեն, մեսխեթցի թուրք, բոսնիացի, ղրիմցի, չեչեն եւ կարաչայցի եղբայրների մասնակցությունը, որը պիտի բազմապատկի մեր ուժը:

Եկեք լինենք միասին, միասնաբար ոչ ասենք հայկական ստերին, եկեք համատեղ հիշենք մեր շեհիդներին: Ամեն ինչ հանուն ավելի հզոր Թուրքիայի: Շեհիդին տեր կանգնելը հայրենիքին տեր կանգնել է»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ