RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Ընթացիկ

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1835, Տպվել է` 123, Ուղարկվել է էլ.փոստով` 108

10 ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ 1 ՇՆՉԻՆ ԸՆԿՆՈՂ ՀՆԱ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Իրատեսակա՞ն, թե՞ անհասանելի ցուցանիշ 2025-ին

Հրապարակվել է Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման հեռանկարային ծրագիրը, որն առնչվում է առաջիկա 13 տարիներին (2012-2025թթ.) մեր երկրին զարգացման գերակայություններին, նպատակներին, ինչպես նաեւ զարգացման հնարավոր խոչընդոտներին եւ սահմանափակումներին: Կառավարությունը վերանայել է նախորդ ծրագիրը, հաշվի առնելով 2008-2009-ի համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը եւ դրանով պայմանավորված նոր իրողությունները ինչպես համաշխարհային, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ: Նկատի ունենալով, որ ծրագիրը բավականին ծավալուն է եւ ընդգրկում է երկրի տնտեսության եւ սոցիալական ոլորտի բոլոր ճյուղներն ու ուղղությունները, տարբեր հրապարակումներով կանդրադառնանք առանձին ոլորտներին, ներկայացնելով դրանց վերաբերյալ մեր դիտարկումներն ու գնահատականները:

Բնականաբար, երկրում դրական զարգացումների կարեւոր նախապայմանը տնտեսական, այսինքն համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճի ցուցանիշն է: Այս առումով ի՞նչ է կանխատեսվում հեռանկարային զարգացման ծրագրում:

2003-2008 թթ. Հայաստանի տարեկան միջին տնտեսական աճը կազմել է 12,2 տոկոս, որը, սակայն, ընդհատվեց 2009-ին` ավելի քան 14 տոկոս տնտեսական անկմամբ: Դրանից հետո, 2010, 2011-ին Հայաստանը սկսեց դուրս գալ տնտեսական անկումից, իսկ անցյալ տարի տնտեսական աճը կազմեց 7 տոկոս: Առաջիկա տարիներին կառավարությունը նպատակադրել է տարեկան 6,3-6,5 տոկոս միջին տնտեսական աճի ցուցանիշ ապահովել: Դոլարային արտահայտությամբ դա նշանակում է, որ ներկայիս մոտ 10 մլրդ դոլար ՀՆԱ-ի դիմաց 2025-ին Հայաստանի ՀՆԱ-ն կկազմի մոտ 30 մլրդ դոլար: Ակնկալվում է 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն ներկայիս 3,4 հազար դոլարից, որ 2025-ին կհասնի 10 հազար դոլարի: Այսինքն, 13 տարվա ընթացքում ՀՆԱ-ի ընդհանուր, ինչպես նաեւ 1 շնչին ընկող ցուցանիշը կանխատեսվում է, որ կեռապատկվի:

Իսկ որքանո՞վ է իրատեսական կամ հավակնոտ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի 13 տարի հետո 10 հազար դոլար ցուցանիշը: Տեսակետներ կան, որ դա իրատեսական չէ եւ ծրագրված ցուցանիշին հասնելը հնարավոր չի լինի այդ ժամկետում:

Խնդիրն այն է, որ ինչ-որ առումով տնտեսական բարձր աճ ապահովելը աստիճանաբար ավելի դժվար է դառնում` նկատի ունենալով տարեցտարի ավելացող բազան: Այսինքն, ավելի հեշտ է երկնիշ տնտեսական աճ արձանագրել տնտեսական խոր անկումից հետո, ինչպես եղավ 2000-ականներին, քան 6 կամ 7 տոկոս, երբ տնտեսություն արդեն կայացել է եւ հարկ է այն զարգացնել, հաշվի առնելով դեռեւս չօգտագործված հնարավորությունները, տնտեսության դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը: Այս առումով ՀՆԱ-ի ընդհանուր եւ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշի եռապատկումը դժվար իրագործելի է թվում: Սակայն, առավել հանգամանորեն դիտարկելու դեպքում, պարզ է դառնում, որ այդ նպատակը ոչ միայն հավակնոտ չէ, այլ նաեւ զգուշավոր իրատեսական է:

Համաձայն պաշտոնական վիճակագրական տվյալների, 2000-ի համեմատ 2007-ին Հայաստանի համախառն ներքին արդյունքի ցուցանիշը եռապապատկվել է` 103 մլրդ դրամից հասնելով 315 մլրդ դրամի: Փաստորեն, 7 տարում ՀՆԱ եռապատկման փաստ արդեն ունենք: Նկատի ունենալով վերեւում նշված հանգամանքը, որ աստիճանաբար ավելի դժվար է դառնում բարձր տնտեսական աճ ապահովելը, արդեն 13 տարում նույն արդյունքին հասնելը կարող է հավանական լինել: Այստեղ հարկ է հաշվի նաեւ այն հանգամանքը, որ, ինչպես նշված է ծրագրում, տնտեսական աճի շարժիչ ուժը պետք է դառնա արտահանելի հատվածը, հիմնականում արդյունաբերության շնորհիվ եւ ծառայությունների ոլորտը որպես տնտեսական ակտիվությունը սպասարկող ճյուղ: Այսինքն, տնտեսական զարգացման խթանները աստիճանաբար տեղափոխվելու են բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներ, ի տարբերություն այն բանի, որ 2000-ականներին տնտեսական աճի շարժիչ ուժը ոչ արտահանելի եւ ոչ արտադրական ճյուղ հանդիսացող շինարարությունն էր:

Մյուս կողմից, հարկ է փաստել նաեւ, որ 1 շնչին ընկնող 10 հազար դոլար ՀՆԱ ցուցանիշը, իրատեսական լինելով հանդերձ, այնքան էլ բարձր եւ հավակնոտ չէ: Այս ցուցանիշը, անշուշտ, ենթադրում է բարեկեցության նկատելի բարձրացում մեր երկրում, բայց, դրանով հանդերձ, շարունակելու ենք շատ հետ մնալ եվրոպական եւ զարգացած այլ երկրների բնակչությունների կենսամակարդակից:

Բնական է, որ մենք երազել անգամ չենք կարող Լյուքսեմբուրգի 1 շնչին ընկնող 104 հազար դոլար (ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի 2010-ի ցուցանիշների), ոչ էլ Նորվեգիայի` 84 հազար դոլար, Դանիայի` 55 հազար դոլար, Գերմանիայի եւ Ֆրանսիայի` 40 հազար դոլար եւ նման այլ երկրների ցուցանիշների մասին: Սակայն պետք է ձգտել գոնե 2025-ին հասնենք 2010-ին Չեխիայի` 1 շնչին ընկնող 18 հազար դոլար, Սլովակիայի` 16 հազար դոլար կամ Էստոնայի 14 հազար դոլար ցուցանիշներին: Հետեւաբար, 10 հազար դոլար 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն չի կարելի համարել անհասանելի ցուցանիշ: Ավելին, հարկ է ձգտել ավելի բարձր ցուցանիշ ապահովելուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #46, 06-12-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ