RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Մարմնակրթություն

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1525, Տպվել է` 182, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ԱՌՈՂՋ ՍԵՐՈՒՆԴ ԴԱՍՏԻԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՌԱԶՄԱԿԱՆ ԱՄՈՒՐ ԹԻԿՈՒՆՔ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԾՐԱԳԻՐՙ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՄԱՍՆԱԳԵՏԸ

ՊՈՂՈՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ՀՀ վաստակավոր մարզիչ, ՀՀ ժողովրդական կրթության գերազանցիկ, Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչության նախկին դպրոցական տեսուչ, թոշակառու

Հայաստանի Հանրապետության առաջ բացվում են այն ճանապարհները, որոնք տանում են դեպի ազգային վերածնունդ: Իսկ վերածննդի ճանապարհին ամենակարեւոր գործոններից են ազգային դպրոցը, հայեցի կրթությունն ու դաստիարակությունը: Իսկ ազգային դպրոցի կարեւորագույն խնդիրներից մեկն էլՙ ունենալ մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության ամուր համակարգ:

Ինչպես հանրակրթական, այնպես էլ մանկապատանեկան մարզադպրոցները կոչված են նպաստելու մատաղ սերնդի կրթությանը եւ համակողմանի զարգացմանը, հանրակրթական եւ մանկապատանեկան մարզադպրոցների առջեւ դրված խնդիրները սերտորեն շաղկապված են: Բնականաբար, ոչ մի կերպ չի հիմնավորվում այն տեսակետը, թե այդ խնդիրները կարող են առանձին-առանձին արդյունավետ աշխատել մեկ համակարգից դուրս: Բացի դրանիցՙ մանկապատանեկան մարզադպրոցները հիմնականում գործել են հանրակրթական դպրոցների մարզաբազաներում, մարզիչների մեծ մասն էլ նույն կրթահաստատությունների ֆիզկուլտուրայի ուսուցիչներն էին:

1990-ական թվականներին ՀՀ լուսավորության մինիստրության ենթակայության մարզադպրոցների թիվը հասնում էր 120-ի, 22 մարզադպրոց ուներ Երեւանի քաղաքային կրթության վարչությունըՙ ըստ վարչական շրջանների: Այս համակարգը վաղուց արդարացրել էր իր գոյությունը: Վկանՙ դրանց մասսայականությունը, ՄՊՄԴ-ներում ընդգրկված սաների թիվը, խմբերի եւ բաժանմունքների կայունությունը, որոնց հետ աշխատում էին ֆիզկուլտուրայի վաստակաշատ մեծ թվով ուսուցիչներ եւ ճանաչված մարզիչներ: Հարկ է նշել այդ տարիներին մեր հանրապետության մարզիկների վստահ մրցելույթներն ու մասնակցությունը դպրոցականների համամիութենական սպարտակիադաներում ու միջազգային մրցաշարերում: Հնարավորություններ էին ընձեռված բոլոր մարզադպրոցներինՙ կազմակերպելու ուսումնամարզական հավաքներ եւ մրցաշարեր ինչպես հանրապետությունում, այնպես էլ հանրապետությունից դուրս: Վիճակագրական թվերով կարող եմ փաստել, թե ինչքան մեծ կորուստ է կրել մանկապատանեկան մարզադպրոցների համակարգը: Այս իրողությունը եւս խորհելու առիթ է տալիս, ստիպում մտածել մեզանում շատ բան վերակառուցելու մասին: Հանրապետությունում ստեղծված տնտեսական վիճակը, արտագաղթը, տարածաշրջանային լարվածությունը եւ հակամարտությունները պարտավորեցնում են բոլոր շահախնդիր կազմակերպություններինՙ տուրք չտալ տարակարծություններին, վճռական գործողություններ ձեռնարկել ֆիզիկական դաստիարակության ազգային համակարգ ստեղծելու եւ նոր բարեփոխումներ կատարելու համար:

Այս հարցում օրինակ պետք է ծառայի զարգացած մի շարք երկրների փորձը, որոնցում ֆիզիկական դաստիարակության ազգային համակարգը շատ բանով վճռական դեր է խաղում տնտեսության զարգացման, քաղաքական իրավիճակի կայունացման եւ այլ խնդիրների կարգավորման գործում:

Հրադադարի եւ պատերազմական դրության մեջ հայտնված պետություններում էլ, ինչպիսին այժմ մենք ենք, որպես կանոն, ժամանակի թելադրանքով փոփոխություններ են կատարվում ֆիզիկական դաստիարակության համակարգում, գտնում են աշխատանքների կազմակերպման այնպիսի ձեւեր եւ մեթոդներ, որոնք նպատակաուղղվում են պատանիների եւ երիտասարդների ռազմամարզական կրթությանը, վաղ հասակից զարգացնում ուժը, դիմացկունությունը, կամային հատկանիշները եւ այլն: Գաղտնիք չէ, որ այս գործում վճռական դեր կարող են ունենալ հանրակրթական դպրոցներն ու մարզադպրոցները:

Ֆիզիկական դաստիարակության եւ սպորտի «խորհրդային դպրոցի» առաջավոր փորձը ընդօրինակել են Եվրոպայի մի շարք զարգացած երկրներ: Հանրակրթական դպրոցներում նախատեսվում էր աշակերտների ընդգրկվածությունը արտադասարանական մարզական խմբակներում դպրոցի սովորողների թվի 30 տոկոսի չափով: Այդ աշխատանքները ղեկավարելու համար ֆիզկուլտուրայի ուսուցիչների համար սահմանված էր լրացուցիչ վարձատրությունՙ ըստ դասարանների քանակիՙ 1/4, 1,2 եւ 1 դրույքաչափերով: Խորհրդային դպրոցի փլուզումից հետո շատ բան կորցրեց նաեւ մեր հանրապետության ֆիզիկական դաստիարակության համակարգը: Լուծարվեցին մարզական շատ կազմակերպություններ, ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի քաղաքային եւ շրջանային կոմիտեներ, ուսումնամեթոդական կաբինետներ, գործից ազատվեցին քաղաքային եւ շրջանային ժողկրթբաժինների, գործարանների, արտադրամասերի, ֆաբրիկաների, կոլտնտեսությունների եւ սովխոզների ֆիզկուլտուրայի հրահանգիչներ եւ մեթոդիստներ:

Ուրախալի է, որ երկար սպասումներից հետո Երեւանի քաղաքապետարանը շատ կարեւոր քայլ կատարեցՙ իր ենթակայության ներքո բացելով «ՀՈԱԿ Սպորտ կոմիտե» մարզական կազմակերպությունը:

Կարծում եմ, վերոգրյալ լուծարված մարզական բոլոր հիմնարկների արժանավոր փոխարինողը կարող է դառնալ «ՀՈԱԿ սպորտ կոմիտեն»ՙ ընդլայնելով նրա գործունեության շրջանակները: Հարկավոր է վերանայել ու վերամշակել նրա կանոնադրությունը: «ՀՈԱԿ սպորտ կոմիտեում» պետք է ստեղծվեն այնպիսի մասնագիտացված բաժիններ, որոնք նպատակաուղղված լինեն ինչպես ազգաբնակչությանը, այնպես էլ դպրոցականների հետ տարվող ֆիզիկական դաստիարակության աշխատանքների բարելավմանը եւ իրագործմանը: «ՀՈԱԿ սպորտ կոմիտեի» կազմում կարող է ստեղծվել ֆիզիկական դաստիարակության ուսումնամեթոդական կենտրոն, որը կիրագործի իր կանոնադրությամբ նախատեսված առաքելությունները:

Մեր օրերում ֆիզկուլտուրայի ուսուցիչները եւ մարզիչները ուշադրությունից դուրս են մնացել, նրանք մասնագիտական եւ բարոյական օժանդակության կարիք ունեն: Դպրոցների շատ տնօրեններ ֆիզկուլտուրայի առարկայի դրվածքի բարելավման ուղղությամբ գրեթե ոչինչ չեն անում, անտեսվում են ֆիզկուլտուրայի դասերը եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչների աշխատանքները: Նախկինում Երեւանի քաղաքապետարանի կրթության վարչությունն իր լիազորությունների շրջանակներում իր ենթակայության 203 կրթական հաստատություններում ներդպրոցական վերահսկողություն էր իրականացնում կամ համընդհանուր ուսումնասիրություններ էր անցկացնում դպրոցներում, որտեղ ուշադրությունից դուրս չէր մնում ֆիզկուլտուրայի եւ ՆԶՊ-ի դրվածքի ուսումնասիրումը:

Վերադաս կազմակերպությունների, հատկապես կրթության պետական տեսչության կատարած դպրոցների ուսումնասիրություններում, անտեսվում են ֆիզկուլտուրան եւ ՆԶՊ առարկաները: Ֆիզկուլտուրայի ուսուցիչների ձայնը եւ խնդրանքը «վերեւներին» չեն հասնում, որովհետեւ չկան այն մարզական հաստատությունները, որոնց հետ նախկինում ֆիզկուլտուրայի ուսուցիչները կապի մեջ էին: Դպրոցների տնօրենները հոգ չեն տանում, որ դպրոցն ունենա ֆիզկուլտուրայի առարկայական չափորոշիչի եւ պետական ծրագրի ու նրա բաժիններին համապատասխան պահանջվող մարզագույք: Ուսուցիչը ստիպված պարապում է այն, ինչը նպատակահարմար է (զբաղեցնում է), շատ դեպքերում հաշվի է առնում երեխաների նախասիրություններն ու ցանկությունները:

Տարիներ են անցել, մարզադահլիճները, խաղահրապարակները, ատլետիկական հատվածները ծայրահեղ անմխիթար վիճակում են: Մաշվել եւ շարքից դուրս են եկել մարզագործիքներն ու մարզագույքը: Հակահիգիենիկ վիճակում են սանհանգույցները: Նման պայմաններում խոսել ֆիզկուլտուրայի դասերի բավարար կազմակերպման մասին` հարկ չեմ համարում: Իսկ եթե դպրոցն ունի մեկ մարզադահլիճՙ քանդված եւ ավերված, եթե դպրոցն ունի 20 դասարան, այսինքնՙ 60 դասաժամ, նշանակում էՙ մեկ օրվա դասացուցակում 12 դասաժամ, ֆիզկուլտուրայի մարզադահլիճ են մտնում միաժամանակ 2 դասարան, 50-60 աշակերտ: Հնարավո՞ր է արդյոք խոսել բավարար դասեր անցկացնելու մասին:

Առաջարկում եմ, որ Երեւանի քաղաքի դպրոցները, բացի իրենց եղած մարզադահլիճից, ստեղծեն մեկ կամ երկու հարմարեցված մարզադահլիճներ եւ դպրոցական մասնաշենքերի նկուղային հարկերումՙ հրաձգարաններ: Ի դեպ, այդպիսի հնարավորություններ ունեն մայրաքաղաքի գրեթե բոլոր դպրոցները: Հարմարեցված մարզադահլիճ կարող է ստեղծվել դպրոցների չգործող ճաշասրահների կամ երկու դասասենյակների միացման ձեւով: Հարմարեցված մարզադահլիճները համապատասխան մարմնամարզական գործիքներով եւ գույքով կահավորելուց հետո կարող են ծառայել ֆիզիկական կուլտուրայի պետական ծրագրի մարմնամարզության բաժնի նյութի ուսուցմանը, որը ամենակարեւորն է: Հարմարեցված մարզադահլիճները կարող են ծառայել տարրական դասարանների համար, որոնք տարիներ շարունակ զրկված են եղել մարզադահլիճից օգտվելու հնարավորություններից, իսկ ֆիզկուլտուրայի դասերը ձեւական բնույթ են կրել: Կարծում եմ, որ ժամանակաշրջանը նպաստավոր է, իսկ առաջարկը պարտավորեցնող, կարեւորությունըՙ անհետաձգելի, նպատակըՙ առողջ սերունդ դաստիարակելը:

Հանրակրթական դպրոցի պահպանման ծախսերի նախահաշիվներում հատկացումներ են նախատեսվում խմբակների ղեկավարների աշխատանքի վարձատրման համարՙ 5-10 դասարան ունեցող դպրոցումՙ ուսուցչի 0,5 դրույք, 11-20 դասարան ունեցող դպրոցումՙ 1 դրույք, 21 եւ ավելի դասարան ունեցող դպրոցումՙ ուսուցչի 1,5 դրույք:

Ֆիզկուլտուրայի ուսուցիչները բազմիցս խնդրել են, որ խմբակների համար նախատեսված դրույքաչափերից 1/4 կամ 0,5 հատկացնեն իրենց, որովհետեւ ամենաշատ տանջվողներն ու չարչարվողները դպրոցում ֆիզկուլտուրայի ուսուցիչներն են: Բոլորս շատ լավ գիտենք, որ ուսումնական տարվա ընթացքում լինում են վերադաս կազմակերպությունների հաստատած մարզական-զանգվածային միջոցառումների օրացուցային պլանով նախատեսված մրցումներ եւ ելույթներ: Դպրոցները պարտադիր պետք է մասնակցեն պահանջվող միջոցառումներին: Այդ միջոցառումներին մասնակցելու համար ֆիզկուլտուրայի ուսուցիչները լարված եւ լրացուցիչ աշխատանքներ են կատարումՙ առանց լրացուցիչ վարձատրության, չեն արժանանում նույնիսկ դպրոցների տնօրենների ուշադրությանը եւ խրախուսանքին:

Խոսքս ուզում եմ հղել ՀՀ ԿԳ նախարարին, որ ժամանակն է ու հարկավոր է միջոցներ ձեռնարկել: Դուք կարող եք եւ պարտավոր եք հրահանգել ու պահանջել հանրապետության հանրակրթության հաստատություններին, որպեսզի վերականգնվեն արտադասարանական մարզական աշխատանքները դպրոցում եւ ֆիզկուլտուրայի ուսուցիչներին վճարել խմբակի համար նախատեսված դրույքաչափից: Առաջարկում եմ հարց բարձրացնել ՀՀ կառավարությունում, որպեսզի հանրակրթական դպրոցների մարզադահլիճները, խաղահրապարակները, գույքը եւ կահավորանքը առաջին հերթին հատկացնել մարզադպրոցների խմբերին ու արտադասարանական մարզական խմբերինՙ մարզումներն ու պարապմունքները անցկացնելու համարՙ մարզադահլիճը ազատ մնալու դեպքումՙ հատկացնեն միայն ըստ վարձակալության:

Արմատական փոփոխության կարիք ունի Երեւանի քաղաքի մանկապատանեկան մարզադպրոցների համակարգը: 1970-1990-ական թվականներին Խորհրդային Միության լուսավորության մինիստրությունից ֆիզիկական դաստիարակության մասնագետներ էին գործուղվում Հայաստան, որոնք այցելում էին հանրապետության տարբեր քաղաք-շրջանների հանրակրթական դպրոցներ եւ մարզադպրոցներՙ ծանոթանում կամ ուսումնասիրում էին նախազորակոչային տարիքի պատանիների հետ տարվող ֆիզիկական դաստիարակության աշխատանքներին: Նրանք հիմնականում դժգոհում էին, որ Հայաստանից խորհրդային բանակ զորակոչված պատանիները կամային ու ֆիզիկական թույլ պատրաստություն ունեն, նրանցից ոչ մեկը լողալ չգիտի:

- Ինչպիսի՞ ֆիզիկական պատրաստությամբ եւ ինչպիսի՞ բարոյակամային հատկանիշներով է Հայկական բանակ մեկնում հայ պատանին:

- Հայկական բանակ մեկնած հայ պատանին ինչո՞ւ է դժվարանում ծառայության ընթացքում:

- Ի՞նչն է պատճառը, որ լինում են դեպքեր, երբ Հայկական բանակում հայ զինվորը դիմում է ծայրահեղ միջոցների:

Ահա այս հարցերը լուրջ մտահոգելու առիթ են տալիս, եւ հրատապ լուծում պահանջում:

Զորակոչված պատանին զինվոր է դառնումՙ ենթարկվելով բանակի ներքին կարգապահական կանոններին եւ օրվա աշխատակարգին: Ամենօրյա հագեցած ընդհանուր ֆիզիկական եւ մարտական պատրաստության պարապմունքների ծանրաբեռնվածությունը սկսնակ զինվորին անակնկալի է բերում, անակնկալի են բերում նաեւ եւ զինվորական կարգապահական կանոնները:

6-ամսյա ուսումնառության ճանապարհինՙ ֆիզիկական, շարային, մարտական, տակտիկական զինավարժությունների բեռնվածության հաղթահարելուն բանակ մեկնած զինվորը պատրաստ չլինելովՙ հայտնվում է մի հոգեվիճակում, որը թողնում է ծանր հետեւանքներ: Պարզից պարզ է, թե որտեղից է սկսվում ապագա զինվոր պատրաստելու գործընթացը: ԿԳ նախարարության համակարգում դպրոցականների ֆիզիկական պատրաստության եւ ռազմահայրենասիրական դաստիարակության ուղղությամբ տարվող աշխատանքներում բազմաթիվ բացթողումներ կան ու ամենակարեւորըՙ անտարբերությունը այս կարեւոր գործի նկատմամբ:

Պետության ու ազգային անվտանգության շահերից ելնելովՙ մի ծրագիր է հարկավոր իրագործելՙ «Առողջ մատաղ սերունդ դաստիարակելու եւ ռազմական ամուր թիկունք ունենալու» ծրագիր: Առաջիկա 2-3 տարիների ընթացքում վերակառուցել ու վերանորոգել Երեւան քաղաքի կրթական հաստատությունների մարզադահլիճները, հրաձգարանները, խաղահրապարակները եւ ատլետիկական հատվածները: Խաղահրապարակներում կառուցել ու կահավորել ՆԶՊ առարկայի համար ինքնաշեն գործիքների համալիր հատված:

Հանրապետության, ինչպես նաեւ Երեւան քաղաքի նախադպրոցական հիմնարկների, ուսումնական հաստատությունների եւ մարզադպրոցներին ու մարզակառույցներին մարզագույքով, մարզական գործիքներով, մարզահագուստով եւ օժանդակ տարբեր պարագաներով ապահովելու համար ստեղծել մասնագիտացված կենտրոնական բազա, որը մատչելի գներով ուսումնական հաստատություններին սպասարկի պահանջարկին համապատասխան մարզագույքով:

Կոչ եմ անում կրթության, ֆիզիկական դաստիարակության բնագավառի ղեկավարներին, դպրոցներում աշխատող ՆԶՊ զինղեկներին, դպրոցների տնօրեններին, ֆիզկուլտուրայի ուսուցիչներին, մարզադպրոցների տնօրեններին ու մարզիչներինՙ յուրաքանչյուրը թող խոսի իր սրտի ու խղճի հետ, յուրաքանչյուրը պետք է գիտակցի ու հասկանաՙ Հայկական բանակը հզոր է, եթե հզոր թիկունք ունի, այդ թիկունքը մենք պետք է լինենքՙ մեր վերաբերմունքով, մեր հավատով ու մեր պարտականությունների բարեխիղճ կատարմամբ: Մեր սրբազան պարտականությունն է դաստիարակել առողջ ու զինվորացու սերունդ Հայկական բանակի հզորացման համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #11, 22-03-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ