RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-03-19 23:30:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 2081, Տպվել է` 91, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ՊԱՀԻ ԸՆԴՀԱՆՐԱՑՈՒՄ, ԱԿՆԹԱՐԹԻ ԱՐԺԵՔ

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Տաթեւիկ Մնացականյանի տպավորիչ հայտը

«Ակադեմիա» պատկերասրահի փոքր մի տարածք (մոտ 6 քմ) տրամադրված էր լուսանկարիչ-դիզայներ Տաթեւ Մնացականյանին, որտեղ նա կարողացել էր ներկայացնել խոշոր չափսի (1.20x80) 24 լուսանկար, որ արդեն իսկ խիտ-հագեցած միջավայր էր ստեղծում եւ առավել էմոցիոնալ ազդեցություն էր թողնում յուրաքանչյուր գործի ընդգծված կերպարայնության շնորհիվ: Շարքը խորագրված է «Արվեստի հայ երախտավորների, ի մասնավորի նկարիչ-քանդակագործների ֆոտոպորտրետներ»: Սա լուսանկարչի վերջին տարիներին մտահղացված բավական ծավալուն ծրագրի մի հատվածն էՙ նվիրված հայ մշակույթում ներդրում ունեցող ավագ սերնդի արվեստագետներին, որոնցից ոմանք իրենց ապրած ժամանակաշրջանում, ցավոք, արդեն մոռացված են:

Տաթեւ Մնացականյանը փնտրում-գտնում է նրանց, հանդիպում, զրույցներ ունենում, փորձում հասկանալ կյանքի մայրամուտի շեմին գտնվող այս մարդկանց հոգեվիճակը, զգացումները: Այդ զրույցների միջոցով ճանաչողության փորձի ընթացքում որպես լուսանկարիչ իր համար բացահայտում է կերպարի բնութագրական կողմերը, ինչն էլ օգնում է օբյեկտիվինՙ որսալու ամենաճիշտ պահը, այն ակնթարթը, որն ընդհանրացնում է տվյալ անհատին, կամ ընդգծում նրա ամենաբնութագրական հատկանիշը: Ստեղծագործական տարրից բացի, այս աշխատանքը իր համար մեկ այլ կարեւոր արժեք ունի. ինքը փորձում է մերժել մոռացության մատնելու սովորույթ- արատը եւ տեսնել, գնահատել արվեստագետին, երբ նա մեր կողքին է, եւ ոչ թեՙ հետմահու միայն: Իսկ ոմանց պարագայում դա, իրոք, այդպես է:

Այս մարդկանց նա հանդիպում է իրենց հարազատ միջավայրում` ստեղծագործական կամ ոչ, բայց բնական, ճիշտ վիճակներում, որն էլ հիմնականում ապահովում է կերպարի հաջողությունը:

Տաթեւ Մնացականյանը նպատակ ունի իր ծրագրի միջազգայնացմանՙ ներգրավելով ինչպես սփյուռքահայ, նաեւ օտար արվեստագետների եւ ստեղծելու մշակութային յուրատեսակ «լուսանկարչական» երկխոսություն: Առաջին նման քայլը անցած աշնանը Եգիպտոս այցելելն էր, հանդիպումները հայ եւ եգիպտացի վաստակ ունեցող, տարեց արվեստագետներին:

«Ակադեմիա» պատկերասրահում հիշյալ 24 լուսանկարների միատեղ ցուցադրությունը մշակութային մի էպոխայի հիշողություն է. մարդիկ, որոնք ապրել ու ստեղծագործել են միեւնույն ժամանակ, իրարից որքան տարբեր, նաեւ մոտ: Տաթեւի համար ցուցահանդեսը զուտ իր աշխատանքների ցուցադրություն չէ, այլեւ լուսանկարների միջոցով ստեղծել իր հերոսների այնպիսի միջավայր, որտեղ առաջին պլանում նրանք պիտի երեւան: «Ակադեմիա» պատկերասրահի ցուցադրությունը հաստատում էր իր այս մոտեցումը: Միջավայրը ապահովում էր կերպարի խարակտերայնությունը, որտեղ ամենից բնորոշը դինամիզմն է, որ հաղորդակցման եւ անմիջականության կենդանի զգացողությամբ է օժտված եւ արագ փոխանցելի է դարձնում դիտողին: Քանի իր հերոսները տարեց մարդիկ են, լուսանկարչական օբյեկտիվը ասես սեւեռվում եւ արձանագրում է արտաքինիՙ մազի գույնի, դեմքի խորշոմի, հայացքի ամեն մանրամաս, միաժամանակ նրանց ձեռքի մի շարժումի, դիրքի, դիմարտահայտության միջոցով հայտնաբերում կերպարին հարազատ ներքին պահի վիճակը: Այսպիսի տպավորություն են թողնում Հակոբ Հակոբյանի, Էդվարդ Միրզոյանի, Լեւոն Կոջոյանի լուսանկարները, արտահայտչականության առումով շատ տպավորիչ է Ելենա Աբրահամյանի կերպարը, բնորոշ-տիպական են Լեւոն Հովհաննիսյանի, Զաքար Խաչատրյանի լուսանկարները: Երիտասարդ, շնորհալի արվեստագետը պրպտող միտք ու ստեծագործական մոտեցում է ցուցաբերում, լուսանկարչության յուրաքանչյուր պահ, յուրաքանչյուր պորտրետ վերածելով գեղարվեստական ակտի:

Նկար 1. Գեղանկարիչ Լեւոն Կոջոյան

Նկար 2. Գեղանկարիչ Ելենա Աբրահամյան

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ