RSS | FACEBOOK | ISSUU | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#039, 2013-03-16 > #040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013



Տեղադրվել է` 2013-03-19 23:30:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1810, Տպվել է` 95, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ՄՈՍԿՎԱՅԻ «ԴԻՆԱՄՈՆ» ԵՎ ԱՅԼ ԱԿՈՒՄԲՆԵՐ ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ ԵՆ ԱՐԱՍ ՕԶԲԻԼԻՍՈՎ

Մոսկվայի «Դինամոյի» գլխավոր մարզիչ Դան Պետրեսկուն եւ եվրոպական մի քանի առաջատար ակումբներ հետաքրքրված են Հայաստանի հավաքականի եւ Կրասնոդարի «Կուբանի» 23-ամյա կիսապաշտպան Արաս Օզբիլիսի ծառայություններով: Այդ փաստը հաստատել է ֆուտբոլիստի գործակալ Դմիտրի Սելյուկը, նշելով, որ շուտով Օզբիլիսի համար առաջատար ֆուտբոլային ակումբների միջեւ մրցակցություն է ծավալվելու:

Մոսկովյան «Իզվեստիա» թերթի թղթակցի հետ զրույցում Սելյուկը բարձր է գնահատել Արաս Օզբիլիսին. «Օզբիլիսը բոլոր հնարավորություններն ու տվյալներն ունի բարձրակարգ ֆուտբոլիստ դառնալու: «Կուբանում» նրա ներկայիս հիանալի ելույթները ֆուտբոլիստի հնարավորությունների սահմանը չեն: Իր գերազանց խաղի շնորհիվ Արասն արդեն այժմ հայտնվել է եվրոպական առաջատար ֆուտբոլային ակումբների մարզիչների ուշադրության կենտրոնում: Նրանով հետաքրքրվում է ոչ միայն Մոսկվայի «Դինամոն»: Ներկայումս 2 կոնկրետ առաջարկ ենք ստացել առաջատար ֆուտբոլային երկրների առաջնությունների մասնակից թիմերից, որոնք մշտապես հանդես են գալիս եվրոգավաթներում: Համոզված եմ, որ «Կուբանի» ղեկավարությունը չի արգելի Օզբիլիսին տեղափոխության հարցում, քանի որ պայմանագրում նման կետ կա»:

Արաս Օզբիլիսը հոլանդական «Այաքսի» ֆուտբոլային դպրոցի սան է: 2009-ին «Այաքսը» նրա հետ լիարժեք պրոֆեսիոնալ պայմանագիր կնքեց: Այդ տարի հայ ֆուտբոլիստը ճանաչվեց թիմի ամենատաղանդավոր երիտասարդ խաղացող: Սկզբում նա մտադրվել էր հանդես գալ Հոլանդիայի ազգային հավաքականում: Սակայն երբ Վարդան Մինասյանը հանդիպեց Օզբիլիսի հետՙ նրան հրավիրելով Հայաստանի ազգային հավաքական, Արասն ուրախությամբ համաձայնվեց հանդես գալու հայկական եռագույնի ներքո:

Անցյալ տարվա օգոստոսին Օզբիլիսը տեղափոխվեց «Կուբան», որում հանդես է գալիս նաեւ Մարկոս Պիզելին: ՀՀ հավաքականի 2 ֆուտբոլիստները լավ են համագործակցում միմյանց հետ: Թիմի կազմում անցկացրած 16 հանդիպումներում Օզբիլիսը 8 գոլի հեղինակ է դարձելՙ հայտնվելով ՌԴ առաջնության լավագույն ռմբարկուների տասնյակում: Ի դեպ, «Կուբան» Օզբիլիսին հրավիրել էր հենց Դան Պետրեսկուն, որը հետագայում տեղափոխվեց Մոսկվայի «Դինամո»:

Արաս Օզբիլիսը «Կուբանի» հետ գործող պայմանագիր ունի մինչեւ 2016-ի ամառը: Մասնագետները նրա տրանսֆերը գնահատում են 3,5 մլն եվրո:

Օզբիլիսի մասին կարծիք է հայտնել նաեւ ռուս անվանի մարզիչ Բորիս Իգնատեւը . «Ձմռան նախապատրաստական շրջանում ինձ բախտ է վիճակվել հետեւել Օզբիլիսի գործողություններին: Նա առաջին հերթին աչքի էր ընկնում իր արագաշարժությամբ եւ հիանալի հուժկու հարվածներով: Իրոք «Կուբանում» Արասն առանցքային դերակատարություն ունի: Սակայն իմ կարծիքով դեռ վաղ է խոսել բարձրակարգ թիմ տեղափոխվելու մասին: Նա պետք է դեռ ավելացնի ու կատարելագործի խաղային իր որակները: Օրինակ, երբ Մովսիսյանը տեղափոխվում էր Մոսկվայի «Սպարտակ», բոլոր մասնագետներն արդեն գիտեին, որ նա մեծ ներուժով բարձրակարգ ֆուտբոլիստ է: Յուրային հարկավոր էր միայն հաստատել իրեն վերագրվող բնութագիրը: Իսկ Արասին դեռեւս հարկ կլինի դրսեւորել իր բարձր կարգը»:

Ցավոք, Արաս Օզբիլիսը վնասվածքի պատճառով չի կարող մասնակցել չեխերի հետ ընտրական մրցախաղին: Դա ՀՀ հավաքականի համար մեծ կորուստ է: Նա վնասվածք էր ստացել «Կուբանի» մարզման ժամանակ, գնդակին հարվածելիս: Պարզվել է, որ Արասը վնասել է ծնկի կողային կապանը: Օզբիլիսը ներկայումս Հոլանդիայում է, որտեղ մարտի 22-ին եւս մեկ բուժզննում կանցնի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 20-03-2013

AZG Daily #43, 15-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ