RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ
ՀԵՂԻՆԱԿՆԵՐ | ԾԱՂՐԱՆԿԱՐՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1600, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 100

ՎԵՐԸՆՏՐՎԱԾ ՕԲԱՄԱՆ ԱՌԱՋԻՆԸ ԱՅՑԵԼԵՑ ԻՍՐԱՅԵԼ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Այլ հարցերի թվում նա այնտեղ կքննարկի թուրք-իսրայելական հարաբերությունները

Երեկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Իսրայելում էր, որտեղից նա կանցնի Պաղեստինի ինքնավարության մայրաքաղաք Ռամալլա, ապա կուղեւորվի Հորդանան: Այսպիսով կավարտվի նրա 4-օրյա շրջագայությունը տարածաշրջանում:

Հոդվածը գրելու պահին Օբաման դեռեւս չէր հանդիպել Իսրայելի ղեկավարների հետ: Սակայն ակնհայտ է, որ հանդիպումներում նրա օրակարգի առաջնահերթ խնդիրը լինելու է Իրանի միջուկային ծրագիրը, Հորդանանում նա առաջնահերթ նշանակությամբ քննարկելու է Սիրիայի քաղաքական զարգացումները, իսկ Պաղեստինում ամենայն հավանականությամբ նրա այցը խորհրդանշական բնույթ է կրելու:

Այսինքն նա պաղեստինա-իսրայելական հակամարտության առումով որեւէ առաջարկ չի ներկայացնելու, ուստի ծրագիր չի քննարկվի: Կնշանակիՙ այդ այցը կիրականացվի Իսրայելի ու Պաղեստինի միջեւ հավասարակշռությունը չխախտելու նկատառումով: Թերեւս պատահական չէ, որ աշխարհի առաջնակարգ լրատվամիջոցները կանխավ հաղորդում էին. «Իրանը իր կնիքն է թողնելու ԱՄՆ-ի նախագահի շրջագայության վրա»:

Այդուհանդերձ այցը ուշագրավ է մի քանի հանգամանքներով: Վերընտրվելուց հետո նախագահ Օբաման առաջինը Իսրայել է այցելում, այցը տեղի է ունենում 2003-ի հակաիրաքյան երկրորդ պատերազմի սկզբնավորման օրը, այցից առաջ Անգլիա-Իրան հարաբերություններում նկատվում են տեղաշարժեր, ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե պատրաստ է ռազմական միջամտությամբ հանդես գալ Սիրիայում, եւ վերջապես նախագահ Օբամայի շրջագայությունը Հորդանանով է ավարտվում:

Սիրիան վաղուց արդեն դարձել է անկառավարելի: Երկիրը ոչ իշխող վարչակարգն է հսկում, ոչ էլ ընդդիմությունը: Իրաքում սրվում են Բաղդադի հարաբերությունը Հյուսիսային Իրաքի «Քուրդիստան» շրջանի հետ, իսկ Եգիպտոսում ոչ մի կերպ չեն հանդարտվում հուզումները: Ստեղծված իրավիճակում մտածել, որ ԱՄՆ նախագահը պաղեստինա-իսրայելական հակամարտության առումով նոր նախաձեռնություն հանդես բերի, իրատեսական չէ:

Նշված զարգացումները բարենպաստ չեն նաեւ շրջագայության մեջ ներառված երկրների ցանկի ընդարձակմանը: Սակայն Թուրքիան, ի տարբերություն տարածաշրջանի մյուս երկրների, ներքաղաքական իրավիճակից բխող խանգարիչ որեւէ հանգամանք չունի: Թուրքիայի դեպքում էլ Բարաք Օբամային հավանաբար խանգարել է վարչապետ Էրդողանի դեռեւս մարտի 1-ին արած հայտարարությունը, ընդ որում հենց նորանշանակ պետքարտուղար Ջոն Քերրիի Անկարա այցելության օրը:

Մարտի 1-ին, երբ Քերրիի ինքնաթիռն ուղեւորվել էր Անկարա, վարչապետ Էրդողանը Վիեննայում, մասնակցելով «Քաղաքակրթությունների երկխոսություն» ֆորումին, ամբիոնից հայտարարել է. «Իսլամաֆոբիան պետք է նույնպես մարդկության դեմ հանցագործություն համարվի, ինչպես սիոնիզմը, հակասիոնիզմն ու ֆաշիզմը»: Նրա հայտարարությունը բուռն հակազդեցություն էր առաջ բերել Իսրայելում, Եվրոմիության առաջնակարգ երկրներում, ՄԱԿ-ում եւ հատկապես ԱՄՆ-ում:

Հայտարարությունից հետո հրապարակավ դատապարտելուց զատ, ամերիկյան բազմաթիվ կոնգրեսականներ դիմել էին վարչապետ Էրդողանին եւ տարակուսանք հայտնել, պահանջելով, որ վերջինը հետ վերցնի խոսքերը: Մինչդեռ հայտարարության եւ պետքարտուղար Քերրիի այցելության նախօրյակին թուրք-իսրայելական հարաբերությունների կարգավորմամբ շահագրգռված Վաշինգտոնը պատրաստվում էր 2 ռազմանավ նվիրել Թուրքիային, իսկ Իսրայելըՙ վճարել «Մավի Մարմարայի» միջադեպի առնչությամբ փոխհատուցում: Ավելին, Քերրին 4 ամսից ի վեր նախագահ Օբամայի հետ հանդիպման սպասող Էրդողանին այցի հրավեր էր տալու, այցելության ամսաթիվն էլ հետը: Թեեւ Քերրին Անկարայում հանդիպեց վարչապետ Էրդողանին, սակայն հայտարարության պատճառով այցի ակնկալվող հրավերը չարեց: Այսպիսով Էրդողանի այցը ԱՄՆ մնաց անորոշ:

Ահա ԱՄՆ նախագահի Իսրայել այցելության նախօրյակին էլ արդեն Դանիայում Էրդողանը «Պոլիտիկեն» թերթին հայտարարեց. «Գիտեմ, որ Վիեննայում ասածներս բանավեճի առարկա են դարձել: Սակայն թող ոչ ոք չփորձի սխալ հասկանալ դրանք: Բոլորն էլ գիտեն, որ իմ քննադատությունները ուղղված են Իսրայելի հատկապես Գազայի հատվածի նկատմամբ որդեգրած քաղաքականության դեմ: Մենք կշարունակենք քննադատությունը, քանի դեռ Իսրայելը չի ճանաչում Պաղեստինի պետության գոյությունը: Քննադատությունների թիրախը ոչ թե Իսրայելն է, այլ այս պետության որդեգրած քաղաքականությունը»:

Այս հայտարարությամբ Էրդողանը փաստորեն վերահաստատեց Իսրայելի առնչությամբ որդեգրած իր նախկին դիրքորոշումը: Ինչո՞վ բացատրել դիրքորոշման վերահաստատումը: Ըստ երեւույթին կանխարգելիչ միջոցների դիմելու Թուրքիայի վարչապետի նկատառումներով, քանի որ Իսրայելի ղեկավարության հետ հանդիպումներում նախագահ Բարաք Օբաման պատրաստվում է քննարկել Էրդողանի Վիեննայում արած հայտարարությունը: Թուրքական Odatv.com-ը դեռեւս մարտի 6-ին կայքէջում գրել էր, որ ամերիկա-իսրայելական լոբբին երբեք չի մոռանալու այդ հայտարարությունը, եթե ոչ Թուրքիան, ապա վարչապետ Էրդողանը դուրս է մղվելու ԱՄՆ-ի հետաքրքրության շրջանակից:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #30, 16-08-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ