RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ "ԱԶԳ-ՄՇԱԿՈՒՅԹ" ՀԱՎԵԼՎԱԾԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՄԱՐԸ
#040, 2013-03-19 > #041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013



ԳԵՐՄԱՆԱԿԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-03-21 00:20:21 (GMT +04:00)


Ընթերցված է` 1146, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 60

ՍԻՐԻԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ARD-Ի ԵԹԵՐՈՒՄ

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա

Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքըՙ ARD-ն, մարտի 13-ին իր ամենօրյա Tagesschau լրատվական ծրագրի ժամը 15.09-ի թողարկմանը անդրադարձել է սիրիահայերի խնդիրներին: Ավելի քան մեկ միլիոն մարդ Սիրիայում քաղաքացիական պատերազմի հետեւանքով լքել է երկիրը: Նրանց թվում են նաեւ քրիստոնյա հայերը, որոնց նախնիները վերապրողներ ենՙ 1915-ին Օսմանյան կայսրությունից թուրքական հետապնդումների պատճառով Սիրիայում հարկադրյալ պաշտպանություն գտած: Հազարավորները նրանցից ապաստան են գտել Հայաստանում, բայց նախկին խորհրդային հանրապետությունը ներգաղթելու հարմար երկիր չէ, ծանուցում է Զիլվիա Շթյոբերն իր «Երբեք օտար չեն զգացել» վերնագրով ծավալուն լուսաբանման մեջ: Լրագրողը զրուցել է Հալեպից Հայաստան եկած 39-ամյա Գեւորգ Շադոյանի հետ, որը Հալեպում վերջերս նորաձեւության դիզայնի դպրոց է հիմնադրել, բայց ստիպված է եղել ամեն ինչ թողնել ու 2012-ի ամռանը պատերազմի ճիրաններում հայտնված երկրից դուրս գնալ: Նա մեկն է Սիրիայում հայկական ծագում ունեցող 100 000-ից: Քրիստոնյա փոքրամասնությունը Սիրիայի 22,5 միլիոն բնակչության մոտ 10 տոկոսն է կազմում, 90 տոկոսը մահմեդականներ են: Տասնամյակներ շարունակ քրիստոնյաներն ու մահմեդականները միասին խաղաղ ապրել են: «Երջանիկ էինք այնտեղ», Հալեպի կյանքի մասին պատմել է Շադոյանը: Հայերն ու մյուս փոքրամասնություններն օտարականի զգացում չեն ունեցել: Մարդիկ հարգանք են ունեցել միմյանց հանդեպ»: Իբրեւ հարգանքի արժանացած վաճառականներ ու արհեստավորներ հայերը կարողացել են իրենց գործով զբաղվել, իրենց կրոնին ու լեզվին հոգ տանել: Հալեպի թաղամասերից մեկում բազմաթիվ քրիստոնեական եկեղեցիներ, դպրոցներ, համայնքային կառույցներ կան:

Այլ սիրիահայերի նման Շադոյանն էլ Բաշար Ասադի քաղաքական ռեժիմի մասին նախընտրել է չխոսել: ARD-ն ներկայացնում է Սիրիայի հարցերով փորձագետ Վիգեն Չթրյանի կարծիքը: Նա Սիրիայում հայերի վիճակը նկարագրում է հետեւյալ կերպ. «Ասադի ռեժիմը հայերին վերաբերվում էր այնպես, ինչպես միջին դասի մնացած խմբերին: Նա արգելել էր քաղաքականապես անկախ հանդես գալ: Դրա դիմաց կարող էին իրենց գործն առաջ տանելՙ ռեժիմին մասնաբաժին հատկացնելով: Հայերի հանդեպ առավել լավ էին վարվում, քան, օրինակ, քրդերի», լրացնում է Չթրյանը:

Հայերը մասնակցել են Ասադի իշխանության կառույցի շինությանը: Ասադն ինքն էլ փոքրամասնության ներկայացուցիչ է, նախագահն ու նրա ընտանիքը ալեւիներ են, երկրում կարեւորագույն դերակատարում ունեցողներն ալեւիներն են: Սիրիայի մահմեդականների մեծամասնությունը, սակայն, սուննի է: Ապստամբության սկզբում հավատքի ուղղությունները դերակատար չէին: Հակակառավարական ուժերին ավելի շատ քաղաքական իրավունքներն էին հետաքրքրում: Բայց երբ Ասադի ռեժիմը բռնությամբ արձագանքեց, դիմադրությունն արմատական դարձավ: Երկու կողմերն էլ ալեւիների եւ սուննիների միջեւ կրոնական տարբերությունները միջոց դարձրին նաեւ այն ժամանակ, երբ քաղաքական ակտիվիստները սա ողջ ուժով փորձում էին արգելակել: Հայ համայնքը այս հակամարտության մեջ փորձում էր չեզոք դերակատարում ունենալ, ասում է Չթրյանը: Սա նշանակում է նաեւ, թե հայ համայնքի ներկայացուցիչները բանակցում էին ընդդիմադիր տարբեր խմբավորումների հետ: Այս ու այնտեղ հաղորդվում է, թե հայերն էլ զենք են վերցրել: Հայերի մոտ կեսը, ըստ Չթրյանի դիտարկումների, երկրից դուրս է եկել, մեծ մասամբՙ հարեւան Լիբանան: Թեեւ այնտեղ էլ դրությունը լարված է»:

6500-ից ավելի հայեր որոշեցին Հայաստան գնալ, այդ թվում նաեւ Շադոյանը: Նա Երեւանում ընկերներ ու ազգականներ ունի: Այս հանգամանքն ու նորաձեւության դիզայների նրա միջազգային համբավն օգնում են, որ իր գործը կրկին սկզբից սկսի: «Այստեղ իմ փոքր տեղը կգտնեմ: Հետո ինչ կլինիՙ Աստված գիտի: Չեմ կարող երաշխիք ունենալ, թե այստեղ հաջողություն կունենամ»: Նրա թերահավատությունը հասկանալի է: Նախկին խորհրդային հանրապետությունում ապրելն այնքան էլ հեշտ չէ, Հայաստանը հակամարտության մեջ է դրացի Թուրքիայի, Ադրբեջանի հետ, սահմանները փակ են: Քաղաքական ղեկավարության հետ կապված մի շարք օլիգարխներ վերահսկում են ներմուծվող եւ վաճառվող կարեւորագույն ապրանքները, ինչպիսին են շաքարն ու գազը: Սա թանկացնում է առանց այն էլ աղքատ երկրի կյանքը: ԽՍՀՄ-ի ավարտին հարյուրհազարավորներն արտագաղթեցին, ով մնաց, հաճախ կախված է արտասահմանում բնակվող հարազատների ֆինանսական օգնությունից, իրազեկում է գերմանական հեռուստատեսությունը:

«Կառավարությունը ցույց տվեց, որ ունակ չէ սիրիահայերի հարցերով զբաղվել, այնպես, ինչպես իրաքահայերի պարագայում եղավ, քննադատում է Երեւանում տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը: Փախստականները կեցավայրի, աշխատանքի փնտրտուքի հարցում առաջին հերթին հենվում են հարազատների, ծանոթների վրա»: Սիրիահայ փախստականների կյանքն էլ այլ սփյուռքահայերի նման հեշտ չէ Հայաստանում: Լիբանանում մեծացած Լարա Ահարոնյանը հայաստանյան հասարակությանը բնութագրում է շատ փակ: Տարիներ են տեւել, մինչեւ նրան Երեւանում ընկալել են որպես համաքաղաքացու: Հայ հասարակության ինքն իր մեջ խորասուզված լինելը հետեւանք է նաեւ հարյուրամյակներ շարունակ օտար տիրապետողներիՙ ռուսների, օսմանցիների, պարսիկների լծի տակ լինելու: Ինքնամփոփ, սեփական լեզվով ու քրիստոնյա հավատքով հպարտ հայությունը վերապրել է դարեր, որպես օրինակ կարելի է հիշատակել իրանահայությունը: Հարեւան այս երկրում հայերը ճանաչված են որպես կրոնական փոքրամասնություն եւ 2 պատգամավորով ներկայացված են խորհրդարանում: Հայրենիքից հեռու ապրող բազմաթիվ սփյուռքահայեր իրենց կեցավայրերում իրենց լավ են զգում: Այդպես է նաեւ բազմաթիվ սիրիահայերի պարագայում, որոնք ուզում են վերադառնալ: Այդուհանդերձ նախագահ Ասադի տապալումից հետո հնարավոր իսլամական կառավարության պարագայում կգտնե՞ն իրենց ապրուստն այնտեղ: Քաղաքական փորձագետ Կիրակոսյանը լավատես է. «Ապագայում ով էլ Դամասկոսում իշխանություն ներկայացնի, Սիրիայի հայ համայնքի առեւտրատնտեսական ցանցի կարիքն ունենալու է»:

Դիզայներ Շադոյանը դեռ չգիտիՙ Հալեպ վերադառնալո՞ւ է, նորաձեւության դպրոցը վերաբացելո՞ւ է: Եթե Հայաստանում ապրուստի երկարատեւ միջոցներ չգտնի, ուրիշ վայրերում կփնտրի: Սա ակնարկելիս վկայակոչում է այն իրողությունը, որ իր էլեգանտ ավանդական զարդանախշերով երեկոյան հագուստների հավաքածուն արդեն ցուցադրել է Մոսկվայում, Փարիզում եւ ԱՄՆ-ում: Այնտեղ էլ հարյուրհազարավոր սփյուռքահայեր են ապրում, եզրափակում է ARD-ի մեկնաբանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #42, 21-03-2013

AZG Daily #34, 14-09-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑ

Armenian Genocide

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՀԱՄԱՐՆԵՐՆ ԵՆ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ