RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



Միջազգային

Տեղադրվել է` 2013-03-22 00:26:09 (GMT +04:00)


Ընթերցված է` 1531, Տպվել է` 71, Ուղարկվել է էլ.փոստով` 50

ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԸ

ՎԱՀՐԱՄ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Նովրուզի տոնախմբությանը ելույթում Իլհամ Ալիեւը «Մաո»-ական միտք է հնչեցրել. «Ադրբեջանական ազգային արժեքները, որ կազմում են պետականության հիմքը, ավելի լավն են, քան եվրոպականը»: Ադրբեջանի պետականության հիմքում, ինչպես պնդում է պաշտոնական քարոզչությունը, դրված է «հեյդարիզմը»: Նշանակում է, ըստ Իլհամ Ալիեւի, Ադրբեջանի ազգային արժեքներն ամփոփված են «հեյդարիզմում»:

Ի՞նչ է «հեյդարիզմը»: Դա «ուսմունք» է, թե ինչպես կարելի է տիրանալ իշխանությանը եւ դարձնել ժառանգական: Այս արժեհամակարգն Իլհամ Ալիեւը գերադասում է եվրոպականին: Այսինքն, Եվրոպային հասկացնում է, որ իր հետ զուր հույսեր չկապեն: Չեն լինելու ընտրական օրենսդրության բարելավում, հավաքների ազատություն, ոչ էլ կալանավորված ընդդիմադիրներն են ազատ արձակվելու:

Պետք չէ, որ նա խոսի ուղղակի: Այդ մասին վկայում են իշխանության գործակալները: Մասնավորապես, երրորդ օրն է, ադրբեջանական մամուլը քննարկում է Բաքվում պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Գազիեւի ձերբակալության, մի քանի ժամ անց ազատ արձակման թեման: ՆԳ նախարարությունը պաշտոնապես ծանուցել է, որ Գազիեւը «հայտնվել է տեղանքում, որտեղ իրականացվում էր հետախուզման մեջ գտնվող զինված հանցագործին ձերբակալելու գործողություն, աղմուկ-աղաղակ է բարձրացրել, չի ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին», որի համար էլ տարվել է կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն, ապա ազատ արձակվել:

Ինքը` էքս նախարար Գազիեւը պնդում է, որ տնից դուրս է եկել, որպեսզի գնա «Ազատություն» ռադիոկայանի խմբագրություն` որպես «Աշխատանքից հետո» հաղորդման հյուր, մի քիչ քայլել է, երբ հետեւից իրեն «բռնել են, գլխին հագցրել սեւ տոպրակ, գլորել գետնին, ապա տեղավորել մեքենայում եւ տարել»: Գազիեւի ասելովՙ իր «գլխից սեւ տոպրակը հանել են միայն ոստիկանությունում»:

Արտառոցն այն է, որ Գազիեւը ոչինչ չի նշում ոստիկանությունում անցկացրած մի քանի ժամվա մասին` հարցաքննվե՞լ է ինքը, ո՞ւմ կողմից, ինչի՞ համար եւ այլն: Իշխանություններին մոտ կանգնած haqqin.az-ը, սակայն, հղելով «իրավասու մարմիններին», գրում է, որ Գազիեւը «ոստիկանության կողմից զգուշացվել է «Ազադլըղ» թերթում նախագահ Իլհամ Ալիեւի հասցեին հնչեցրած սպանիչ քննադատության համար»:

Ավելի հասկանալի ասած, պաշտպանության նախկին նախարարին ձերբակալել, տարել են ոստիկանություն, ենթարկել «պրոֆիլակտիկ մշակման» եւ մի քանի ժամ հետո ազատ արձակել: Եթե մի փոքր բացենք փակագծերը, ապա պիտի ասենք, որ 1989- 93թթ. Ռահիմ Գազիեւը եղել է Հեյդար Ալիեւի գործակալը նախ Մութալիբովի, ապա Էլչիբեյի դեմ պայքարում: Այդ մասին նա խոստովանել է անձամբ` Մոսկվայում 1996-ին տված հարցազրույցում, երբ ասել է, որ Հեյդար Ալիեւի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ նրա իշխանության գալուց հետո կստանա փոխվարչապետի պաշտոն, սակայն «խաբել են, քանի որ բարձրագույն բոլոր պաշտոններն ստացել են նախիջեւանցիները»:

Գազիեւը Մոսկվայում ապրել է 1993-98թթ.` որպես «քաղաքական վտարանդի»: 1998-ին ռուսաստանյան կողմը նրան արտահանձնել է Ադրբեջանին, որտեղ դատվել է «պետական դավաճանության` Շուշին եւ Լաչինը հանձնելու» մեղադրանքով, դատապարտվել գնդակահարության, ապա` ցմահ ազատազրկման: 2005-ին Իլհամ Ալիեւի որոշմամբ Գազիեւը բանտից ազատ է արձակվել եւ անցած տարիներին երբեք հրապարակային գործունեությամբ չի զբաղվել:

Եվ հանկարծ... «Ազադլըղ» թերթում Գազիեւը տպագրում է Իլհամ Ալիեւին «սպանիչ քննադատության ենթարկող հոդված», նրան ձերբակալում են, զգուշացում անում, ապա ազատ արձակում, իսկ մամուլում հայտնվում են մեկնաբանություններ, որ «Գազիեւն ավանդաբար համարվում է ռուսաստանյան շրջանակների ներկայացուցիչ»: Մի քանի օր առաջ «ֆեյսբուքային հեղափոխություն նախապատրաստելու» մեղադրանքներ էին հնչել ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտի հասցեին:

Իշխանություններին շտապ պետք էր «պարիտետ պահել», եւ Ռահիմ Գազիեւն «արթնացել է որպես ռուսաստանյան կողմնորոշման գործիչ»: Այ սա, իրոք, «հեյդարիզմ» է` տպավորություն ստեղծել, թե աշխարհի բոլոր հզորները «Ադրբեջանում իշխանափոխության խարդավանքներ են հյուսում», քարոզչությամբ շրջանառել այդ առասպելը, հասցնել մինչեւ վերջին չոբանի եւ բանջարաբույծի գիտակցությանը, ապա գրեթե արտակարգ դրության պայմաններում նախագահական «ընտրություններ» անցկացնել, «ստանալ ժողովրդի ձայների 80 տոկոսը» եւ եւս 5 տարի ասել, որ Ադրբեջանում «ընդդիմությունը չի վայելել եւ չի վայելում ժողովրդի անգամ ամենաչնչին հատվածի աջակցությունը»:

Հայտնի է, որ նախկին գործակալ չի լինում: Նրանք ճիշտ ժամանակին հայտնվում են ճիշտ տեղում: Ինչպես որ հարկավոր պահին Ռահիմ Գազիեւը խաղաց «Ռուսաստանի գործակալի» դերը` իրականում շարունակելով մնալ Ալիեւների ընտանիքի շահերի սպասարկուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ