RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

#041, 2013-03-20 > #042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013



ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՈՒՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2013-03-22 00:26:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 1344, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 52

ԵՐԿՈՒ ՕՐԻՆԱԿ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԵՐԿՈՒ ՕՐԻՆԱԿ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

Կամ պարզապես` ինչպես միշտ

Իհարկե կարելի է գտնել ՀՀ Սահմանադրության եւ Աստվածաշնչի մեկ օրինակ եւս եւ դրանք ապրիլի 9-ին բերել այնտեղ, որտեղ կորոշեն Րաֆֆի Հովհաննիսյանն ու Նիկոլ Փաշինյանը, որպեսզի առաջինը անի այն, ինչ կանի Սերժ Սարգսյանը նույն օրը նույն պահին: Խնդիրն ամենեւին էլ դա չէ, խնդիրը Հայաստանում ներքին քաղաքական օրակարգի իսպառ բացակայությունն է: Ընդ որում, ապագա կառավարության նշանակումը չի կարող ներկա նշանակել քաղաքական օրակարգին, որովհետեւ ինչպես պարզ դարձավ նախագահի վերջին ասուլիսից, ապագա կառավարությունը կազմավորվելու է ոչ թե «ազգային համաձայնության», այլ կոալիցիոն համաձայնագրի հիման վրա: Հետեւաբար, Հայաստանը ապրիլի 9-ից հետո, ըստ ամենայնի, կունենա երկու կառավարություն` իսկական եւ ստվերային: Նախասիրության հարց է, թե ՀՀ քաղաքացիները որը կանվանեն իսկական, եւ որը` ստվերային: Ընդհանուր առմամբ մեր` «մեծ ժողովրդով, փոքրիկ երկրում» այս օրերին հենց սա է կատարվում, եթե չհաշվենք Երեւանի ընտրությունները: Ավագանու ընտրությունների գոնե այս` նախապատրաստական փուլը ապացուցում է մեր այն պնդումը, որ երկրում ներքին քաղաքական օրակարգ չկա: Մասնավորապես, ոչ իշխանական ուժերը, որոնք արդեն իսկ հայտարարել են երեւանյան ընտրություններում իրենց մասնակցությունը, չկարողացան գտնել մեկ-երկու օրակարգային դրույթներ, որոնց շուրջը կարելի էր համախմբվել, մանավանդ նախագահական ընտրություններից հետո հասարակական որոշ շրջանակներում առաջացած տրամադրությունների համապատկերում: Սա կարող էր ընդդիմության հաջողության գրավականը լինել, բայց այդպես չեղավ, իսկ եղավ, որովհետեւ Րաֆֆի Հովհաննիսյանը ցանկանում է տեսնել եւ ցույց տալ, թե անգամ «մյուսների» մասնակցության պարագայում ինքը Րաֆֆի Հովհաննիսյանն է, իսկ ԲՀԿ-ն ցանկանում է ցույց տալ վերջինիս, որ այն ընտրություններում, որտեղ ԲՀԿ-ն մասնակցում է, Րաֆֆի Հովհաննիսյանը ստանում է առավելագույնը հինգ տոկոս: Համաձայնեք, սա քաղաքական օրակարգ չէ, սա ամբիցիա է: Ու եթե մեր երկրում ապագա կառավարությունը կազմավորվելու է «ինչպես միշտ» սկզբունքով, եթե ընդդիմությունը շարունակում է «ինչպես միշտ»` ամբիցիաների ցուցադրությունը, ուրեմն որեւէ հեղափոխություն չի լինի, եթե անգամ... գտնվեն Սահմանադրության եւ Աստվածաշնչի մեկական օրինակներ եւս:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #43, 22-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ