RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
ԱԶԳ-ի խմբագրակազմը առաջիկա երկու շաբաթը կլինի արձակուրդի մեջ եւ իր սիրելի ընթերցողներին կհանդիպի օգոստոսի 23-ին։
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2368, Տպվել է` 106, Ուղարկվել է էլ.փոստով` 106

ԹԵՍՍԱ ՀՈՖՄԱՆ. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԵՏՔ Է ԴԻՄԵԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցը պայքարի ավարտը չէ, ամեն ինչ սկսվելու է հենց այդտեղից», վստահեցնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» վերնագրով երեկ Երեւանի «Անի Պլազա» հյուրանոցում սկսված միջազգային երկօրյա գիտաժողովի ժամանակ:

Դեմոյանը, որ նաեւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղարն է, ասաց, որ գիտաժողովի շնորհիվ մեկ հստակ խնդիր պետք է լուծվիՙ Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված միջոցառումներ կազմակերպելՙ միջազգային հանրությանը հայ ժողովրդի պայքարի ոգին ցույց տալու համար: «Ամբողջ աշխարհն այդ միջոցառումների շնորհիվ պետք է հասկանա, որ հարյուրամյակը պայքարի ավարտը չէ: Թող հույս չունենան, որ 2015թ. հայ ժողովրդի պայքարը կավարտվի: Հարյուրամյակին նվիրված միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ պայքարելու ենք մինչեւ վերջ, եւ ես վստահ եմ, որ մենք դա կանենք»:

Դեմոյանը վստահ է, որ այս գիտաժողովը հնարավորություն կընձեռի նաեւ հանգամանալի քննարկելու թուրքական ժխտողականության դեմ առավել արդյունավետ հակազդեցության մեխանիզմների ու եղանակների մշակումը: Գերմանիայի Բոխում համալսարանի դասախոս, նույն համալսարանին կից Սփյուռքի եւ ցեղասպանության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Միհրան Դաբաղի գնահատմամբՙ այժմ պետք է կենտրոնանալ ոչ թե ընդհանրական մոտեցմամբ Հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգայնացման, այլՙ մանրամասն ուսումնասիրություններով համամարդկային հիշողության մեջ ամրագրելու վրա: Դաբաղն առաջարկում է ամրագրել համամարդկային հիշողության մեջ Հայոց ցեղասպանության դառը փաստերըՙ հետագա նմանօրինակ ոճրագործությունները կանխելու համար: Նա մտահոգված է, որ 2014-ին Եվրոպայում ստեղծվելիք Առաջին աշխարհամարտի «Հիշողության թանգարանում» անտեսված է Հայոց ցեղասպանությունը, եւ հիմնական շեշտը դրվելու է 1917-ի Ռուսաստանի հեղափոխության հետեւանքների վրա: «Հիշողության ամրագրման քաղաքականությունը պետք է վարվի միջազգային ճանաչման գործընթացին զուգահեռ», ասաց Դաբաղըՙ հավելելով, որ կարեւորը ոչ թե զուտ ցեղասպանության ճանաչումն է, այլ այն, թե ինչ հետեւանքներ կունենա:

Գերմանացի ցեղասպանագետ Թեսսա Հոֆմանն էլ համոզված է, որ Հայաստանը պետք է վավերացնի Հռոմի ստատուսը, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը բարձրացնի միջազգային դատարաններում:

«Հայաստանի Հանրապետության խնդիրն է Հայոց ցեղասպանության իրականության հաստատման հարցով դիմել միջազգային դատական ատյաններ: Եվ եթե ցեղասպանության իսկական իրականացնողները կենսաբանորեն արդեն չկան, հարցը վերաբերում է նրանց իրավահաջորդներին եւ թուրքական պետականությանը, եւ այդ դեպքում հնարավոր է, որ ընդունվի փաստացի հետադարձ ուժ ունեցող վճիռ: Իմ կարծիքով, երբ ՀՀ Սահմանադրական դատարանը մերժեց Հռոմի ստատուսի հաստատումը, փակուղային դարձրեց միջազգային դատարան դիմելու գործընթացը: Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կախված է ոչ միայն քաղաքական, այլ նաեւ դատական գործընթացների հետ»:

Թեսսա Հոֆմանն այս համատեքստում շեշտում է, որ երբ հարց է ծագում Հայոց ցեղասպանության մասին, թուրքական իշխանությունները հայտարարում են, որ ներկայիս Թուրքիայի հանրապետությունը ոչ մի կապ չունի Օսմանյան կայսրության հետ, մինչդեռ քաղաքականության մեջ, հատկապես իշխող «Արդարություն եւ բարգավաճում» կուսակցությունը, Էրդողանի կառավարությունն ու հենց Էրդողանը բացահայտ նեոօսմանական քաղաքականություն են վարում եւ իրենց համարում կայսրության իրավահաջորդներ»:

«Կալիֆոռնիա կուրիեր» թերթի գլխավոր խմբագիր Հարութ Սասունյանի մեկնաբանությամբՙ Թուրքիան, նկատի ունենալով, որ հայերը մեծ պատրաստություն են տեսնում 100-ամյա տարելիցին ընդառաջ, որոշակի գործընթացներ կկազմակերպի մինչեւ ապրիլի 24-25-ը, որպեսզի միջազգային հանրության աչքի առաջ ազդեցություն ունենա: «Թուրքերը կհայտարարեն, որ սփյուռքում ապրող հայերը կարող են վերադառնալ եւ վերահաստատվել իրենց նախնիների տանը եւ ստանալ թուրքական քաղաքացիություն: Դա պետք է անընդունելի լինի հայության համար, որովհետեւ մենք չենք ուզում թուրքական կառավարության լծի տակ ապրել եւ մեր զավակները ծառայեն թուրքական բանակում: Վստահ եմ, որ թուրքական այս նախաձեռնությունը կարող է ապակողմնորոշել միջազգային հանրությանը, ցույց տալու, թե իբր թուրքական շրջանակները բարյացակամ են հայերի հանդեպ եւ ավելի հանդուրժողական: Սակայն մեր հասարակությունը պետք է հասկանա, որ այս ամենը խաբեբայական քայլեր են: Ես առավել մտահոգված եմ մեր ժողովրդի համար, որ քաղաքականապես հասուն չէ, քաղաքական հարցերում միամիտ է եւ դյուրահավատ: Որոշ հայեր պետք է ուզենան առաջնահերթություն տալ բանակցություններինՙ կարծելով, որ կկարողանան համոզել թուրք հասարակությանը: Այս բոլորը երեխայական միամտություններ են, հայը իրավունք չունի նման քայլի գնալու Թուրքիայի հետ եւ զոհ գնալու: Մենք պետք է շահամիտ լինենք ու միասնական եւ խորհրդակցենքՙ պետությունն ու սփյուռքը, կուսակցությունները, որպեսզի միասնական դիրք ունենանք: Ժամանակը եկել է, որ պահանջենք արդարություն, որը պետք է ներառի բոլոր այլ պահանջներըՙ անձնականից մինչեւ նյութական եւ հողային: Հատուցման պահանջ ասելով մենք միայն դա պետք է նկատի ունենանք»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #30, 02-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ