ԶԵՆՔԻ ԳՈՐԾԱԴՐՄԱՄԲ ՄԻՋԱԴԵՊ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԲԱԿՈՒՄ Մ. Խ. Երեկ դանակով զինված միջին կազմվածքով մի երիտասարդ կարողացել է մուտք գործել Ազգային ժողովի բակ: Մտնելիս անցագրային ծառայությունում իրեն ուղղված հարցին, թե ով է, ասել է, որ Քրիստոսն է, ձեռքին եղել է դանակ, ու չնայած անվտանգության աշխատակիցների զգուշացումներին` սպառնալով առաջ է խոյացել դեպի բակ: Այդ ժամանակ ԱԺ ճեպազրույցներն ավարտվել էին, եւ լրագրողների մի մասը հեռացած է եղել խորհրդարանից, սակայն դեռեւս այնտեղ մնացած լրագրողների պատմածներով` ԱԺ անվտանգության աշխատակիցները նախազգուշական կրակոցից հետո ստիպված են եղել կրակել երիտասարդի ոտքինՙ վնասազերծելով նրան: «Պանորամա» կայքի լրագրողին այդ մասին ասել է պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը: Երիտասարդին առաջին օգնություն ցուցաբերել է ԱԺ բուժծառայությունը, այնուհետեւ նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Ավելի ուշ պարզվել է, որ զինված ներխուժած երիտասարդը Մասիս քաղաքի բնակիչ, 25-ամյա Վրեժ Գալստյանն է: Նրա ստացած հրազենային վերքը միջին ծանրության է, ազդրի հատվածում միջանցիկ վնասվածք: Ազգային ժողովում քննչական գործողություններ է իրականացնում հատուկ քննչական ծառայությունը (որից լրագրողները եզրակացրել են, որ ներխուժողը հավանաբար պաշտոնյա է եղել): Հարուցվել է քրեական գործ: Ավելի ուշ գլխավոր դատախազի մամլո քարտուղար Սոնա Տրուզյանի տեղեկացմամբ` դեպքը տեղի է ունեցել ժամը 14:50-ի սահմաններում. չենթարկվելով ԱԺ անվտանգության ծառայության աշխատակիցների օրինական պահանջներին, քաղաքացին մուտք է գործել ԱԺ տարածք, եւ կրկին անտեսելով անվտանգության ծառայության աշխատակիցների պահանջները, դանակի գործադրման սպառնալիքով փորձել է մտնել վարչական շենք, ավելինՙ փորձել է դանակով հարվածել ծառայության աշխատակիցներից մեկին: Անձն իր ապօրինի գործողությունները չի դադարեցրել նաեւ նախազգուշական կրակոցներից հետո, ուստի եւ վնասազերծվել է հրազենի գործադրմամբ: Նրան մարմնական վնասվածք է պատճառվել: Ահազանգը ստանալուն պես դեպքի վայր է մեկնել ՀՔԾ քննչական խումբը, կատարվել է դեպքի վայրի տեղազննություն, առգրավվել են նաեւ ԱԺ տվյալ տարածքը նկարահանող սարքերը, եւ տեսաերիզը, համապատասխան զննությունից հետո նույնպես կներկայացվի հանրությանը: Ըստ տարածված տեղեկությունների, Վրեժ Գալստյանը նախկինում երկու անգամ դատապարտված է: |