RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1456, Տպվել է` 77, Ուղարկվել է էլ.փոստով` 61

ԱՇԽԱՐՀԸ ՈՂՋՈՒՆՈՒՄ Է ԶԵՆՔԸ ՎԱՅՐ ԴՆԵԼՈՒ ՕՋԱԼԱՆԻ ԿՈՉԸ

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

Միանշանակ չէ թուրքական եւ քրդական շրջանակների մոտեցումը

Նովրուզը քրդերի, ալավիների եւ հատկապես պարսիկների համար ամանորյա տոն է, այդ իմաստն էլ ունի պարսկերենում: Դա նշվում է մարտի 21-ին: Այս տարվա տոնակատարությունները, սակայն, ունեին առանձնահատկություն: Դա PKK-ի առաջնորդ Աբդուլլա Օջալանի «զենքը վայր դնելու եւ Թուրքիայի սահմաններից հեռանալու» ուղերձն էր քուրդ մարտիկներին եւ այդ ուղերձը հնչեց հենց Դիարբեքիրումՙ Հյուսիսային Քուրդիստանի «մայրաքաղաքում»:

Նախորդ համարում անդրադարձել էինք Օջալանի ուղերձի հրապարակմանը Դիարբեքիրի գլխավոր հրապարակում, որտեղ հավաքված հարյուրհազարավոր քրդեր Քուրդիստանի եւ PKK-ի դրոշների ու քրդական այս կառույցի հիմնի ներքո Օջալանի պատկերող պաստառներով, ինչպես նաեւ ազատության պահանջներով Նովրուզի տոնակատարություններին քաղաքական հանրահավաքի բնույթ էին հաղորդել:

Թերեւս դա է պատճառը, որ Օջալանի ուղերձի հետ լայն արձագանք էր գտել նաեւ հանրահավաքի վերածված տոնակատարությունը, երկու դեպքում էլՙ միջազգային: Արձագանքները շարունակվում են: Հարկ է նշել, որ այդ ուղերձի տեքստը ինչպես միջազգային, այնպես էլ թուրքական լրատվամիջոցներին հասել է կիսապաշտոնական «Անադոլու» գործակալության միջոցով, որն էլ խմբագրել է, ենթարկելով մասնակի գրաքննության:

Քանի որ արդեն անդրադարձել ենք Օջալանի ուղերձին միջազգային լրատվամիջոցների արձագանքներին, ուստի հարկ ենք համարում հակիրճ ներկայացնել համանուն կառույցների, թուրքական եւ քրդական քաղաքական շրջանակների գնահատականները:

Թուրքական էլեկտրոնային եւ տպագիր մամուլի, մասնավորապես CNN-turk-ի տվյալներով, Եվրոպական խորհուրդն ու նրա խորհրդարանական վեհաժողովը գոհունակությամբ է ընդունել Օջալանի ուղերձը եւ հույս է հայտնել, որ ուղերձով սկզբնավորված գործընթացը կհանգեցնի մնայուն խաղաղության:

Եվրոմիությունը ողջունել է Օջալանիՙ զենքը վայր դնելու եւ երկրի սահմաններից դուրս գալու PKK-ի մարտիկներին հասցեագրած կոչը եւ աջակցություն ցույց տալու, ֆինանսականը ներառյալ պատրաստակամություն է հայտնել հաշտեցման գործընթացին: Եվրոպական այս կառուցին է միացել Եվրոխորհրդարանը:

Ինչ վերաբերում է Մ. Նահանգներին, ապա նրա մոտեցումն էլ արտահայտել է պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը. «Ուղերձը դրական քայլ է Թուրքիայում 30 տարվա վաղեմություն ունեցող բռնությանը վերջ տալու համար: Մենք ողջունում ենք թուրքական կառավարության եւ շահագրգիռ բոլոր կողմերի խաղաղ կարգավորման ջանքերը: Վաշինգտոնը կշարունակի աջակցել Թուրքիայի ժողովրդին խնդրի (քրդական հարցի) խաղաղ կարգավորմանը միտված ջանքերում»:

Որքան էլ հստակ պատկերացում չտան Թուրքիայում քրդական հարցի խաղաղ կարգավորման հետագա քայլերի, առավել եւս PKK-ի զինված պայքարի դադարեցման դրդապատճառների մասին, այդուհանդերձ խիստ հետաքրքրական են Օջալանի ուղերձին վարչապետ Էրդողանի, թուրքական եւ քրդական շրջանակների տված գնահատականները:

Դիարբեքիրում ուղերձի ընթերցման պահին վարչապետ Էրդողանը Կոպենհագենից ուղեւորվում էր Ամստերդամ, որտեղ էլ ասել է. «Իմ կարծիքով, այս ուղերձը դրական զարգացում է: Սակայն կարեւորն այնտեղ արտահայտված տեսակետների առաջիկայում կիրառումն է: Պետք է վայր դնել զենքը: Եթե (PKK-ի մարտիկները) հեռանան երկրից, անդորրը կհաստատվի եւ մեր զինված ուժերը ռազմական գործողությունների կարիքն այլեւս չեն զգա: Անկեղծ ասած, ես հրապարակում կցանկանայի տեսնել նաեւ մեր դրոշը»:

Գորշ քայլերի քաղաքական կազմակերպությանՙ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեւլեթ Բահչելին ուղերձի առնչությամբ Օջալանին դատապարտելուց զատ, դատապարտել է նաեւ վարչապետ Էրդողանին: Նա մասնավորապես ասել է. «Այն հրապարակում, որտեղ չկար թուրքական գեթ մեկ դրոշ, ամենուր Իմրալիի մարդասպանին (Օջալանին) պատկերող ցուցապաստառներն էին, չդադարող «Քուրդիստան» կոչերը եւ դավաճանության դրսեւորումները, որոնք սեւ ամպերի պես պատել էին մեր հայրենիքի սուրբ հողը: Ակնհայտ դարձավ, որ ահաբեկիչների մարդասպան պարագլուխն ու երկրի վարչապետը ձայնակցում են: Թուրք ազգը երբեք չի մոռանա ու չի ների անջատողական դրսեւորումներն ու անջատողականներին: Այն, ինչ զենքի ուժով չհաջողվեց PKK-ին, կառավարությունը փակ աչքերով մատուցում է: Թուրք ազգի ճակատագիրը հանձնվել է մարդասպանի քմահաճույքին եւ հոգեբանական առավելությունը անցել է PKK-ի ու գլխավոր մարդասպանի ձեռքը»:

«Ժողովրդավարական հասարակություն» կոնգրեսի համանախագահ եւ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության պատգամավոր Այսել Թուղլուքն ուղերձի ընթերցումից հետո հենց Դիարբեքիրում ելույթ է ունեցել, հայտարարել է, որ Օջալանի ուղերձը ազատության ու ժողովրդավարության մանիֆեստ է, իրենք ձգտում ենք հաշտության եւ ցանկանում են արժանապատիվ խաղաղություն նվիրել երկրի ժողովուրդներին: Վերջում տիկին Թուղլուքը ավելացրել է. «Մենքՙ քուրդ գործիչներս, պաշտպանում ենք մեծարգո Օջալանի կոչը: Խաղաղությունը աբստրակտ արտահայտություն չէ, այլ հասարակական պահանջ: Եվ կարող ենք հասնել խաղաղության: Այն, ինչ մեզ հաջողվել է, ձեռք ենք բերել շնորհիվ մեր պայքարի ու դիմադրության: Հետայսու եւս պայքարելու ենք ու դիմադրելու, եւ պայքարով ազատագրվելու»:

Ի դեպ, Օջալանի քուրդ մարտիկներին հասցեագրված զենքը վայր դնելու եւ Թուրքիայից հեռանալու ուղերձը դրական արձագանք է գտել նաեւ Հյուսիսային Իրաքում PKK-ի կենտրոնակայան Ղանդիլում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ