RSS | WAP | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 2162, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 101

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ` ԵՐԵՎԱՆԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Մ. Խ.

Դեռ Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավին էլ չենք մոտեցել, սակայն քաղաքական ուժերի նյարդային պահվածքն արդեն վկայում է, որ պայքարը թեժ է լինելու: Երեկ նյարդերի լարումը զգացվեց նաեւ ԱԺ ճեպազրույցներում, որտեղ ավագանու ընտրությունների վերաբերյալ դիրքորոշումները, կարելի է ասել, բավական սուր էին:

Ամենից կոշտը ԲՀԿ-ն էր, որի ներկայացուցիչներ Վարդան Օսկանյանն ու Նաիրա Զոհրաբյանի տեսակետներից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ն բավական վճռական է տրամադրված Երեւանը գրավելու առումով: Հատկապես մեկ օր առաջ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն տեսակետին, թե ՀՀԿ-ն ավագանու առաջին քաղաքական ուժը լինելու դիրքը չի զիջելու ոչ մեկին, հետեւաբար Երեւանն էլ ոչ մեկին չեն զիջի, հակադարձեց Ն. Զոհրաբյանը` նշելով, թե Երեւանը որեւէ քաղաքական ուժի գրպանում չէ, եւ Երեւանը չզիջելու կամ ավագանու ընտրությունները զբաղեցնելու մասին հայտարարությունները մեծամտություն են, դրանք փակուղի են տանում: Նա կոչ արեց այդպիսի հայտարարություններ անողներին հաշվի նստել Հայաստանի քաղաքացիների քվեի հետ, իսկ ՀՀԿ-ԲՀԿ` սոցիալական ցանցերով եւ երիտթեւերի միջեւ սկսված փոխհրաձգության առիթով նշեց, որ իրենք միայն պատասխանում են եւ ոչ թե նախահարձակ են: Ու խոստացավ, որ ԲՀԿ-ի հանդեպ ոչ կոռեկտ ձեւակերպումները, խեղաթյուրումներնը համարժեք պատասխան են ստանալու:

Իսկ ԲՀԿ ցուցակը ղեկավարող Վարդան Օսկանյանը, ի պատասխան մի հարցի, ասաց, որ եթե ցուցակի առաջին համարն է, ապա հավակնում է Երեւանի քաղաքապետ լինելու: Նա խոսեց քաղաքական հարթությունում չորս զուգահեռ քաղաքական իրադարձությունների մասին` նոր կառավարության ձեւավորումը (որպես ժողովդի կողմից փոփոխությունների պահանջարկի հանդեպ վերաբերմունք), Ազատության հրապարակի (որտեղ տեղի ունեցողն ինչ- որ ձեւով պետք է հանգուցալուծվի), խորհրդարանի նոր օրակարգի ձեւավորման (մեծամասնական ընտրակարգի վերացում, ԸՕ-ի փոփոխություն եւ այլն) եւ Երեւանի ավագանու ընտրություններ: Դրանք, ըստ Օսկանյանի, բոլորը զուգահեռ եւ իրար լրացնող գործընթացներ են: ԲՀԿ-ն պատրաստ է հաղթելու դեպքում Երեւանն առավել արդյունավետ կառավարել, վերացնել բյուրոկրատական քաշքշուկները եւ այլն: Հետագայում էլ հնարավոր է, որ ավագանիում առանձին ուժերի հետ կոալիցիա կազմեն` հակակշիռ ստեղծելով քաղաքական համակարգում:

Ի դեպ, պատասխանելով լրագրողների հարցին` Վ. Օսկանյանը կասկածի տակ դրեց նախագահական ընտրությունների արդյունքները, քանի որ դրանք, ըստ նրա, անցել են լուրջ խախտումներով: Սերժ Սարգսյանի երդմնակալությանը մասնակցելու հարցը ԲՀԿ-ում դեռ չեն քննարկել:

ՀՅԴ-ից ճեպազրույցների ներկայացած Աղվան Վարդանյանը ավագանու ընտրությունները քաղաքական եւ քաղաքն արդյունավետ կառավարելու պայքար համարեց միաժամանակ: Նա հուսով էր, այս ընտրություններին հասարակությունը կտեսնի ՀՅԴ դեմքը, որ ցույց տրվի, որ խորհրդարանական ընտրությունների քվեները ՀՅԴ կշռին եւ ազդեցությանը համապատասխան չեն:Նա նշեց, որ քաղաքապետարանի աշխատակիցների 95 տոկոսը հանրապետական է, ու անգամ նրանք չեն կարող ասել, որ Տարոն Մարգարյանն ամենալավ քաղաքապետն է: ՀՅԴ-ի համար անընդունելի է նաեւ, որ արդեն սկսել են գործի դնել վարչական ռեսուրս, ֆինանսի պտույտ եւ թաղային հեղինակություններին: Իսկ ընտրությունների արդյունքը կախված է հասարակության ակտիվությունից, ինչն էլ կարող է փոփոխությունների հիմք դառնալ: Նա չբացառեց նոր ավագանիում կոալիցիա կազմելու տարբերակը:

Րաֆֆի Հովհաննիսյանի մասով էլ ասաց, թե երկխոսության դռները դեռ փակված չեն` հայտնի է, որ Րաֆֆին առաջարկներ է ներկայացնելու իշխանությանը, ու ամեն ինչ կախված է նրանից, թե նորից բեւեռային մոտեցումներ կլինե՞ն: Բայց որ նախագահական ընտրություններից հետո քաղաքացիական ակտիվությունն ու հասարակական էներգետիկան փոփոխություններ են բերելուՙ Ա. Վարդանյանը համոզված էր:

Ապագա ավագանիում կոալիցիայի հնարավորությունը չբացառեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը , եթե, իհարկե, չկրկնվի խորհրդարնական ընտրությունների նախօրեին քաղաքական ուժերի վարքը, ու այս անգամ նրանք ազնվորեն պայքարեն ընտրակեղծիքների դեմ. քանի որ ազնիվ ընտրություններ ասում են, գործողություններում, սակայն, ազնվությունը բացակայում է: Նա եւս ավագանու ընտրությունները քաղաքական իրադարձություն նկատեց եւ վստահ էր, որ «Ժառանգությունը» կամ «Բարեւ, Երեւանը» բարձր քվեներ է ստանալու այդ ընտրություններին: Իսկ ՀՀԿ-ից հնչող տեսակետները, թե մնացածը պայքարում են երկրորդ տեղի համար, Ռ. Հակոբյանը մերժում է, քանի որ նախագահական ընտրություններից առաջ էլ այդպես ասացին` կյանքը մերժում է այդ տեսակետները: Ի դեպ, Ռ. Հակոբյանն էլ գտնում էր, թե Րաֆֆի-Սերժ երկխոսության դուռը դեռ փակված չէ:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Երեւանի ավագանու ընտրությունները, ի տարբերություն ոչ իշխանական ուժերի, փաստորեն քաղաքական չի համարում: Ըստ Սահակյանի` քաղաքական թիմերն իրենց հետագա ուղեծիրն են փորձում նշանակալից դարձնել Երեւանի ընտրություններով ու քաղաքականացնում են ընտրությունները, մինչդեռ առաջադրվածների մեջ այնպիսի կուսակցություններ կան, որոնք երեբեւէ Երեւանի վերաբերյալ որեւէ հարց չեն բարձրացրել: Նա ՀՀԿ-ի չհաղթելու մասին չէր մտածում, քանի որ ՀՀԿ-ն առաջին տեղում է լինելու: Ն. Զոհրաբյանին էլ պատասխանեց, թե իրենք էլ թող ասենՙ ՀՀԿ-ն 4-րդ տեղում է լինելու, «պրոգնոզներ են», որ ամեն մեկը կարող է անել, ինչ ամբարտավանություն. «Ենթադրենք` Հանրապետականը երկրորդ կամ երրրորդ տեղ ընկնի, էս երկրի վիճակը կլավանա՞, լիֆտերը լա՞վ կաշխատեն, աղբահանությունն ավելի լա՞վ կլինի, ժողովրդի սոցիալական վիճակը կլավանա՞». Գ Սահակյանը սրանք կարգախոսներ համարեց` ուղղված մրցակիցներին: Նա նաեւ խլուրդային մտածողություն անվանեց ընդդիմախոսներին (Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի` Րաֆֆուն ուղղված ասուլիսային հատվածին, նշել էր, թե նա խուճապի մեջ է), խլուրդը խոնավություն է սիրում, լույսը տալիս ես` չի ուզում, իսկ շատ խոնավությունից էլ փտում եւ վատ հոտ է արձակում:

ՕԵԿ-ականն Հովհաննես Մարգարյանի համոզմամբՙ համապետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երեւանի ավագանու ընտրությունների միջեւ կապ չկա, վերջինին պետք է մոտենալ միայն քաղաքը լավ կառավարելու տեսանկյունից: ՕԵԿ-ի թիմը լավն է եւ ամեն ինչ անելու է` հաղթեն ընտրություններում: ճիշտ է, չմասնավորեցվեց, թե ինչ նկատի ունեն հաղթանակ ասելով` ներկայացված լինելը, թե այնքան տոկոս հավաքելը, որ գոնե փոխքաղաքապետի պաշտոն ունենան: Ըստ Մհեր Շահգելդյանի էլ` Երեւանի ավագանու ընտրություններում մրցակցային եւ ծրագրային պայքար է սպասվում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #23, 14-06-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ