ՋՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԸ ՏՈՆՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ ՄԱԿ-ի որոշմամբ մարտի 22-ը նշվում է որպես ջրի համաշխարհային օր: Ջրային ռեսուրսների բազմակողմանիությունը ներկայացնելու նպատակով ամեն տարի Հայաստանում ջրի օրվան նվիրված տարատեսակ միջոցառումներ են անցկացվում, որոնց նպատակն է կարեւորել ջրի նշանակությունը: Երեկ տոնի առթիվ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանում կազմակերպվել էր «Ջուրը մեր կյանքում» խորագիրը կրող միջոցառում, որի շրջանակում բարձրաձայնվեցին Հայաստանում ջրային ռեսուրսների օգտագործման եւ պահպանման հիմնախնդիրներն ու հեռանկարները: Միջոցառումն անմասն չմնաց մշակութային կատարումներից, եւ ելույթներն ընդմիջվեցին պարային եւ երաժշտական համարներով: «Ազգը» զրուցեց բնապահպանության նախարարության «Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր մասնագետ Հարություն Երեմյանի հետ. «Այսօր երկրագնդի բնակչության գրեթե կեսը չունի խմելու ջրի ստանդարտներին համապատասխանող ջուր, եւ բոլորս պետք է հոգատար լինենք ջրի նկատմամբ, քանի որ ե՛ւ բենզինը, ե՛ւ էներգիան ունեն այլընտրանք, սակայն գիտությունը դեռ այդքան չի զարգացել, որ ունենանք ջրի այլընտրանք: Չենք էլ կարող ասել, արդյոք հետագայում կլինի՞ ջրի այլընտրանք, թե՞ ոչ: Յուրաքանչյուրս պետք է հոգատար լինենք ջրի հանդեպ, որպեսզի հետո մեր սերունդները կարողանան մաքուր ջուր խմել եւ առողջ մեծանալ: Ցավով պետք է նշեմ, որ յուրաքանչյուր 20 վայրկյանում ջրի սակավության պատճառով մի երեխա է մահանում»: Միջոցառման կազմակերպիչ Գայանե Գրիգորյանը , որը ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի երկրաբանական թանգարանի վարիչն է, «Ազգին» տեղեկացեց, որ թանգարանում նշում են բոլոր բնապահպանական տոները: Անդրադառնալով ջրի միջազգային տոնին, ասաց, որ դարձել է ավանդույթ, ամեն տարի նշում են. «Օրվա նպատակն է, վեր հանել այն բոլոր խնդիրները, որոնք առաջացել են եւ կան Երկիր մոլորակի վրա: Այժմ գոյություն ունի քաղցրահամ ջրի պակաս եւ անհրաժեշտ է չաղտոտել այն աղբյուրները, մակերեւութային հոսող ջրերը: Եթե չլինի ջուր, չի լինի նաեւ կյանք: Յուրաքանչյուրս պետք է մտածենք այս կենարար հեղուկի պահպանման մասին եւ նմանատիպ միջոցառումների միջոցով բարձրաձայնենք առկա խնդիրները»: |