RSS | FACEBOOK | PDF
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#042, 2013-03-21 > #043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013



Տեղադրվել է` 2013-03-24 19:16:44 (GMT +04:00)


Ընթերցված է` 1372, Տպվել է` 83, Ուղարկվել է էլ.փոստով` 56

ԵՐԲ «ԵՂԲԱՅՐՈՒԹՅՈՒՆԸ» ՉԱՓՎՈՒՄ Է ՓՈՂՈՎ

Վ. Ա.

Մարտի 21-ին Վրաստանի սահմանապահները «չեզոք ջրերում կալանել են Աբխազիայից Տրապիզոն նավահանգիստ շարժվող` թուրքական «Այդար» բեռնանավը եւ պահնորդությամբ տարել Փոթիի նավահանգիստ»: Այդ մասին նույն օրը հաղորդել են վրացական լրատվամիջոցները` առանց նշելու նավի անձնակազմի անդամների ինքնությունը կամ քաղաքացիությունը: Ի հավելումն, վրացական կողմը երեկ պաշտոնական հաղորդագրությամբ ծանուցել է, որ թուրքական դրոշով նավի անձնակազմի երկու անդամը Ռուսաստանի, երեքը Ուկրաինայի, չորսը Ադրբեջանի քաղաքացի են: Trend-ին հայտնի են դարձել Ադրբեջանի քաղաքացի նավաստիների անունները` Մահիր Սաֆարով` նավապետի ավագ օգնական, Բեյլար Հուսեյնով` նավի ավագ մեխանիկ, Ռուֆաթ Ջալիլով` երկրորդ մեխանիկ, Էլշադ Մահմուդով` էլեկտրիկ: Բոլոր նավաստիները մեղադրվում են «Օկուպացված տարածքների մասին» Վրաստանի օրենքը խախտելու մեջ:

Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ շաբաթասկզբին Բաքվում էին Վրաստանի ԱԳ եւ պաշտպանության նախարարները, եւ կողմերը սիրալիրություններ էին փոխանակել «երկու երկրների ռազմավարական գործընկերությունը խորացնելու» մասին, ինչին հետեւել էր ադրբեջանական մամուլի «հրետանային նախապատրաստությունը» առ Վրաստանում «հայկական սեպարատիզմի վտանգավորություն»: Դրանում ներգրավվել էին վրացի որոշ մտավորականներ, այդ թվում` Թբիլիսիում գործող այսպես կոչված «Սուխումի պետական համալսարանի» պատմաբան-դասախոսներ:

Դա դեռ բավական չէ, Ադրբեջանի ԱԳՆ-ն անոնսավորել էր, որ «մարտի 28-ին Բաթումում կկայանա Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հանդիպում»: Այս համապատկերին Վրաստանի սահմանապահ ծառայության կողմից թուրքական բեռնանավի կալանումը պարզապես աչք է ծակում: Քանի որ եթե Վրաստանը, Թուրքիան եւ Ադրբեջանը իրոք ռազմավարական դաշնակիցներ են եւ միմյանց հանդեպ ջերմ զգացմունքներ են տածում, ապա թուրքական բեռնանավը չպետք է հայտնվի աբխազական նավահանգստում, որովհետեւ միջազգայնորեն Աբխազիան Վրաստանի տարածք է: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա կարող ենք հարցնել, թե ինչո՞ւ են այդ երկրի նավաստիները ստիպված աշխատանք որոնում Թուրքիայում եւ այլուր: Չէ՞ որ Ադրբեջանը «Հարավային Կովկասի տնտեսության 75 տոկոսի սեփականատերն է»:

Այսքանից հետո մնում է ենթադրել, թե ի՞նչ սրտով կարող են Բաթումում հանդիպել Վրաստանի, Թուրքիայի եւ Սդրբեջանի ԱԳ նախարարները: Ի՞նչ պիտի պատասխանի հարեւանների հետ «զրո խնդիր ունեցող» Ահմեդ Դավութօղլուն Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեին: Նման դեպքերում պետությունն ստիպված է լինում հոգալ իր քաղաքացիների իրավական պաշտպանության հարցերը: Ի՞նչ երեսով է Վրաստանում Ադրբեջանի դեսպանը դիմելու այդ երկրի պատկան մարմիններին: Ի՞նչ բացատրություն է տալու Ադրբեջանի ԱԳՆ-ն: Պատասխանատվությունը բարդելու է Թուրքիայի՞ վրա: Պաշտոնական Բաքուն առայժմ լռում է: Հավանաբար, որտեղ փողի խնդիր կա, «եղբայրության» մասին խոսակցություններն իմաստազրկվում են:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 23-03-2013

AZG Daily #42, 08-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ