ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ ԽՈՍՏԱՑԵԼ Է ԿՐԿԻՆ ՀԱՂԹԵԼ ՇՏԻԳԼԻՑԻՆ Բուքմեյքերներն էլ նախապատվությունը տալիս են Աբրահամին Այսօր Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքում կկայանա 2-րդ միջինքաշային կարգում WBO-ի վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ չեմպիոնական գոտու նախկին տեր Ռոբերտ Շտիգլիցի մենամարտը, որում հայ բռնցքամարտիկը կփորձի 2-րդ անգամ պաշտպանել իր տիտղոսը: Մրցակիցները պրոֆեսիոնալ ռինգում 2-րդ անգամ են հանդիպելու: Նրանց առաջին մենամարտը կայացել էր անցյալ տարվա օգոստոսի 25-ին: Այն ժամանակ Ռոբերտ Շտիգլիցը WBO-ի վարկածով 2-րդ միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնն էր: 12-ռաունդանոց մենամարտում միավորներով (116-112, 115-113, 116-112) հաղթելով Շտիգլիցին, Արթուր Աբրահամը նրանից խլեց չեմպիոնական գոտին: Աշխարհի չեմպիոնի տիտղոսի 1-ին պաշտպանությունն Արթուրը հաջողությամբ իրականացրեց անցյալ տարվա դեկտեմբերի 15-ին Նյուրնբերգում կայացած մենամարտումՙ տեխնիկական նոկաուտով հաղթելով Մեհդի Բուադլային: Երկու բռնցքամարտիկներն էլ լրջորեն են նախապատրաստվել առաջիկա մենամարտին եւ վստահ են իրենց ուժերին: «Իմ առջեւ հատուկ նպատակ չեմ դրել նոկաուտով հաղթելու Շտիգլիցին: Նա լավ բռնցքամարտիկ է, ուստի ամոթ չէ միավորներով հաղթելը: Սակայն խոստանում եմ, որ մեր մենամարտը դիտարժան կլինի, կնմանվի ճակատամարտի, ինչը դիտել սիրում են մարզասերները: Բնականաբար, Շտիգլիցը կձգտի հետ վերադարձնել իրենից խլած չեմպիոնական գոտին: Ես դա լավ եմ հասկանում, ուստի կրկնակի եռանդով եմ նախապատրաստվել մենամարտին: Ծանոթ եմ մրցակցիս ուժեղ եւ թույլ կողմերին: Շտիգլիցին ոչ մի հնարավորություն չեմ տա հաղթելու: Ես կկոտրեմ Շտիգլիցին: Դրանում կասկած չունեմ: Հարգում եմ բոլոր մրցակիցներիս, այդ թվում Շտիգլիցին, սակայն մշտապես ռինգ եմ դուրս գալիս միայն հաղթանակի համար», հայտարարել է Արթուր Աբրահամը : Ռոբերտ Շտիգլիցն Արթուր Աբրահամի հետ 2-րդ մենամարտում ռինգ դուրս կգա ավելի կոշտ ձեռնոցներով. «Նախորդ մենամարտում վնասվածքի պատճառով ավելի փափուկ ձեռնոցներ էի հագել, ինչը որոշ առավելություն էր ընձեռել Արթուր Աբրահամին: Նա ասել է, թե կոչնչացնի ինձ: Դրանք պարզապես բարձրագոչ խոսքեր են: Մեր առաջին մենամարտում մի շարք սխալներ թույլ տվեցի, որոնք պետք է ուղղեմ: Չեմ ցանկանում վերհիշել անցյալը: Միայն կարող եմ ասել, որ ինձ պատկանող չեմպիոնական գոտին հայտնվել է ուրիշի մոտ: Առաջիկա մենամարտում կխլեմ տիտղոսն Աբրահամից: Ինձ համար դա ամենագլխավորն է, որի վրա կենտրոնացել եմ»: Արթուր Աբրահամի մարզիչ Ուլի Վեգներն էլ վստահ է իր սանի հաջողությունում. «Մենք չենք գերագնահատում մեր ուժերը, սակայն նաեւ չենք թերագնահատում Ռոբերտ Շտիգլիցին: Արթուրը մի շարք գործոններով առաջադիմել է, ուստի կարծում եմ, որ նա կհաղթի: Խոնարհվում եմ Շտիգլիցի պրոֆեսիոնալիզմի առջեւ: Նրա մարզիչը հավանաբար հատուկ մարտավարություն է մշակել: Սակայն մենք նրան կհիասթափեցնենք»: Շտիգլիցի մարզիչ Դիրկ Ձեմսկին էլ հետեւյալ կարծիքի է. «Մրցակիցների միջեւ նախորդ մենամարտում Աբրահամն առաջին 3 ռաունդներից հետո իրեն ռինգի տեր էր զգում: Այժմ պետք է աշխատենք, որ այդ սցենարը չկրկնվի: Ռոբերտը կարող է ավելի լավ մենամարտել, քան նախորդ անգամ: Մեծ անհամբերությամբ եմ սպասում առաջիկա մենամարտին»: Բուքմեյքերական ընկերություններն էլ այսօրվա մենամարտում նախապատվությունը տալիս են Արթուրին: Նրա հաղթանակի գործակիցը 1,19 է, իսկ Շտիգլիցինըՙ 4,15: Ոչ-ոքին գնահատվում է 27 գործակցով: |