ՄՈՒՍԱ ՄՈՒՐԹԱԶԱԼԻԵՎԸ ՀՌՉԱԿՎԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում երեկ իրենց մրցավեճն ավարտեցին ազատ ոճի ըմբիշները: Մրցումների վերջին օրը հաջող էր Հայաստանը ներկայացրած 84 կգ քաշային ըմբիշ Մուսա Մուրթազալիեւի համար, որը մեր հավաքականին 2-րդ մեդալը պարգեւեցՙ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի տիտղոսը: Հիշեցնենք, որ Հայաստանին առաջին մեդալը պարգեւել էր Դավիթ Սաֆարյանը, որը մինչեւ 66 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվելՙ եզրափակիչում պարտության մատնելով թուրք ըմբիշին: Մուրթազալիեւը մրցումները սկսեց 1/8 եզրափակիչից, որտեղ նրա մրցակիցը սլովակ Միխայել Բոդնարն էր: Մեր ըմբիշը շատ վստահ անցկացրեց գոտեմարտն ու մեծ առավելությամբ հաղթեց մրցակցին: Քառորդ եզրափակիչում Մուրթազալիեւը պարտության մատնեց ուկրաինացի Իբրահիմ Ալդատովին: Դաղստանցի ըմբիշը հաջողությամբ հաղթահարեց նաեւ կիսաեզրափակիչի արգելքը, որտեղ նրա մրցակիցը մոլդովացի Պյոտր Յանուլովն էր: Վճռորոշ գոտեմարտում Մուրթազալիեւը ուժերը չափեց վրացի Դաթո Մարսագիշվիլու հետ: Ցավոք մեր ըմբիշին չհաջողվեց հաղթել նաեւ եզրափակիչում` բավարարվելով արծաթե մեդալով, ինչը եւս մեծ հաջողություն է: |