ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱՁԵՌՆԱԾ «ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ» ԲԱՆԱՁԵՎԸ` ԿՈՆՍԵՆՍՈՒՍՈՎ Վ. Պ. Մարտի 22-ին Ժնեւումՙ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 22-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնությամբ առաջադրված ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձեւը («Prevention of genocide»): Բանաձեւի ընդունումը խորհրդանշական է այն առումով, որ այս տարի լրանում է ցեղասպանության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի 65-ամյակը: Ըստ արտգործնախարարության հաղորդագրությանՙ Հայաստանը մշտապես ՄԱԿ-ի շրջանակներում հանդես է եկել ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ նախաձեռնություններով, ներկայացնելով բանաձեւերի նախագծեր: Այդ նախաձեռնությունների արդյունքում Մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1998 թվականին ընդունվել են «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին կոնվենցիայի 50-ամյակին նվիրված», 1999 եւ 2001 թթ.` «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման եւ պատժման մասին» բանաձեւերը: 2008 թվականին Մարդու իրավունքների խորհրդի կողմից ընդունվել է «Ցեղասպանության կանխարգելման մասին» բանաձեւը: Նշված բոլոր բանաձեւերն ընդունվել են կոնսենսուսով` վայելելով անդամ պետությունների լայն աջակցությունը: Բանաձեւում առաջին անգամ անդրադարձ է կատարվում ցեղասպանության կանխարգելման հարցում ճշմարտության իրավունքի վերաբերյալ զարգացումներին` կարեւորելով ճշմարտության խրախուսումը ցեղասպանության կանխարգելման առումով եւ քաջալերելով պետություններին համագործակցել ճշմարտության, արդարադատության, վերականգնման եւ չկրկնման երաշխիքների խթանման հարցերով հատուկ զեկուցողի հետ: Բանաձեւում վերահաստատվում է համընդհանուր պարբերական դիտարկման մեխանիզմների կարեւորությունը` հրավիրելով պետություններին իրենց ազգային զեկույցներում ներկայացնելու տեղեկատվություն ցեղասպանության եւ այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված քայլերի մասին: Հատուկ ուշադրություն է դարձվում ցեղասպանության կանխարգելման գործում կրթության, մասնավորապես կանխարգելիչ նշանակություն ունեցող կրթական ծրագրերի եւ նախագծերի իրականացմանը, կառավարությունների եւ ՄԱԿ-ի համապատասխան գրասենյակների տեխնիկական աջակցությանը: Որպես կանխարգելիչ միջոցառում բանաձեւը կոչ է անում ՄԱԿ-ի անդամ երկրների կառավարություններինՙ սահմանել անցյալում կատարված ցեղասպանությունների զոհերի հիշատակի ազգային օրեր, որպեսզի նման սոսկալի հանցագործությունները երբեք չմոռացվեն: Բանաձեւը լայն աջակցություն է ստացել, դրան համահեղինակ են հանդես եկել ՄԻԽ բոլոր տարածաշրջանային խմբերը ներկայացնող 54 պետություններ, այդ թվում` մեր հարեւան երկրներից միայն Վրաստանը: Բանաձեւը համահեղինակելու համար բաց կմնա դեռեւս երկու շաբաթ: |