RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



ՋԱՎԱԽՔ

Տեղադրվել է` 2013-03-26 00:03:23 (GMT +04:00)


Ընթերցված է` 2140, Տպվել է` 93, Ուղարկվել է էլ.փոստով` 123

ՉԱԽԱԼՅԱՆՆ ԱՐՁԱԳԱՆՔՈՒՄ Է ՍԱԱԿԱՇՎԻԼՈՒ «ՎԱԽԵՐԻՆ»

Վ. ՊՈՂՈՍՅԱՆ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլու համար վերջերս հայկականն ու այդ առումով առավել հաճախ հիշատակվող Չախալյան անունը գլխացավից վերածվել են պարանոյայի. երկրի «դժբախտությունն» էլ են հայերը, «անջատողականներն» էլ, «լրտեսներն» էլ: Ակնհայտ է, որ Սաակաշվիլու տակ ուժգնացող ճռռոցով տատանվող աթոռը վերեւներում էլ է ինչ-որ բան տատանում:

«Օրերս Վրաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձըՙ Միխեիլ Սաակաշվիլին, անդրադառնալով ջավախահայության նկատմամբ իր քաղաքականությանը, հանդես եկավ հերթական անհեթեթ գնահատականներով իմ քաղաքական գործունեությանը վերաբերող փաստերի կապակցությամբ», մարտի 24-ին նման հայտարարությամբ հանդես է եկել ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը, որ քաղբանտարկյալի կարգավիճակից ազատ արձակվեց վրացական նոր իշխանությունների համաներմամբ:

Խոսքը նախորդ շաբաթավերջին «Իմեդի» վրացական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սաակաշվիլու արած հայտարարությունների մասին է, որոնցում Վրաստանի նախագահը, ի շարս Ջավախքում հայերենին տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տալու դեմ բերած «փաստարկների», նշել է, թե պետք չէր ազատ արձակել Չախալյանին, այլ միայն 6 տարի անց, երբ «Ջավախքում 10 նոր ՀԷԿ կլիներ, կյանքի մակարդակը 2-3 անգամ կբարձրանար, ու Ջավախքի բնակչության գերակշիռ մեծամասնությունը կխոսեր վրացերեն»:

Ասել է թե եթե այս ամենը չիրականացավ` Սաակաշվիլին արդեն իսկ «մեղավոր» է, թեեւ դժվար է պատկերացնել, թե Չախալյանն ինչպես է կանգնեցնելու ՀԷԿ-երի կառուցումը կամ զսպելու կենսամակարդակի բարձրացումը, որ տասնյակ տարիներ վրացական իշխանությունները խոստանում են, բայց Ախալքալաքի կարտոֆիլը գնելու Սաակաշվիլու խոստման նման արագ մոռանում:

Չախալյանի հայտարարության համաձայնՙ իր ազատ արձակվելուց հետո Սաակաշվիլու կողմից նրա հասցեին շարունակաբար հնչեցվող զրպարտչական բնույթի մեղադրանքները գալիս են եւս մեկ անգամ հաստատելու, որ Չախալյանին ազատազրկման են ենթարկել բացառապես քաղաքական նկատառումներով, որ խաղաղ եւ օրինական միջոցներով պայքարել է Վրաստանի հայ բնակչության իրավունքների պաշտպանության համար: «Սաակաշվիլին նորից ու նորից փաստում է, որ ինձ բանտարկել է ազգային փոքրամասնությունների գծով երկրի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու եւ դրա դեմ ջավախահայության արդար բողոքի ձայնը լռեցնելու նպատակով», ասվում է հայտարարությամբ:

«Սաակաշվիլին իմ վերաբերյալ ապատեղեկատվություն եւ սուտ տարածելով այսօր փորձում է կոծկել այն պարզ իրողությունը, որ ինչպես ներքին եւ արտաքին շատ այլ հարցերում, այս հարցում եւս իր բռնած քաղաքական կուրսը ձախողվել է: Շինծու մեղադրանքներով ինձ դատապարտելը, ջավախահայ այլ քաղաքական գործիչների նկատմամբ հետապնդումները ունեցան հակառակ արդյունքՙ դրանք օգնեցին սեւեռել ջավախահայության իրավունքների ոտնահարման խնդրի նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը», գտնում է Չախալյանը:

Ըստ նրաՙ իր ազատ արձակումը վրաց նոր իշխանությունների բարի կամքի դրսեւորում էր, բայց նաեւ մեծ չափով պայմանավորված էր Ջավախքի բնակչության շարունակական կոչերով եւ միջազգային հանրային կարծիքի ճնշմամբ, մասնավորապեսՙ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կողմից Չախալյանին քաղբանտարկյալ ճանաչելով, ԱՄՆ պետքարտուղարության կողմից հրատարակվող մարդու իրավունքների ամենամյա զեկույցներում ջավախահայ ակտիվիստի խնդրի արծարծմամբ, Ֆրանսիայի խորհրդարանում, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Չախալյանի խնդրի բարձրացմամբ եւ այլն:

«Ինչպես եւ Սաակաշվիլու կողմից իմ հասցեին նախկինում արված բոլոր հայտարարություններըՙ այս հայտարարությունը եւս իմ փաստաբանները որպես լրացուցիչ ապացույց ուղարկելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որտեղ ներկայումս քննվում է իմ բողոքը», հավաստիացրել է Վահագն Չախալյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս հունվարի վերջին Չախալյանը ստիպված էր առանձին հայտարարությամբ հանդես գալ նույն Սաակաշվիլու առավել «թունդ» մեղադրանքների առնչությամբ, թե Չախալյանը «ռուսական լրտես է», «գործակալ»: Նախորդ հայտարարությամբ նոր մեղադրանքներով հանդես եկող արդեն նախկին իշխանություն ներկայացնող Սաակաշվիլուն Չախալյանը հիշեցրել էր, որ իրեն առաջադրված շինծու մեղադրանքների շարքում անգամ չի էլ նշվել «լրտես» լինելու որեւէ մեղադրանք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #31, 23-08-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ