RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Անցուդարձ

Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 1571, Տպվել է` 121, Ուղարկվել է էլ.փոստով` 66

ԻՆՉՊԵ՞Ս ԵՆ ԻՆՏԵԳՐՎՈՒՄ ՍԻՐԻԱՀԱՅԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Տանը նստելու եւ դժգոհելու փոխարեն նրանք նախընտրում են աշխատել եւ ստեղծել

Սիրիայում ներքին անկայունությունն ու պատերազմական գործողությունները հարկադրեցին այդ երկիրը լքել նաեւ մեր հայրենակիցներից շատերին: Սիրիան լքած հայերից մոտ 6 հազարը ժամանեցին Հայաստանի Հանրապետություն: Անշուշտ, ցավալի է, որ մեր հայրենակիցները նույնպես հայտնվեցին պատերազմական գործողությունների թատերաբեմում եւ արդեն մի քանի տասնյակ զոհեր տվեցին: Մյուս կողմից էլ, որոշակի մխիթարություն պետք է համարել, որ նրանց մի մասը եկավ Հայաստան: Թե որքա՞նն է որոշել ընդմիշտ իր կյանքը հայրենիքի հետ կապել, դեռեւս անհայտ է, քանի դեռ սիրիական ճգնաժամը շարունակվում է, բայց որ նրանց մի մասն արդեն իսկ բուռն գործունեություն է սկսել Հայաստանում, փաստ է եւ ուրախալի փաստ:

Նախ, հանուն արդարության ասենք, որ պետության կողմից մի շարք քայլեր արվեցին, որպեսզի Հայաստան եկած սիրիահայերը կարողանան ինտեգրվել հայրենիքին: Նրանց համար ստեղծվեցին կրթության շարունակման, աշխատանքի անցնելու հնարավորություններ, ազատվեցին որոշ տուրքերից եւ պետական վճարներից, ցուցաբերվում է մարդասիրական օգնություն պետական եւ ոչ պետական կառույցների կողմից եւ այլն: Իհարկե, ամեն ինչ իդեալական չէ, բայց այսօրվա Հայաստանի Հանրապետության հնարավորությունների սահմաններում արվեց հնարավորը: Եթե համեմատենք սիրիահայերի նկատմամբ պետական քաղաքականությունը 90-ականներին Հայաստան բռնագաղթած ադրբեջանահայերի եւ ավելի ուշ իրաքահայերի հանդեպ պետական քաղաքականության հետ, ապա տարբերություններն ուղղակի ահռելի են:

Հասկանալի է, որ 300 հազարից ավելի ադրբեջանահայության խնդիրները լուծելն անհամեմատ ծանր էր հատկապես 90-ականների Հայաստանում: Ինչով էլ պայմանավորվածՙ նրանց մի մասը հետագայում լքեց մեր երկիրը: Սակայն, ինչպես ընդհանուր առմամբ ամբողջ բնակչության նկատմամբ, այնպես էլ Ադրբեջանից եկածների հանդեպ այդ տարիներին պետական քաղաքականությունը կարելի էր բնորոշել մի բառով` անտարբերություն: Չենք ասում, որ կարելի էր լուծել նրանց բնակարանային խնդիրը, բայց կարելի էր լուծել փախստականների հայերենի ուսուցման, իրավական կարգավիճակի հստակեցման, որոշակի արտոնությունների տրամադրման հարցերը, այնպես` ինչպես հիմա արվում է սիրիահայերի համար: Այդ դեպքում գուցե ադրբեջանահայերից շատերը չլքեին Հայաստանը, եթե զգային գոնե պետության հոգատար վերաբերմունքը խոշոր ծախսեր չենթադրող հարցերում;

Ինչ վերաբերում է 90-ականներին Հայաստան եկած ադրբեջանահայերի եւ այժմ եկած սիրիահայերի նկատմամբ Հայաստանի բնակչության վերաբերմունքին, ապա այն եւս որոշակիորեն տարբերվում է: Սիրիահայերի նկատմամբ, ի տարբերություն պետական մոտեցման, մեր հասարակությունը մի տեսակ անտարբեր է: Դա չի նշանակում, որ չեն եղել ընդգծված դրական վերաբերմունքից մինչեւ ընդգծված բացասական վերաբերմունքի դրսեւորումներ, սակայն, ընդհանուր առմամբ գերակշռում է անտարբերությունը:

90-ականներին Հայաստան եկած ադրբեջանահայերի նկատմամբ Հայաստանի բնակչությունը ավելի բացասաբար էր տրամադրված, չհաշված սկզբնական շրջանում ջարդերից փախածների նկատմամբ ցուցաբերվող համընդհանուր հոգատարությունը: Հայաստանյան հասարակության` փախստականների նկատմամբ բացասական վերաբերմունքը պայմանավորված էր նաեւ վերջիններիս կողմից Հայաստանի իրականությունը վատ պատկերացնելով եւ իրենց բոլոր խնդիրների անհապաղ լուծման պահանջներով: Այն դեպքում, երբ սոցիալական, կենցաղային եւ բազում այլ չլուծվող խնդիրներ ուներ նաեւ տեղի բնակչությունը: Ադրբեջանից Հայաստան էր եկել հիմնականում քաղաքային բնակչություն, եւ նրանց բնակարանային խնդիրները բավարարել Երեւանում պարզապես անհնար էր:

Փախստականներից շատերը անընդհատ հիշեցնում էին, որ իրենք ապրել են Բաքվի կենտրոնում եւ նույնն էլ ցանկանում են ունենալ Երեւանում: Այս եւ բազմաթիվ այլ գործոններն էլ խանգարեցին ներգաղթած հայերին ինտեգրվել հայաստանյան հասարակությանը, իսկ վերջինիս էլ` դրական տրամադրվել նրանց նկատմամբ: Շատ երկար ժամանակ` 20-25 տարի եւ սերունդների փոփոխություն պահանջվեցին, որ այդ հոգեբանական պատնեշը խախտվի եւ ադրբեջանահայերի արդեն հայրենիքում ծնված սերունդը իրեն զգա ինչպես իր հայրենիքում:

Իսկ ինչպե՞ս են իրենց զգում սիրիահայերը Հայաստանում եւ կարողանո՞ւմ են ինտեգրվել հայաստանյան հասարակության մեջ: Լրատվամիջոցներում, այդ թվում նաեւ մեր թերթում եղել են հարցազրույցներ նրանց հետ, անդրադարձել խնդիրներին եւ դժվարություններին: Իհարկե, ինտեգրվելու հարցում եւս սիրիահայերը դժվարությունների են հանդիպում: Նրանք չեն հասկանում, թե ինչո՞ւ են իրենցից ավելի շատ գումար պահանջում բնակարան վարձով տվողները, տաքսու վարորդները կամ առեւտրականները: Նրանք չեն կարողանում կողմնորոշվել, թե որտե՞ղ են իրենց խաբելու եւ ինչպե՞ս դրանից զգուշանան: Այս ամենը շատ ցավալի է: Ցավալի է ոչ միայն սիրիահայերի, այլեւ բոլորիս համար: Սիրիայի մեր հայրենակիցներին խաբողները ամեն քայլափոխի, գուցե պակաս հաջողությամբ, խաբում եւ «գցում» են նաեւ մեզ բոլորիս: Եվ սա մեր իրականության ամենացավալի փաստերից է: Սակայն, ի պատիվ սիրիահայերի, նրանց գերակշիռ մասը երբեք այնպես չարտահայտվեց Հայաստանի նկատմամբ, ինչպես 90-ականներին ադրբեջանահայերը: Դրա համար էլ նրանց դժգոհությունները չդարձան տեղի բնակչության հետ հակադրության պատճառ: Սակայն ամենակարեւորը, որ ցանկանում ենք ընդգծել, սիրիահայերի ընդգծված աշխատասիրությունն է եւ նորը ստեղծելու ձգտումը:

Զանգվածային լրատվամիջոցներից գիտենք դեղագործական լաբորատորիա, ֆերմերային տնտեսություններ Արցախում, առեւտրային եւ սպասարկման ոլորտի փոքր օբյեկտներ ստեղծած սիրիահայերի կողմից: Մեր շրջապատից էլ գիտենք աշխատանքի տեղավորված սիրիահայերի պարտաճանաչ եւ բարեխիղճ աշխատանքի, իսկ աշխատանք եւ մեծ գումարներ չունեցողների դեպքում` տնայնագործական գործունեության շատ դեպքերի մասին: Վարսահարդարում, դիմահարդարում, քաղցրավենիքների եւ այլ ուտեստեղենի պատրաստում, հագուստների ձեւավորում եւ կարուձեւ` սրանք այն ոչ բոլոր գործունեության տեսակներն են, որոնցով, տանը նստելու եւ դժգոհելու փոխարեն, զբաղվում են Հայաստանում դեռեւս մի քանի ամիս գտնվող սիրիահայերը: Ընդ որում, նրանցից շատերը դա անում են վարձով բնակարաններում ապրելով: Սրանով նրանք շահեկանորեն առանձնանում են ոչ միայն Ադրբեջանից եկած փախստականներից, այլեւ մշտապես կյանքից դժգոհող տեղաբնակներից շատերից: Ինչը հույս է տալիս, որ սիրիահայերը արագորեն կինտեգրվեն հայաստանյան իրականությանը եւ կդառնան մեր երկրի լիարժեք եւ ամենակարեւորը` նյութական արժեքներ ստեղծող եւ տնտեսական աշխուժություն բերող քաղաքացիներ: Պետությանն ու հասարակությանը մնում է ամեն կերպ նպաստել այդ գործընթացին, որից մենք բոլորս միայն կշահենք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ