RSS | FACEBOOK | PDF | PDF-Culture
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՄԵՐ ՄԱՍԻՆ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ «ԱԶԳ»ԻՆ
#043, 2013-03-22 > #044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013



Մարզական

Տեղադրվել է` 2013-03-26 00:03:24 (GMT +04:00)


Ընթերցված է` 2074, Տպվել է` 105, Ուղարկվել է էլ.փոստով` 104

ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ԿՐԿԻՆ ՈՒԺԵՂԱԳՈՒՅՆՆ Է ԵՎՐՈՊԱՅՈՒՄ

Թբիլիսիում ավարտվեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը, որը հաջող էր Հայաստանի ըմբիշների համար: Հաջող հանդես եկան նաեւ հունահռոմեական ոճի ըմբիշներըՙ նվաճելով մեկ ոսկե, 2 բրոնզե մեդալ:

Գերազանց ելույթ ունեցավ անցյալ տարվա Եվրոպայի չեմպիոն, Լոնդոնի ամառային օլիմպիադայի բրոնզե մրցանակակիր Արթուր Ալեքսանյանը, որը մինչեւ 96 կգ քաշային կարգում կրկին ուժեղագույնը ճանաչվեց: Արթուրը շատ վստահ անցկացրեց իր բոլոր 5 գոտեմարտերը, որոնցում մրցակիցներին ընդամենը մեկ միավոր զիջեց: Այդ միակ միավորը հաջողվել էր վաստակել վրացի ըմբիշ Սոսո Ջաբիձեին, որը 1/8 եզրափակիչում Ալեքսանյանին պարտվել էր 1-12 հաշվով: Իսկ մինչ այդ հայ ըմբիշը պայքարից դուրս էր մղել շվեդ Ստեֆան Շոնին:

Քառորդ եզրափակիչում Արթուրը 4-0 հաշվով հաղթեց թուրք Կենկ Իլդեմին, ապա նույնպիսի արդյունքով առավելության հասավ Ադրբեջանը ներկայացնող վրացի ըմբիշ Շալվա Գադաբաձեի նկատմամբ: Եզրափակիչ գոտեմարտում էլ Եվրոպայի չեմպիոնը դրսեւորեց իր վարպետությունը եւ 6-0 հաշվով հաղթելով բուլղարացի Վլադիսլավ Էմիլով Մետոդիեւին, պահպանեց ուժեղագույնի իր տիտղոսը:

Մինչեւ 84 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացավ Արթուր Շահինյանը: Հաջորդաբար հաղթելով լեհ Դամիան Յանիկովսկուն, հունգարացի Պետեր Բակսիին եւ ֆինն Անտի Հակալային, Շահինյանը մտավ կիսաեզրափակիչ: Այստեղ նրա հետագա ճանապարհը փակեց վրացի Վլադիմեր Գեգեշիձեն: Արթուրը պայքարը շարունակեց բրոնզե մեդալի համար: Հաղթելով բուլղարացի Խրիստո Մարինովին, հայ ըմբիշն արժանացավ բրոնզե մեդալի:

Բրոնզե մեդալով տուն վերադարձավ նաեւ գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը: Հաղթելով չեխ Դավիթ Վալային, Վաչիկը քառորդ եզրափակիչում պարտվեց ուկրաինացի Եվգենի Օռլովին: Վերջինս հասավ մինչեւ եզրափակիչ, ուստի հայ ըմբիշն իրավունք ստացավ վիճարկելու բրոնզե մեդալը: Առաջին գոտեմարտում Եղիազարյանը հաղթեց ռուսաստանցի Շոխրուդին Այուբովին: 2-րդ գոտեմարտը չկայացավ, քանի որ Եղիազարյանի մրցակից, բուլղարացի Լյուբոմիր Դիմիտրովը վնասվածք ուներ: Հայ ըմբիշը դարձավ բրոնզե մեդալակիր:

Բրոնզե մեդալ կարող էր նվաճել նաեւ մինչեւ 60 կգ քաշային Ալեքսան Միքայելյանը: Նա հաղթելով հունգարացի Իշտվան Կոզակին, 1/8 եզրափակիչում պարտվեց ռուսաստանցի Իվան Կույլակովին, որը մտավ եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար պայքարում Միքայելյանը պարտվեց Սլովակիայի ներկայացուցիչ Իշտվան Լեալին:

Հարություն Հովհաննիսյանը (55 կգ) եւ Սասուն Ղամբարյանը (66 կգ) հասան մինչեւ քառորդ եզրափակիչ, իսկ Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ) պարտվեց 1/8 եզրափակիչում: Ի դեպ, մինչեւ 66 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիան ներկայացնող Արտակ Մարգարյանը:

Մեդալների հաշվարկով Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը զբաղեցրեց 3-րդ տեղըՙ իրենից առաջ թողնելով Ռուսաստանի (2+2+1) եւ Բուլղարիայի (1+1+1) ըմբիշներին: Հիշեցնենք, որ մեր ազատոճային ըմբիշներն էլ Եվրոպայի առաջնությունում հաջող հանդես եկանՙ նվաճելով մեկական ոսկե եւ արծաթե մեդալ: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Դավիթ Սաֆարյանը (66 կգ), իսկ Մուսա Մուրթազալիեւը (84 կգ) դարձավ արծաթե մրցանակակիր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 26-03-2013

AZG Daily #27, 12-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ