RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 1591, Տպվել է` 74, Ուղարկվել է էլ.փոստով` 57

ԵՐԲ ՀՌՈՄԻ ՊԱՊԸ ՃԻԶՎԻՏ Է

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, Մոսկվա

Հռոմի նոր պապիՙ Ֆրանցիսկի ընտրության, գահակալության, նրա անհատականության համակողմանի մեկնաբանումներից հետո Ռուսաստանում, բնականաբար, քննության առարկա դարձավ ռուս եւ կաթոլիկ եկեղեցիների հետագա հարաբերությունների հարցը: Գաղտնիք չէ, որ այս երկու «կողմերի» միջեւ գոյություն ունեն ազդեցության ոլորտների հետ կապված էական անհարիրություններ: Եվ ասել, թե նոր պապի ընտրությունից հետո լավատեսական տրամադրություններ առաջացան դրանց հարթեցման առաջիկա հնարավորությունների շուրջը, ճիշտ չի լինի: Կաթոլիկությունն այստեղ շատերն են ընկալում որպես լիբերալ-տոտալիտար-սոդոմական-աստվածազրկվող Եվրոպայի կրոնագաղափարական մի հավելված: Նույնիսկ կարծիքներ էին հայտնվում, որ եթե համաձայնություն ձեռք բերվի երկու հոգեւոր առաջնորդների հանդիպման մասին, ապա ցանկալի կլինի կազմակերպել երրորդՙ չեզոք երկրում:

Եվ խնդիրը ոչ միայն Ռուսաստանում տարածված այն մտայնության մեջ է, որ կաթոլիկ կրոնը դարեր շարունակ թշնամաբար է տրամադրված եղել ուղղափառության, ռուսական պետության հանդեպ, դրսեւորելով համաշխարհային կրոնական տիրակալության հասնելու պահանջներ: Պարզապես այստեղ կայունացել է այն մոտեցումը, որ Վատիկանը, ժամանակակից կաթոլիկությունը այնքան են խրվել սեկուլյարիզմիՙ կրոնի աշխարհականացման մեջ, հրապուրվել ավանդների նկատմամբ անհաշտ նորամուծություններով, որ սկսել են փտել ու ինքնակործանման վիրուսով վարակել նաեւ ուրիշներին:

Հայտնի է, որ իր բազմադարյան պատմության ընթացքում Վատիկանը եղել է ոչ միայն կրոնական, այլեւ քաղաքական հզոր ու ազդեցիկ կենտրոն: Եվ այս հենքի վրաՙ փոփոխվող պայմաններում նոր երանգներ կարող է ստանալ Վատիկանի նշված կրոնաքաղաքական դերը արդի աշխարհում: Վերարտադրենք առաջադրվող մի տեսակետՙ դրա հիրավի լաբիրինթոսային հանգուցալուծումների խոր վերլուծությունը թողնելով հայ եկեղեցու խորագիտակ մասնագետներին:

Խոսքը վերաբերում է այն պարագային, որ առաջին անգամ Հռոմի պապ է ընտրվել ճիզվիտների միաբանությանՙ կաթոլիկ եկեղեցու առանցքային կազմակերպություններից մեկի անդամը: Ինչքան էլ որ ասեն, որ նոր պապը կյանքում զուսպ, համեստ, թույլերին պաշտպանող մարդ է, այնուամենայնիվ առնչությունը ճիզվիտներին չի կարող ազդեցություն չունենալ նրա գործունեության վրա: Ճիզվիտները խիստ կարեւոր դերակատարում ունեն նոր գլոբալ աշխարհակարգի պայմաններում կրոնական վերնախավի գիտակցության ձեւավորման մեջ, ըստ էության համարվելով կաթոլիկության, այսպես ասած, ուղեղային շտաբը, յուրօրինակ մտավորականությունն ու նրա գաղտնի իշխանությունը: Միաբանության առաքելությունը եղել է ոչ միայն վերահսկել Սուրբ Պետրոսի աթոռն ու պապի որոշումները, այլեւ թափանցել մյուս կրոնական կազմակերպությունների եւ, ամենաարտասովորը, աշխարհի տարբեր երկրների կառավարական կառույցների մեջ: Իրենց գործունեության մեջ ճիզվիտները մշակել են մշակութային հարմարվողականության եզակի ու ճկուն մեթոդ, որը նրանց լայն հնարավորություն է տալիս հանգամանքներից կախված կամայականորեն մեկնաբանել կրոնաբարոյական պահանջները, գործել ազատ, չխուսափելով նույնիսկ աշխարհիկ կյանքից, ինչը միաբանության անդամներին դարձրել է ամենահաս միսիոներներՙ Քրիստոսի, Վատիկանի, Հռոմի պապի զինվորներ աշխարհի ամենատարբեր անկյուններում (հայոց հանրագիտարանը նույնիսկ շատ անողոք է իր ձեւակերպման մեջ. «Միաբանությունը գործադրում է ամենաստոր մեթոդները, առաջնորդվելով «Նպատակն արդարացնում է միջոցները» նշանաբանով): Նորագույն ժամանակներում, սակայն, նրանց գլխավոր խնդիրն է վերափոխել կաթոլիկական ուսմունքն ու գործելակերպը: Եթե նախկինում համաշխարհային կառավառող վերնախավերի տարբեր մակարդակների ներկայացուցիչների հետ փոխհարաբերություններն ապահովող կարեւորագույն կաթոլիկական կազմակերպությունը գործում էր մնալով ստվերում, ապա այժմ նա կանցնի Վատիկանի անմիջական կառավարմանը. ի վերջո առաջին դեմքն ինքը ճիզվիտ է: Եվ եթե նկատի ունենանք, որ կաթոլիկ կրոնը հսկայական խնդիրներ ունի իր իսկ մեղքովՙ հեղինակության անկումով, հավատքից հրաժարված միլիոնավոր մարդկանց եկեղեցի վերադարձնելու գործում, ապա ուրեմն Վատիկանը իրոք կանգնած է մեծ փոփոխությունների առջեւ: Եվ ճիզվիտները այստեղ կփորձեն կաթոլիկական կրոնը դարձնել եթե ոչ միասնական-քրիստոնեական, ապա գոնե գերիշխողը այդ աշխարհում, իսկ Վատիկանըՙ մոլորակը կառավարող կենտրոններից մեկը: Հավակնո՞տ ծրագիր է: Երեւի:

Ի դեպ, ճիզվիտների գործունեության մեջ առանձնացվում է նաեւ կրթական-դաստիարակչական ուղղությունը: Հենց միայն նրանց աշխարհասփյուռ համալսարանների թիվն անցնում է հինգ տասնյակից, չհաշված բազում դպրոցներն ու այլ ուսումնական հաստատությունները: Ռուսական թերթերից մեկը հատուկ ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ ճիզվիտական համալսարանական կրթություն են ստացել ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության ու պաշտպանության նախարարության շատ ղեկավարներՙ Քեյսի, Թենետ, Գեյթս, Փանետա, Բրենան եւ այլք:

Եվ վերջապես եւս մի իրադարձություն, որը կարող է երկրորդական թվալ, բայց միայն առաջին հայացքից: Նոր պապին առաջիններից մեկը «ջերմորեն» շնորհավորել էր... Համաշխարհային հրեական կոնգրեսը: Էլի կպաք հրեաներինՙ կասեն ոմանք: Ինչ արած, իր աշխարհանվաճ մաքառումներում այս ցեղը շարունակում է մնալ առաջատարների շարքում: Սիրաշահելով Ֆրանցիսկին, որ նա մինչ այդ միշտ մասնակցել է կոնգրեսի կազմակերպած զանազան միջոցառումներին, հրեական կազմակերպությունը հույս է հայտնել, որ նորընտիր հովվապետը միջոցներ կձեռնարկի, ոչ ավել, ոչ պակաս, կաթոլիկ եկեղեցու այն հոգեւորականների նկատմամբ, որոնք մերժում են Հոլոքոսթը, եւ որ նա ամեն ինչ կանի ամրապնդելու Վատիկանի եւ Իսրայելի կապերը:

Եթե կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագով էր, ապա ով կարող է ասել, որ այդպիսին կլինի սրբազան քահանայապետ Ֆրանցիսկ պապը: Չափից դուրս տարբեր են շահագրգռությունները: Բոլոր դեպքերում պետք է ակտիվորեն աշխատել նոր պապի հետ: Հրեաների պես:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ