RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ

WWW.AZGONLINE.AM
#044, 2013-03-23 > #045, 2013-03-26 > #046, 2013-03-27 > #047, 2013-03-28 > #048, 2013-03-29

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013



Մշակույթ

Տեղադրվել է` 2013-03-27 00:12:58 (GMT +04:00)


Ընթերցված է` 2173, Տպվել է` 126, Ուղարկվել է էլ.փոստով` 88

ԲՈՒԽԱՐԵՍՏԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԹԱՆԳԱՐԱՆԸ ԲԱՑՈՒՄ Է ԻՐ ԴՌՆԵՐԸ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՂՆԵՐԻ ԱՌՋԵՎ

ՆԵԼԼԻ ՍՄԲԱՏՅԱՆ
ՄԱՐԻԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Ռումինիայի հայկական համայնքը հարյուրավոր տարիների հարուստ պատմություն ունի: Դարեր շարունակ հայերն այստեղ ապրել եւ ծավալել են մշակութային խոշոր գործունեություն: Դրա մասին վկայում են ինչպես գրավոր աղբյուրները, այնպես էլ Ռումինիայի ամբողջ տարածքով մեկ սփռված հայկական եկեղեցիներն ու վանքերը:

Հեռանալով պատմական հայրենիքից` հայերն իրենց հետ Ռումինիա են բերել հայ արվեստի բազմաթիվ նմուշներ` նկարազարդ ձեռագրեր, արծաթե իրեր, սրբապատկերներ, գորգեր, եկեղեցական հանդերձանքի նմուշներ: Հաստատվելով օտար հողի վրա` տեղում հիմնել են արվեստանոցներՙ պահպանելով դարերից եկող ավանդույթները, ինչպես նաեւ փոխառել նոր միջավայրի մշակութային առանձնահատկությունները:

Հայ արվեստի գանձերն այնքան շատ են եղել Ռումինիայում, որ 1930 թվականին նշանավոր հայագետ Հակոբ Սիրունին Բուխարեստում կազմակերպել է Հայ արվեստին նվիրված մեծ ցուցահանդես, որին ներկա է եղել անգամ Ռումինիայի թագավորը: Այս հարցում Սիրունուն մեծ օգնություն է ցուցաբերել ռումինացի խոշոր գիտնական Նիկոլայ Յորգան, որը նաեւ զբաղվել է Ռումինիայի հայկական համայնքի պատմության ուսումնասիրությամբ:

20-րդ դարում քաղաքական ցնցումների պատճառով մեծ թվով հայեր հեռացան երկրից: Այժմ Ռումինիան ունի փոքրաթիվ հայկական համայնք, որը մեծ մասամբ հայախոս չէ:

Նման իրավիճակում չափազանց կարեւոր է ուսումասիրել ու փրկել այն, ինչ դարեր շարունակ ստեղծել են հայերն այդ հողի վրա:

Այս ամենը քաջ գիտակցելով` Տաթեւ եպս. Հակոբյանը, ստանձնելով Ռումինահայոց թեմի առաջնորդությունը, նվիրվել է այս տարածաշրջանում հայկական դարավոր ժառանգության պահպանման ազգանվեր գործին: Իր հոգածության տակ առնելով Ռումինիայի զանազան հայկական եկեղեցիներում պահվող եկեղեցական եւ աշխարհիկ արվեստի գործերի ողջ հավաքածուն` նա ձեռնամուխ է եղել դրանց ուսումնասիրության եւ պահպանման գործի կազմակերպմանը: Նմուշների մի մասը այս նպատակով Բուխարեստի հայկական եկեղեցու թանգարան է բերվել:

Այժմ թանգարանում պահվում են մեծ թվով արծաթե իրեր, եկեղեցական հագուստներ, գորգեր, ձեռագրեր, գեղանկարչական աշխատանքներ, փայտարվեստի նմուշներ, որոնք մասնագիտական լուրջ հետազոտության կարիք ունեն:

Այդ պատճառով Տաթեւ եպս. Հակոբյանը եւ ԵՊՀ Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի վարիչ, արվեստագիտության դոկտոր Լեւոն Չուգասզյանը համաձայնության են եկել կազմակերպելու Ռումինիայի հայկական եկեղեցու գանձերի ուսումնասիրությունը: Այս հայրենանվեր գործին սիրով եւ մեծ պատրաստակամությամբ օժանդակեցին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար պարոն Արսեն Քարամյանըՙ հոգալով Ռումինիա մեկնող առաջին մասնագետների ճանապարհածախսը:

Համագործակցության սկիզբը դրվեց 2012 թվականի աշնանը. Երեւանի պետական համալսարանի Հայ արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի երիտասարդ դասախոսներ Նելլի Սմբատյանը եւ Մարիամ Վարդանյանը մեկնեցին Բուխարեստ` տեղի հայկական Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու Տուտյան թանգարանում աշխատելու համար: Նելլի Սմբատյանը զբաղվում է հայկական եկեղեցական հագուստի, իսկ Մարիամ Վարդանյանըՙ հայկական արծաթագործության ուսումնասիրությամբ:

Աշխատանքներն ավարտելուց հետո նախատեսվում է հրատարակել կատալոգ, որտեղ կներկայացվեն Բուխարեստում պահվող գանձերը:

Հուսով ենք, որ այս այցելությունները կշարունակվեն, եւ պարբերաբար Բուխարեստ կմեկնեն տարբեր ոլորտների մասնագետներՙ ուսումնասիրելու հայկական գեղարվեստական հսկայական ժառանգությունը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #46, 27-03-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ