ՀԱՅ ՍԱՄԲԻՍՏՆԵՐԻ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐԸ Մոսկվայում անցկացված Ա. Խառլամպիեւի հուշամրցաշարում, որը նաեւ սամբոյի աշխարհի գավաթի փուլերից մեկն է, հաջող հանդես եկավ 74 կգ քաշային Մավրիկ Նասիբյանը: Հայ սամբիստը հաղթելով բոլոր մրցակիցներին, մարտական սամբոյի մրցաշարում մտավ եզրափակիչ: Վճռորոշ գոտեմարտում Նասիբյանը պարտվեց ռուսաստանցի Զաուր Ազիզովին ու դարձավ արծաթե մեդալակիր: Տարբեր հավաքականների կազմերում 4 հայ սամբիստներ մեդալներ նվաճեցին: Սպորտային սամբոյի մրցաշարում Բելառուսը ներկայացնող Վահե Թութխալյանը (68 կգ) դարձավ արծաթե մեդալակիր: Իսկ ռուսաստանցի Էդուարդ Կուրղինյանը (100 կգ) բրոնզե մեդալ նվաճեց մինչեւ 100 կգ քաշայինների պայքարում: Մարտական սամբոյի մրցաշարում էլ հիանալի հանդես եկավ ռուսաստանցի Արամ Խամայանըՙ ճանաչվելով ուժեղագույնը: Արսեն Խանջյանն էլ հաղթող դարձավ մինչեւ 90 կգ քաշայինների սպորտային սամբոյի մրցաշարում: Կանանց մրցապայքարում մինչեւ 48 կգ քաշային կարգում ոսկե մեդալ նվաճեց Ռուսաստանը ներկայացրած Շողիկ Ծատուրյանը, իսկ նրա հայրենակցուհի Գայանե Հարությունյանը 2-րդն էր: Մինչեւ 56 կգ քաշայինների մրցավեճում էլ սպորտային սամբոյի մրցաշարում ուժեղագույնը ռուսաստանցի Սուսաննա Միրզոյանն էր: Իսկ մինչեւ 72 կգ քաշային կարգում ռուսաստանցի Գալինա Համբարձումյանն արժանացավ բրոնզե մեդալի: Մրցումների ժամանակ տեղի ունեցավ 2012-ի աշխարհի գավաթի խաղարկության արդյունքների ամփոփումն ու մրցանակակիրների պարգեւատրումը: Սամբոյի եւ ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի Արցախի մասնաճյուղի սան Աշոտ Դանիելյանը գրավեց 2-րդ տեղն ու արժանացավ արծաթե մեդալի, դիպլոմի ու դրամական պարգեւի: Նա հաղթողին զիջեց ընդամենը մեկ միավոր: Ընդ որում հայ սամբիստը աշխարհի գավաթի փուլերից 2-ին չէր մասնակցել: |