ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐԵՑ ՊԱՏԱՆԻ ՇԱԽՄԱՏԻՍՏՆԵՐԻՆ Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ շնորհավորել ու պարգեւներ է հանձնել Հայաստանի շախմատի դպրոցականների 7-րդ օլիմպիադայի երեւանյան փուլի մրցանակակիրներին: Քաղաքապետը ոսկե մեդալներն ու գավաթը հանձնել է մրցաշարի հաղթող Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցի թիմին: Մանուել Քաջունու անվան թիվ 54 եւ 2-րդ ավագ դպրոցների թիմերին, որոնք զբաղեցրել են մրցանակային 2-րդ եւ 3-րդ տեղերը, պարգեւները հանձնել են շախմատի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ու ՀԲԸՄ Երեւանի գրասենյակի տնօրեն Արփի Վարդանյանը: Թիմերի մարզիչներն արժանացել են պատվոգրերի: Դրանցով պարգեւատրվել են նաեւ մասնակից մյուս թիմերը: Երեւանյան փուլի եզրափակիչ երկօրյա մրցումներն ավանդույթի համաձայն անցկացվեցին քաղաքապետարանի ճեմասրահում: Մասնակից 12 թիմերից յուրաքանչյուրի կազմում հանդես եկան 1 աղջիկ եւ 3 տղա: Առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերն իրավունք ստացան մասնակցելու օլիմպիադայի հանրապետական փուլին: |